Եվրոպական միությունն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ողջունել է նոյեմբերի 18-ին ընդունված «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում» փաստաթղթի ընդունումը, որը միտված է փոփոխություններին եւ հարեւանության շրջանում ծագող մարտահրավերներին արագ արձագանքելուն:
ԵՄ-ն նշել է, որ ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճող հարեւանները ռազմավարական առաջնահերթություն եւ հիմնարար հետաքրքրություն են Եվրոպական միության համար: «Ընդգծելով ԵՄ հարեւանների հետ հատուկ հարաբերությունների կարեւորությունը, քաղաքական, տնտեսական եւ անվտանգության հարցերով հարեւանների վիճակի կայունացումը հաջորդ տարիներին կլինի ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը: Սա անելու համար ԵՄ-ն հետամուտ կլինի իր շահերին, եւ կխթանի համամարդկային արժեքները»:
Ի թիվս այլ հարցերի՝ Եվրոպական միությունը նաեւ անդրադարձել է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին ու դրա իրականացմանը:
Հավելենք, որ «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայում փաստաթղթում» Հայաստանի մասին որեւէ հիշատակում չկա: Փաստաթղթից նաեւ դուրս են մնացել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամներ Ադրբեջանն ու Բելառուսը:
Կարդացեք նաև
«Արեւելյան գործընկերություն» ծրագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրած անդամներ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասին փաստաթղթում կան մի շարք հիշատակումներ: Հիմնականում նշված են նրանց հետ ստորագրված այլ համաձայնագրերի մասին:
Անդրադարձ կա նաեւ Ուկրաինայի հակամարտությանը. «Արեւելքում, Ռուսաստանի Դաշնության գնալով կոշտացող արտաքին քաղաքականության արդյունքում, խախտվել են Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Ձգձգվող հակամարտությունները շարունակում են խոչընդոտել տարածաշրջանի զարգացմանը»,- գրված է փաստաթղթում:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ