Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյանը ազատված ուսուցչի մասին. «Մի՛ շահարկեք, երեխաները սիրում են ուսուցչին»

Դեկտեմբեր 14,2015 13:34

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը լցոնումների դեմ պայքարած ուսուցիչ Կարպիս Փաշոյանի՝ Ս. Կապուտիկյանի անվան 145 դպրոցից աշխատանքից ազատվելը բուռն արձագանք է գտել: Թեման շարունակվում է քննարկվել նաեւ սոցցանցերում:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից: «Ինձ համար անակնկալ են ֆեյսբուքում դեպքի հետ կապված տարբեր մեկնաբանությունները: Երբեւէ չի եղել, որ քաղաքական կարծիքների, տեսակետների համար որեւէ ուսուցչի կամ տնօրենի նկատմամբ ընդգծված ժխտողական վերաբերմունք լինի: Ցանկացած մարդ ՀՀ քաղաքացի է, եւ ինքն է որոշում իր անելիքը, ի՛նքն է իր հայացքների տերը: Այլ բան է, ուսուցիչն աշխատավայրում է, աշխատանքի ժամին դպրոցի տնօրենը իրավունք ունի պահանջելու, որ ուսուցիչը դպրոցում կատարի իր պարտականությունները, իսկ թե աշխատանքից հետո նա ինչ գործունեություն է ծավալում, դա դպրոցի խնդիրը չէ»,- ասաց վարչության պետը:

Տիկին Սողոմոնյանը հավելեց, որ զրուցել է Ս. Կապուտիկյանի անվան 145 դպրոցի տնօրենի հետ եւ վերջինս հավաստիացրել է, թե իր կողմից դիմում գրելու պահանջ Կարպիսին չի եղել. «Ինչպես վկայում է տնօրենը, ինքը ուսուցչի հետ ուղղակի խոսել է անհարգելի բացակայությունների մասին: Տնօրենն ասում է, որ ուսուցիչն առանց իր հետ հանդիպելու՝ դիմում է գրել եւ հեռացել: Այն, որ երեխաները սիրում են ուսուցչին՝ միանշանակ է, տնօրենը նրա գիտելիքների հետ կապված շատ լավ կարծիքի էր, եւ շատ ուրախ էր, որ նմանօրինակ գիտելիքներով ուսուցիչ է մտնում դասարան…Ես մտահոգ եմ այն մեկնաբանություններով, որ ուսուցչին ազատել են աշխատանքից իր քաղաքական կողմնորոշման համար: Բացառում եմ, քաղաքապետն էլ այդ առումով հետեւողական է եղել, որ հանկարծ որեւէ դպրոցում նման դեպք չարձանագրվի: Մենք այդ առումով ենք կատարում մեր պարտականությունները, որոնք զանցելու իրավունք չունենք»:

Մեր դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Փաշոյանի աշակերտներին ստիպում են ջնջել իրենց ուսուցչի հասցեին նրա ֆեյսբուքյան էջում  արված ջերմ գրառումները, Գայանե Սողոմոնյանը պատասխանեց. « Ինչպե՞ս կարելի է նման բանի մասին անգամ մտածել: Երեխան միակ մաքուր տիրույթն է, որին չես կարող վատ բան սովորեցնել, եթե նա սիրում է ուսուցիչն, տանն էլ է ծնողից մեծ հեղինակություն վայելում ուսուցիչը: Երեխա կա, ասում ես՝ խնդիրը սխալ է լուծված, ասում է, որ ուսուցիչն էդպես է լուծել, ուրեմն ճիշտ է: Այդ ուսուցչին սիրել են երեխաները, շարունակում են սիրել, եւ թող սիրեն, ինչի՞ մասին է խոսքը, այդպիսի մթնոլորտ չի տիրում Սիլվա Կապուտիկյանի անունը կրող դպրոցում, թող մարդիկ չշահարկեն, չվիրավորեն երեխաների հոգին, այդ երեխաները կարդում են, վիրավորվում են, որ իրենց փոխարեն մեծերը որոշումներ են կայացնում: Բավական է, մի շահարկեք, հանգիստ թողեք երեխաներին, նրանք սիրում են իրենց ուսուցչին, թող սիրեն, մի աղավաղեք նրանց հոգիները»:

Իմիջիայլոց, Կարպիս Փաշոյանը «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինության կողմից համագործակցության առաջարկ է ստացել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Բավական է ամեն ինչ քաղաքականացնել: Նյութը ընթերցելիս պարզ էր ,որ ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, տնօրենի հետ քաղաքական բնույթի զրույց չի ունեցել:
    Եթե նա երեխաներին սիրեր այնքան, որքան երեխաներն են սիրում իրեն, բնականաբար ուսումնական տարվա ընթացքում նման քայլի չէր դիմի: Խելացի, գրագետ, բանիմաց ուսուցիչը կիմանա իր շահերը և իրավունքները որտեղ և ինչպես պաշտպանել:

  2. Անահիտ says:

    Գերազանց հարցազրույց է: Ցանկացած կրթօջախում քաղաքական քարոզչությունը արգելվում է, առավել ևս՝ դպրոցում: Թույլ տվեք երեխան իր մաքրությունը վայելի: Մեջբերումս հոդվածից. <>:
    Այլ բան է,որ ուսուցիչը անհիմն հաճախ է բացակայել դասերից: Կարծում եմ՝ այս թման շատ շահարկվեց, քան պետք էր:

  3. Narine says:

    Բարև ձեզ; Երկու օր է հետևում եմ սոցցանցում կատարվող իրարանցմանը; Ես 145 դպրոցի ծնող եմ,ունեմ երկու երեխա ովքեր սովորում են դպրոցի տարբեր դասարաններում և շատ հաճախ եմ լինում դպրոցում; Ճիշտ է լսել եմ,որ դպրոցի տնօրեն տիկին Ռիմա Դավթյանը Հանրապետական կուսակցության կողմնակից է,բայց երբևէ չի զբաղվել քարոզչական գործունեությամբ․ Մենք ազատ ենք եղել մեր ընտրության մեջ;

  4. Հարգելի Անի, Ձեր մեկնաբանությունը չենք հրապարակում, քանի որ այն չի համապատասխանում մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու կանոններին: Մենք չենք հրապարակում անձնական վիրավորանքներ:

  5. Դավիթ says:

    Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը մշտապես աջակից է եղել ուսուցչին և պաշտպանել նրա շահերը:Տ-ն Գ. Սողոմոնյանի գլխավորությամբ յուրաքանչյուր գործողություն միտված է օգնելու ուսուցչին և աշակերտին: Հոդվածը կարդալիս մեկ անգամ ևս համոզվեցի, որ ուսուցիչը պաշտպանված է յուրաքանչյուր ոտնձգությունից, ի դեմս տ-ն Գ. Սողոմոնյանի՝ կրթության յուրաքանչյուր նվիրյալ նման անհարմար իրավիճակում չի հայտնվի, և այս պատմությունը ևս կստանա խելացի և ճիշտ որոշում:

  6. Մ. Հայրապետյան says:

    Հետևելով սոցցանցերում քննարկվող և շահարկվող ազատված ուսուցչի մասին հոդվածներին, ընթերցելով տիկին Սողոմոնյանի հարցազրույցը վերոնշյալի վերաբերյալ, դպրոցի տնօրենի պարզաբանումները, գալիս եմ այն եզրակացության, որ երբեմն աշխատանքային օրենսգրքի որոշ հոդվածներ ոչ մի տնօրեն չի կիրառում իր գործունեության ընթացքում աշխատակիցների նկատմամբ՝ ելնելով մարդկային տեսանկյունից /անհարգելի բացակայություններ, 1 աշխատանքային օր անհարգելի բացակայելու դեպքում/ չկիրառելով ԱՕ դրույթները: Այս ողջ քննարկումներից պարզ երևում է, որ ուսուցիչը ցանկություն է ունեցել տեղափոխվել այլ աշխատանքի, դա պարզ երևում է նրա բացակայություններից /ինչպես նշել է տնօրենը/ և ազատման դիմում գրելուց: Տիկին Սողոմոնյանի հարցազրույցը տալիս է այն բոլոր հարցականների պատասխանները, որոնք հուզում են բոլոր նրանց ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել այս դեպքի վերաբերյալ:
    Իսկ պարոն Ա. Ալիխանյանի հրավերը ուսուցչին Անանիա Շիրակացի ճեմարան կրթահամալիր աշխատելու, ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ դպրոցներում կրթությունը մեծագույն արժեք է, իսկ ուսուցիչը՝ հարգանքի արժանի:

  7. Izabela says:

    Երբ հատկապես կրթության ոլորտի պաշտոնյա անձն է հանդես գալիս նման ճշմարիտ կեցվածքով,Կ.Փաշոյան անունից այն բարձրանում և դառնում է <>պատվանվանը գնահատանքի, զինակցության խոսք,ուստի տիկ.Սողոմոնյանի խոսքը կրկնակի գնահատելի է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031