«2 րոպե 40 վայրկյան կա, կխոսի, բայց բացառապես կոռեկտության սահմաններում եւ առանց վիրավորանքների: Եթե այլ թեմայով խոսի`կանջատեմ եւ իմ կարծիքը կհայտնեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կիսատ մնացած ելույթին:
Հիշեցնենք, կառավարության ներկայացրած «դյութի-ֆրիների» հարցի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը ելույթի իրավունք էր վերցրել եւ այլ թեմայով էր խոսում: Նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովն անջատեց Փոստանջյանի խոսափողը: Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:
Էդուարդ Շարմազանովը չի համարում, որ սխալ է վարվել. «Ոչ, ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել: Քանի որ մենք նորմալ- բնականոն աշխատանք պիտի իրականացնենք, ես չեմ կարող ասել, որ այդ պատգամավորը ի վիճակի չէ, ցանկանում է խափանել մեր աշխատանքը, ես հնարավորություն կտամ իրեն ուղղվելու եւ կոռեկտ իրականացնելու իր գործունեությունը»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հիշո՞ւմ է Շարմազանովը, որ երբեւէ հարաբերություններն այսքան լարված լինեին: «Սա հարաբերությունների հարց չէ, քաղաքական զադանյայի խնդիր է»,- ասաց նա`հավելելով, որ սա իր եւ Փոստանջյանի հարցը չէ, ԱԺ կանոնակարգի խնդիր է:
Կարդացեք նաև
Շարմազանովն ասաց, որ ԱԺ կանոնակարգ- օրենքի 45 կետն իրեն թույլ է տվել այդ քայլին գնալ: «Ես չեմ կարծում, որ ճիշտ կլիներ անվտանգություն հրավիրեի եւ Զարուհի Փոստանջյանին Շուրիկի նման, ձեռքերը բռնեին եւ տանեին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ Զարուհի Փոստանջյանը չցանկացավ լրագրողների հետ խոսել այդ թեմայով: Ասաց`զբաղված է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ