Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում շարունակում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, որով առաջարկվում է, որ անմաքս առեւտրի գոտու ռեժիմից օգտվեն ՀՀ-ում ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առեւտրի կետերը, այլ նաեւ նման հնարավորություն տրվի ցամաքային անցակետերում գործող առեւտրի կետերին: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվելու, որ Մեղրիում, Բավրայում եւ Բագրատաշենում տեղակայված առեւտրի կետերը նույնպես օգտվեն դրանից:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին մտահոգում էր՝ ՀՀ օդանավակայանից մեկնող Ռուսաստանի քաղաքացիները կարողանո՞ւմ են օգտվել անմաքս առեւտրի գոտուց, եթե իրենք կարողանում են օգտվել, հաշվառման խնդիր չի՞ ծագում: Եթե ՌԴ քաղաքացիները կամ ԵՏՄ -ի քաղաքացիները կարողանում են ՀՀ օդանավակայաններում օգտվել եւ իրականացնել առեւտուրը, ապա ՌԴ օդանավակայաներում էլ պետք է դա հնարավոր լինի:
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը տվել են ռուսական կողմին. «Մենք ասել ենք, որ մեր համար սկզբունքորեն ընդունելի չի, որ մեր քաղաքացիները այնտեղից մեկնելուց գտնվում են ոչ հաճելի վիճակում, երբ բոլորն առեւտուր անում են, իրենց ասում են՝ ձեզ չի կարելի առեւտուր անել»:
Նա ասաց, որ ՌԴ-ն մտադիր է թռիչքուղիները առանձնացնել եւ դրանով խնդիրը կարգավորել:
Կարդացեք նաև
Գուրգեն Արսենյանը չհամաձայնեց՝ առաջարկելով, որ լինի էլեկտրոնային կարգավորում. «Մենք բազմիցս տեսել ենք թռիչքուղիների առանձնացումը սովետական միության տարիներից, վերջում միշտ ստացվում է ռեզերվացիա: Փորձեք ավելի քաղաքակիրթ մեխանիզմով գտնել լուծում»:
Փոխնախարարն էլ պատասխանեց, որ մենք ՌԴ-ին լուծում չենք առաջարկում, մենք խնդիրն ենք բարձրացնում:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես դժգոհեց. «Էդ ի՞նչ խտրականություն է ԵՏՄ-ում, այսինքն, իրանք մեր անմաքսից օգտվեն, մենք չօգտվե՞նք»:
Զարուհի Փոստանջյանը նրան հարցրեց՝ ըստ ձեզ, ո՞րն է այդ հիմքը, որ մեր նկատմամբ այդպիսի խտրական մոտեցում է ցուցաբերվում. «Դա ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ արտաքին դիվանագիտությունը տեղում չէ՞: Մեկ տարի է, մենք անդամակցում ենք ԵՏՄ-ում ու այդ հարցը չեն կարողանում լուծել: Սա քաղաքականություն է՝ մեր նկատմամբ: Մեր ապրանքները, որոնք չեն վաճառվել ԵՏՄ-ում, հետ բերելուց այստեղ նորից ԱԱՀ է կիրառվել, սա՞ ինչ մոտեցում է, նորից այդպիսի խտրական մոտեցում է, որ մեր տնտեսություն ավելի գահավիժի»:
Մելքումյանն իր անձնական կարծիքն ասաց, թե մեր նկատմամբ այդպիսի քաղաքական մեծ խտրական մոտեցում չկա. «Եթե սա Դյութի ֆրի է եւ դուք նույն մաքսային միության մեջ ենք, ուրեմն պետք է որոշել՝ օգտվե՞լ, թե՞ չօգտվել, գները Մաքսային միության տարածքում չպետք է տարբերվեն»:
Զարուհի Փոստանջյանը հարցրեց, օրինակ, մեր արտահանողները կոնյակ են արտահանել ԵՏՄ անդամ երկիր՝ ՌԴ, այնտեղ չի վաճառվել, այդ կոնյակը հետ են բերում եւ հետ բերելու ժամանակ նորից ընկնում են հարկերի տակ: Հիմա սա ԵՏՄ-ի՞ մեղավորությունն է, թե՞ մեր իշխանությունների: Ունե՞ք հաշվարկ, թե ԵՏՄ-ն ինչքան վնաս պատճառեց ՀՀ տնտեսությանը այս 1 տարվա ընթացքում:
Միքայել Մելքումյանը պատասխանեց , որ դեռ հարց է՝ եվրոստանդարտներով մենք կարո՞ղ էինք ընդհանրապես ապրանք արտահանել, թե՞ ոչ, մենք հարմարեցված էինք ԵՏՄ-ի ստեղծած կանոնակարգերին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ Միքայել Մելքումյանը ԵՏՄ անդամակցությանը կողմ էին քվեարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ