Լրահոս
Օրվա լրահոսը

1992 թվականին անհետ կորած կոթեցուց մի լուսանկար է մնացել

Դեկտեմբեր 14,2015 14:53

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ,1953թ. ծնված Հովսեփ Շահումյանը 1992թ. հունիսի 13-ի երեկոյան անհետ կորել է: Հովսեփի եղբայրը՝ Սերոբ Շահումյանն ասաց, որ այդ ժամանակ, երեք օր շարունակ, ադրբեջանական զինուժը ռմբակոծում էր Կոթին: Հաշմանդամ Հովսեփը սահմանին մոտ անտառ փայտ հավաքելու է գնացել, որտեղից ադրբեջանցիները նրան առեւանգել են:

Սերոբ Շահումյան

Սերոբ Շահումյան

Ս. Շահումյանը հայտնեց, որ եղբոր անհետանալուց հետո ինքը դիմել է ՆԳ բաժին, դատախազություն, Ազգային անվտանգություն, որպեսզի եղբորից տեղեկություններ ստանա: Սակայն Բերդավան գյուղի եւ Ղազախի շրջանի սահմանագծում ադրբեջանցիների հետ հանդիպումներն անարդյունք են եղել, Հովսեփի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն ստացվել: Սերոբը ցույց տվեց եղբորից մնացած միակ լուսանկարը, ուր Հովսեփը 7-րդ դասարանի աշակերտ է:

Ս. Շահումյանն ասաց՝ ինքը գիտի, որ Հովսեփն այլեւս կենդանի չէ, սակայն հույս ունի, որ երբեւէ նրա մարմինը կվերադարձվի եւ կամփոփվի հայրենի հողում: Սերոբը եղբոր ճակատագիրը պարզելու համար արդեն 8 տարի համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որի ներկայացուցիչները հերթական անգամ Կոթի էին այցելել:

Զառա Ամատունի

Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ ԿՄԽԿ-ն 1992 թվականից Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու համար համագործակցում է իշխանությունների հետ:

Անցյալ տարի մեկնարկել է անհայտ կորածների հարազատներից կենսաբանական նմուշների վերցման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտությունը:

ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած են 4500 մարդ, որից ավելի քան 400-ը՝ Հայաստանում գրանցված անհայտ կորածներ :

Զ. Ամատունին հայտնեց, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է իշխանություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերել անհայտ կորածների վերաբերյալ օրենսդրությունը բարելավելու համար:

ԿՄԽԿ-ն Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքներին, դրամաշնորհների եւ անտոկոս վարկերի միջոցով աջակցում կարիքավոր ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, դասընթացների կամ գործիքների տրամադրման միջոցով նպաստում նրանց համար աշխատատեղ ստեղծելուն, սեփական եկամուտ ապահովելուն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031