Լրահոս
Օրվա լրահոսը

«TV ալիք»-ի եւ «Շավիղ+»-ի ազատ ստեղծագործողների մրցույթը նոր անուններ բացահայտեց

Դեկտեմբեր 14,2015 16:12

«TV ալիք» շաբաթաթերթի և «Շավիղ+» երիտասարդական խմբագրության կողմից հայտարարված «Ազատ ստեղծագործողների մրցույթն» ամփոփվեց։ Ի սկզբանե  ժանրային եւ թեմատիկ սահմանափակումներ չեն դրվել. մրցույթի նպատակն էր գրական դաշտ բերել 16-25 տարեկան այն երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր սիրում են գրականությունը եւ արժեւորում գրական խոսքը մեր օրերում։ Շավիղցիների ավագ սերնդից բաղկացած ժյուրին (Անի Մաղաքյան, Կարինե Պետրոսյան, Գոռ Արզումանյան, Սիրան Գրիգորյան, Սևակ Գևորգյան, Սոնա Ադամյան, Արաքս Մամուլյան, Զոհրաբ Հարոյան, Սյուզի Գրիգորյան, Անի Արշակյան) 2 շաբաթվա ընթացքում Ազատ ստեղծագործողների մրցույթի ֆեյսբուքյան էջին ստացավ 70 գրական գործ։

Shavigh-2 Shavigh Shavigh-1Առաջնորդվելով անաչառության սկզբունքով` ժյուրին գնահատեց կոդավորված նյութերը՝ մինչեւ մրցանակաբաշխության օրը չիմանալով հաղթող գործերի հեղինակների անունները։ Երկար քննարկումների ու ընթերցումների արդյունքում ի վերջո ընտրվեց 10 գրական գործ, որոնցից՝ 4 մրցանակակիր՝ 1-ին մրցանակ – 30 000 դրամ, («Կարմիրի Կարոտով»-Անի Ամսեյան), 2-րդ մրցանակ – 25 000 դրամ, («Սիր»- Լուսինե Աթաբեկյան), 3-րդ մրցանակ – 10 000-ական դրամ, («Թեյը»-Միլենա Խաչիկյան  եւ «Մանուշակագույն չորեքշաբթի»-Սամվել Կիրակոսյան, ով, ի դեպ, զինվորական ծառայության մեջ է)։

Ինչպես նաեւ 6 խրախուսական մրցանակ. Լյուսի Կարապետյան- «Կտուրից այն կողմ», Անի Խաչատրյան-«Նամսեկի` ապագայի ավետյաց երկիրը», Վարուժան Խոդաբաշխյան-«Խորանարդ», Ամալիկ Սողոմոնյան-«էտյուդ», Նարինե Վարդանյան-«Վերջին հեքիաթ», Նազիկ Գասպարյան-«Գիլասը հասել է»։

Թե մրցանակային եւ թե մրցույթին ներկայացված ուշագրավ գործերն առաջիկայում, որպես խրախուսանք, կտպագրվեն «TV ալիք» շաբաթաթերթի «Շավիղ+» գրական էջում: Ինչպես մրցանակաբաշխության օրը հայտարարեցին Ազատ ստեղծագործողների ժյուրիի անդամները` մրցույթը լինելու է շարունակական՝ գարնանը եւս կլինի մեկ գրական մրցույթ։

Sona AdamyanԺյուրիի անդամներից Անի Մաղաքյանը նկատեց, որ գրական մրցույթներն այսօր շատ են և մրցանակաբաշխություններն էլ հատկապես տարեվերջին ակտիվ հաջորդում են մեկը մյուսին, այդուհանդերձ. «Մենք խնդիր չենք ունեցել համեմատվելու, տարբերություններ կամ առավելություններ գտնելու։ Ի վերջո, բոլոր գրական մրցույթները մի նպատակ ունեն` ևս մեկ անգամ խոսել գրականության մասին, մենք փորձեցինք ճանաչել հատկապես երիտասարդ ստեղծագործողների եւ մրցույթը ցույց տվեց, որ այսօր երիտասարդ գրողների լավ պոտենցիալ կա»։

Siran Hunanyan-1 Siran HunanyanՍիրան Գրիգորյանը մեծ պատիվ համարեց իր՝ ժյուրիի կազմում ընդգրկվելը, նշելով, որ   առանձնահատուկ սիրով էր սպասում ամեն նոր ստեղծագործության․ «Մենք չգիտեինք ովքեր են հեղինակները, բայց ավելի քան վստահ էի, որ նրանք բոլորն էլ լուսավոր մարդիկ են: Մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացա հաղթողների հետ և վերահաստատեցի իմ կարծիքը գրող մարդու մասին՝գրի ու գրչի մարդիկ չեն կարող լավը չլինել: Համոզված եմ, որ այս մրցույթն արդեն նոր անուններ է բացահայտել և ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել ժամանակակից հայ գրականության վրա»:

Zohrab HaroyanԶոհրաբ Հարոյանի գնահատմամբ մրցույթը հնարավորություն էր շոշափել հասարակական պուլսը,  հասկանալ ինչ պատմություններ են ուզում պատմել երիտասարդները, ինչն է հուզում նրանց ու նաև ինչպես են պատմում. «Մրցույթի մասնակիցները, մեծ հաշվով, 3 բանի մասին էին ցանկացել պատմել՝ արտագնա աշխատանքի, Ղարաբաղի պատերազմի եւ մանկության։ Ուզում եմ շեշտել մի գործ, որը խրախուսական մրցանակ ստացավ, կոչվում էր «Խորանարդ»։ Հետաքրքիր, ժամանակակից ամերիկյան փիլիսոփայություն կրող սյուժե էր, բայց անփույթ գրված։ Ինձ ամենից շատ հուզեց երկրորդ տեղը զբաղեցրած «Սիր» պատմվածքը։ Մի աղջկա մասին, որը մտավոր խնդիրներ ուներ ու այդ խնդիրներն ավելի շատ իր ծնողներինն էր, քան իրենը։ Մնացած դեպքերում հիմնականում ձգտել էին հուզական սյուժե գտնել ու շարադրել, բայց սյուժեն դեռևս պատմվածք չէ, այն ծնվում է ամեն օր, սյուժեն կյանքն է, իսկ թե ինչպես ես պատմում այդ կյանքը՝ դա է պատմվածքը»։

2-րդ տեղի մրցանակակիր 18- ամյա Լուսինե Աթաբեկյանը նույնպես «Շավիղ+»-ից  է։ Նա նկատում է, որ մեր հասարակությանը՝ հատկապես երիտասարդությանը, շատ են պակասում գրող մարդիկ՝ գեղարվեստի հետ շփվող տեսակը. «Մեզ համար էլ մեծ դպրոց էր, Հեմինգուեյն ասում էր՝ ցանկացած բան գրելուց հետո ապրումները գրողի մոտ փոխվում են։ Մենք գրեցինք, դուրս եկանք մեզնից, տեսանք՝ ինչպես են գնահատում մարդիկ ու սխալ է ասել, որ քննադատությունը գրողի մոտ ոչինչ չի փոխում, որովհետեւ մեկը ես այստեղ շատ բան եմ սովորել»։

1-ին տեղի մրցանակակիր 19-ամյա Անի Ամսեյանը, ով սովորում է ԵԹԿՊԻ-ում, ավելի շատ ինքն իրեն հասկանալու համար է գրում, որը պոռթկում է որակում․ «Մասնակցեցի մրցույթին, որովհետեւ ուզում էի ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր սիրում են գրականությունը, ուրախ եմ, որ գնահատվել է եւ ասելիքս ինչ-որ մեկի հոգուն կպել է, բայց ամենաշատն ուրախ եմ, որ տեսնում եմ իմ հասակակիցների մեջ այսքան երիտասարդներ, ովքեր սիրում են գրականությունը եւ փորձեր են անում գրականության մեջ լինելու»։

Ազատ ստեղծագործողների մրցույթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031