Լրահոս
Օրվա լրահոսը

«Դյութի ֆրին» դիմել է ՀՀ կառավարությանը՝ խնդրանքով. Կառավարությունը օրենք է փոխում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2015 13:22

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում այսօր քննարկվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ այս նախագծով առաջարկում են անմաքս առեւտրի գոտու ռեժիմից օգտվեն ՀՀ-ում ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առեւտրի կետերը, այլ նաեւ նման հնարավորություն տրվի ցամաքային անցակետերում գործող առեւտրի կետերին: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվելու, որ Մեղրիում, Բավրայում եւ Բագրատաշենում տեղակայված առեւտրի կետերը նույնպես օգտվեն դրանից:

Ներկայումս անմաքս առեւտրի կետերից միայն օդանավակայանի առեւտրի կետերն են ազատվում ԱԱՀ-ից, հիմա այն տարածվելու է նաեւ ցամաքային բոլոր անցակետերին:

Փոխնախարարը նշեց, որ մասնավոր հատվածից են ստացել այդ խնդրանքը, որ այն տարածվի նաեւ իրենց վրա:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե երկաթուղային կայարաններում տեղակայված առեւտրի կենտրոնները նույնպե՞ս ընդգրկվում են այս օրենքի կարգավորման դաշտում՝ փոխնախարարը պատասխանեց՝ այո, եթե դիմող ընկերությունը բավարարում է անմաքս առեւտրի գոտու համար նախատեսված ռեժիմային պայմաններին, չափորոշիչներին:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե մասնավոր հատվածից ազդակներ չստանայիք, չէի՞ք անելու եւ կոնկրետ ումի՞ց եք նման խնդրանք ստացել:

Պատգամավորը նաեւ հարցրեց. «Գրել եք, որ բյուջեի վրա այս օրենքի փոփոխությունը որեւէ ազդեցություն չի ունենալու,բայց եթե առաջ ԱԱՀ էր գանձվում, հիմա չի գանձվելու, ո՞նց կարող է բյուջեի վրա որեւէ ազդեցություն չունենա:

Փոխնախարարը պատասխանեց, որ իրենց դիմել է «Դյութի ֆրի ալյանս» կոչվող ասոցիացիան, որը հանդիսանում է աշխարհում անմաքս առեւտրի կետերի միություն. «Այս կազմակերպության հիմնադիր ընկերություն կա գրանցված ՀՀ-ում, որը կոչվում է Դյութի ֆրի ալյանս ՍՊԸ: Նրանք դիմել են եւ ստացել են թույլտվություն Մեղրիում անմաքս առեւտրի գոտում գործունեության համար»:

Փոխնախարարը նշեց, որ մեր հարեւանները՝ Վրաստանը, Իրանը դա արդեն ունեն եւ մեքենայով էլ Վրաստան գնալիս մարդիկ օգտվում էին այդ ռեժիմից:

Զարուհի Փոստանջյանը ցանկացավ ունենալ այն նամակագրության պատճեն, որով «Դյութի ֆրին» դիմել էր կառավարությանը: Նա նաեւ հարցրեց, թե Արցախի հետ սահմանի հետ է՞լ է գործելու այդպիսի ռեժիմ, թե՞ ոչ:

Փոխնախարարը խոստացավ պատճեները տալ: Ինչ վերաբերում է Արցախի սահմանին, նա ասաց, որ այդտեղ նուրբ պահ կա. «Մենք մաքսային ձեւակերպումներ չենք իրականացնում Արցախի հետ սահմանում, որ մի հատ էլ անմաքս առեւտրի գոտի անենք: Այն կարող ենք անել ՀՀ տարածքում: Այն հարաբերությունները, որն ունի Հայաստանը Արցախի հետ, անմաքս առեւտրի գոտու իմաստը չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031