Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Փոստանջյանը խաթարեց ԱԺ նիստը եւ հունից հանեց Շարմազանովին. «Էս ո՞վ ա, արա՛» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 14,2015 14:35

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկած նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում խոսեց ԵՏՄ անդամակցության խնդիրների մասին, թե ինչքան բացասական ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա:

Նրա խոսքերով՝ «Մենք չենք կարողանում դուրս գալ այս ճգնաժամային վիճակից: Քաղաքական մոդելը մեր հանրապետությունում պետք է ամբողջովին փոխվի եւ փոփոխության կրողը հենց քաղաքացիները պետք է լինեն, որովհետեւ այս կառավարությունից այլ բան, քան հարձակումը ձեր վրա, ձեր տնտեսական, սոցիալական վիճակների վատթարացումը, որեւէ կերպով չունենք այլ սպասելիք: Այսօր արդեն էլեկտրաէներգիան վճարում ենք թանկացած գներով, այսօր ձեր գրպանից հսկայական գումար է դուրս գալիս միայն նրա համար, որ վճարեք կոմունալ վարձերը: Իսկ 2016-ը լինելու է ավելի չքավոր տարի: Այս կառավարությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարտավոր է հեռանալ: Միակ ելքը այսօր, այս իրավիճակում, իրենց հեռացումն է: Դրա համար մենք պետք է ունենանք հստակ քայլեր, համախմբված, միասնաբար իրականացված: Պետք է ցույց տանք իրենց անհնազանդություն, որը պետք է տեղի ունենա մասնավորապես հարկերի ու չվճարման միջոցով: Պետք է չմուծենք այն հարկերը, որոնք փաթաթված են մեր վզին եւ արդար չեն: Օրինակ, եթե ձեզ տուգանում են 3000-ից 300 հազար դրամ տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով, եթե դուք սխալվել եք ու ձեզ տուգանում են մինչեւ 300 հազար դրամ, բայց ձեր աշխատավարձը 50 հազար դրամ է, սա անարդար է: Պետք է առնվազն այդ 5000 դրամները լիներ 500 դրամ: Այդ գումարները գնում են ռեժիմի գրպանը, ով ձեր վրա դեկտեմբերի 6-ին գործեց հարձակում: Որպեսզի այդ ռեժիմը չկարողանա գործել, պետք է նրան զրկեք ֆինանսավորման աղբյուրներից: Ֆինանսավորումը հենց մենք ենք»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատողություն արեց՝ հորդորելով ըստ կանոնակարգի խոսել, Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Կխնդրեմ չընդհատեք, դուք Գալուստ Սահակյանը չեք»:

Շարմազանովը բարկացավ. «Ես Գալուստ Սահակյանը չեմ, Էդուարդ Շարմազանովն եմ, անջատե՛ք խոսափողը: Ես ունեմ իրավունք, առաջնորդվում եմ ԱԺ կանոնակարգի 45-րդ հոդվածով, ունեմ իրավունք անջատելու: Ձեզ հետ բանավեճի մտնելու ցանկություն չունեմ, տիկի՛ն: Չի կարելի չէ՞, խեղկատակությո՞ւն է, ինչ է, իրար պետք է հարգե՞նք, թե՞չէ: 7 րոպե խոսեցիք: Իմ հետ հավասար մի՛ խոսեք, եթե դուք ձեր տունը սովոր եք…Խոսքի ազատությունը եւ ամենաթողությունը տարբեր բաներ են: Գնացեք ձեր կուսակցությունում մի հատ իրավաբան գտեք, որը ԱԺ կանոնակարգը ձեզ կսովորացնի: Գնացեք խելոք նստեք ձեր տեղը»:

Զարուհի Փոստանջյանը ամբիոնի մոտից չէր հեռանում: Շարմազանովը հորդորեց. «Դադարեցրե՛ք նրա րոպեները: Սա Ազգային ժողով է, թե՞ բան, արա՛: Հասկացանք, մեկ անգամ չենք խոսում, երկու անգամ չենք խոսում: 8 րոպե խոսեցիր: Ամեն ինչ խոսեցիք, բացի օրենքից: Չի կարելի, չէ՞»:

Հաջորդ ելույթը Արծվիկ Մինասյանինն էր, բայց քանի որ Զարուհի Փոստանջյանը ամբիոնի մոտից չէր հեռանում, նա չմոտեցավ:

Շարմազանովն ասաց. «Տիկի՛ն Փոստանջյան, սա մանկապարտեզ չի, ո՞նց ասեմ էլ ձեզ, հորդորեմ, խնդրեմ: Սա Ազգային ժողով է, մարդիկ ուղիղ եթերով մեզ նայում են, կապրիզները գնացեք ձեր շրջապատում արեք: Օգտվեք էն իրավունքից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ եւ գրկել ձեզ, հրավիրել դուրս, ի՞նչ անեմ…Ձեզ հրավիրում եմ դուրս: Մի հատ ջենտլմեն չկա՞, հրավիրեն դուրս»:

Հետո Շարմազանովը կարդաց, թե կարգազանց պատգամավորների հետ ինչպես իրավունք ունեն վարվել՝ զրկել խոսափողից օգտվելու հնարավորությունից մեկ օրով, հեռացնել նիստերի դահլիճից, զրկել մինչեւ 6 օր ԱԺ նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Եթե նիստը վերսկսելուց հետո անկարգությունները շարունակվում են, ապա նիստը վարողը այն համարվում է փակված:

Ի վերջո Շարմազանովի նյարդերը տեղի տվեցին. «Էս ո՞վ ա, արա»,- ասաց նա եւ հայտարարեց ընդմիջում 30 րոպե:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031