Դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գծին» և մոնիտորինգի խմբի կողմից գրանցվել է 268 ահազանգ (16-ը՝ թեժ գծով, իսկ 252-ը համացանցից):
Լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով արդյունքներին՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց. «Ընտրախախտումների վերաբերյալ` ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: Մասնավորապես քարոզչության ընթացքում 25, քվեարկության օրը և դրանից հետո՝427»:
Ըստ տարածքների՝ պատկերը հետևյալն է. «Երևանում 292, մարզերում՝ 160: Շիրակի մարզում՝ 56, Լոռու մարզում՝ 36, Արմավիրի մարզում՝ 7, Արարատի մարզում՝ 9, Գեղարքունիքի մարզում՝ 5, Տավուշի մարզում՝ 1, Վայոց Ձորի մարզում՝ 4, Սյունիքի մարզում՝ 13, Կոտայքի մարզում՝ 22, Արագածոտնի մարզում՝ 7: ԶԼՄ-ներից ստացվել է 314 ահազանգ, ՀԿ-ներից, «ՈՉ»-ի անդամներից՝ 21, դիտորդներից 8, հանձնաժողովի անդամներից՝ 5, քաղաքացիներից՝ 62, կուսակցություններից՝ 23, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից 19»:
Պարոն Քոչարյանի փոխանցմամբ՝ ըստ ընտրախախտումների տեսակների` հանցագործության մասին հաղորդումների պատկերը հետևյալն է. «ԶԼՄ ներկայացուցչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտել՝ 98, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ 160, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը՝ 43, նյութապես շահագրգռելը՝ 17 (ընտրակաշառք), քվեաթերթիկի դուրս հանում՝ 7, կնիքի պահպանման սահմանված կարգի խախտում, փաստաթղթի կորուստ՝ 6, խուլիգանական արարք, սպառնալիք, բռնություն, ծեծ՝ 16, ընտրացուցակների անճշտություն՝ 15, հանձնաժողովի անդամի կողմից ընտրախախտում կատարելը՝ 25, այլ ընտրախախտումներ՝ 65»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այդ ահազանգերից 97-ի դեպքում նախապատրաստվում են նյութեր, 153-ով՝ քրեական գործի հարուցումը մերժված նյութեր, հանցագործության դեպքի բացակայությամբ՝137, արարքում հանցակազմի բացակայությամբ՝ 16, եզրակացությամբ անհետևանք թողնված նյութեր՝ 29, ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ 166, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 7, հարուցված քրեական գործերի թիվը 17-ն է, որոնցից 9-ը ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով, 11-ը ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
Հարուցված քրեական գործերից 10-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), 7-ը` 149-րդ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) հոդվածներով:
Նշենք նաև , որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 տեղեկություն, որոնցից 31-ի վերաբերյալ տարբեր աղբյուրներից արդեն իսկ ստացված տեղեկություններով կատարվել ու կատարվում են քննություններ, մնացած 47-ը ուսումնասիրվում են և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց ընթացք կտրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ