Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ` հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ

Դեկտեմբեր 14,2015 14:33

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 ահազանգ, որոնց քննարկման արդյունքում հարուցվել է 12 քրեական գործ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ:

Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

Ենթադրյալ խախտումների պատկերն ըստ տարածքների հետևյալն է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ 28

Ավան և Նոր Նորք 25

Մալաթիա-Սեբաստիա 22

Արաբկիր 15

Աջափնյակ և Դավթաշեն 11

Քանաքեռ-Զեյթուն 10

Շենգավիթ 8

Էրեբունի և Նուբարաշեն 5

 

Շիրակ 20

Կոտայք 20

Լոռի 16

Արագածոտն 7

Արարատ 4

Սյունիք 3

Վայոց ձոր 3

Գեղարքունիք 3

Արմավիր 1

Տավուշ 0

 

 

ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1%) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:

 

2015թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է գտնվում 49 նյութ:

 

12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:

 

Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն:

Հարուցված քրեական գործերի թվային պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է.

Երևան քաղաք՝

Կենտրոն և Նորք-Մարաշ – 5 քրեական գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12- ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Ավան և Նոր Նորք – 1 քրեական գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված),

Մալաթիա-Սեբաստիա – 1 քրեական գործ (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված),

 

Շենգավիթ – 1 քրեական գործ (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված),

 

Մարզեր

Կոտայք – 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս – ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

 

Լոռի – 2 քրեական գործ (թիվ 30/21, թիվ 29/25 ընտրատեղամաս – ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված),

 

Վայոց ձոր- 1 քրեական գործ (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված/:

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսիք են.

 

ա) մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

 

բ) ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):

 

Կան նաև ահազանգեր, հրապարակումներ

 

•             հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու,

•             ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու,

•             լցոնումներ կատարելու,

•             ընտրողներին ուղղորդելու,

•             ընտրատեղամասերի մոտ անձանց և մեքենաների կուտակումների,

•             ավտոմեքենաներով քվեարկողներին տեղամասեր տեղափոխելու մասին:

 

Կատարված վերլուծությունները վկայում են նաև, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան՝ ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են:

 

Սակայն ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են հիմք հանդիսանալ՝ քրեական գործ հարուցելու համար:

 

Օրինակ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս քվեարկել են հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումը ընտրատեղամասում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել:

 

Հաղորդումների, հրապարակումների, ահազանգերի մի որոշ մասում, որպես դիտորդների լիազորությունների խոչընդոտում, ներկայացվել է ընտրողների ստորագրված ցուցակներին հետևելուն, դրանցում եղած տեղեկատվությանը ծանոթանալուն, լուսանկարելուն, տեսանկարահանումներին արգելք հանդիսանալը:

 

Համաձայն ընտրական օրենսգրքի` դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ամբողջ ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը (հոդված 6), իսկ ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածը (հոդված 11) սահմանում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: Բնական է, որ դիտորդի՝ նման «իրավունքի խոչընդոտելն օրինական է և այստեղ խոչընդոտման մասին խոսք լինել չի կարող:

 

Օրինակ, 29/9 ՏԸՀ-ի նախագահը դիտորդներին արգելել է կատարել գրառումներ ընտրատեղամասի ցուցակից, ստորագրված ցուցակների նկարահանումներ չեն թույլատրվել նաև 30/28, 30/05, Գյումու 34/25, 34/04 և Կոտայքի 25/19 տեղամասերում:

Կան լցոնումների վերաբերյալ ընդհանրական ահազանգեր (14/21, 14/15, 37/13, 27/45, 28/16), սակայն այդ մասին հանձնաժողովների անդամների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ոչինչ չի նշվել, ընդհակառակը՝ հերքվել են:

 

Մեկ այլ հրապարակման մեջ նշվել է, որ Գյումրիում բռնություն է կիրառվել Մուշ թաղամասում տեղակայված 34/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի նկատմամբ: Լսվել են հանձնաժողովի անդամները և Վահագն Խաչատրյանը, ովքեր բացառել են նշված հանգամանքը. վերջինս նշել է նաև, որ ինքը որևէ լրատվամիջոցի չի ահազանգել:

 

Այս և նմանատիպ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031