Լրահոս
Օրվա լրահոսը

Կայանալու արվեստը. Ո՞րն է ամենաճիշտ «ուսմունքը»

Դեկտեմբեր 14,2015 15:30

Ինչպես կարելի է ամեն ինչի մեջ տեսնել կատարելության դրսեւորում

Գերմանացի գրող Հերման Հեսսեի «Սիդհարթհա» վիպակում (1921) գլխավոր հերոսը սկզբում վարում է բրահմանի որդուն հատուկ բարեպաշտ եւ ապահով կյանք, հետո գնում է անտառ, սամանների (ճգնավորների) մոտ եւ դառնում է նրանցից մեկը: Այդ «կարգավիճակում» Սիդհարթհան հանդիպում է Բուդհային, բայց, ի վերջո, չի ցանկանում միանալ նրան, փորձում է գտնել իր՝ ուրույն ճանապարհը, գնում է քաղաք, ապրում է աշխարհիկ կյանքով, դառնում է մեծահարուստ, այնտեղից էլ է փախչում: Ի վերջո, վիպակի (առակի) հերոսը հայտնվում է մի գետի մոտ եւ որոշում է, որ իր հոգեւոր եւ նյութական հավակնությունները պետք է սահմանափակվեն գետի մի ափից մյուս ափը մարդկանց տեղափոխելով:

Ստեղծագործության վերջում Սիդհարթհան տեսնում է իր ընկերոջը, որը բուդհայական վանական էր դարձել, ու ասում է նրան. «Ահա եւ ուսմունքը, որի վրա դու ծիծաղելու ես՝ ՍԵՐԸ: Սերը, Գովինդա (դա ընկերոջ անունն է-Ա. Ա.), ինձ համար աշխարհում ամենակարեւորն է թվում: Տեսնել այդ աշխարհն ամենայն մանրամասնությամբ, բացատրել այն, արհամարհել այն՝ գուցե դա մեծ մտածողի գործն է: Իսկ ինձ համար միակ իմաստն այն է, որ կարողանամ սիրել այդ աշխարհը, չարհամարհել այն, չատել աշխարհն ու ինքս ինձ, այլ նայել աշխարհին եւ ինձ սիրով, հրճվանքով ու ակնածանքով»:

Ինձ թվում է՝ կյանքին նման ձեւով մոտենալու համար անհրաժեշտ է վերանալ սեփական «ես»-ի պայմանականություններից: Դա նշանակում է, որ մարդը դադարում է լինել իր մասին պատկերացումների գերին: «Ես բրահմանի որդի եմ», «ես ճգնավոր եմ», «ես բուդհայական եմ», «ես առեւտրական եմ», նույնիսկ «ես նավակ քշող եմ»: Մարդը կտրվում է իր ամենից, հասկանալով՝ ինչ անուն էլ նա ինքն իրեն տա, ինքը դրանից ավելին է: Ինչպիսի բավարարված կամ չբավարարված ցանկություններ, մեղքեր, ցասում, խանդ, կրքեր նա ունենա անցյալում, ինչպիսի ծրագրեր էլ նա ունենա ապագայի համար, միեւնույն է՝ դա դարձյալ «հավասար չէ» տվյալ մարդու էությանը: Իսկ այդ էությունն աստվածային է:
Ահա թե ինչն է առաջարկում սիրել Սիդհարթհան իր մեջ եւ ուրիշների, բոլորի մեջ: Բայց խոսքը ոչ միայն մարդկանց, այլեւ ցանկացած շնչավոր եւ անշունչ առարկայի եւ ցանկացած իրավիճակի մասին է: Ինչպես ֆիզիկապես եւ հոգեւոր առումով ամենատգեղ մարդու մեջ կարելի է տիեզերական կատարելություն տեսնել, այդպես էլ նույնը կարելի է տեսնել ցանկացած կենդանի արարածի, ցանկացած անշունչ առարկայի, ինչպես նաեւ ցանկացած իրավիճակի մեջ: Ամեն ինչ կախված է ոչ թե նրանից՝ դրանք լավն են, թե վատը, այլ նրանից, թե ինչպես ենք մենք դրանց նայում՝ սիրո՞վ, թե՞ դատելով, նախանձով, ատելությամբ:

Ընթերցողներից ոմանք, կարդալով «Կայանալու արվեստը» իմ այս շարքը, փորձում են այստեղ տեսնել ակնարկներ ներկայիս «քաղաքական իրավիճակի» վերաբերյալ եւ մեկնաբանություններ են անում այդ իրավիճակի իրենց ընկալումներից ելնելով: Այս շարքը «քաղաքական իրավիճակի» մասին չէ. այդ «իրավիճակն» ամեն օր փոխվում է՝ այսօր մարդիկ իրար հայհոյում են, վաղը մտերմանալու են, սակայն այդ ամենի մեջ դարձյալ կարելի է տեսնել բարձրագույն կատարելության դրսեւորում: Եթե կուզեք՝ դաս, որպեսզի այդ հայհոյելն ու հաշտվելը կողմնորոշվելու չափանիշներ չդառնան: Ոչ էլ մեր ամենօրյա վազվզոցը: Ոչ էլ մեր դատողությունները, գնահատականները, կրքերը, որոնք մենք հաճախ ինքներս մեզ չենք կարողանում խոստովանել: Դրանք բոլորը մանր թեմաներ են, որոնց մասին մենք չենք կարող չմտածել: Բայց դրանց պետք է մոտենալ, մեղմ ասած, խիստ վերապահումներով:

Վերջում եւս մի մեջբերում՝ մեկ այլ եվրոպացու գրքից հնդկական թեմաներով: Բայց այդ գիրքը բոլորն են կարդացել, առավել եւս՝ խորհրդային շրջանի հրաշալի մուլտֆիլմն են տեսել: Մաուգլին ընկնում է հին՝ մարդկանց կողմից լքված մի տաճար, որտեղ հավաքված են թագեր, ապարանջաններ, ոսկիներ, ադամանդներ եւ այլն: «Ինչի՞ համար է այդ ամենը պետք,- հարցնում է Մաուգլին,- մի՞թե այդ ամենը հնարավոր է ուտել»: Եվ հեռանում է դեպքի վայրից՝ վերցնելով միայն «երկաթե ատամը» (դաշույնը):

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Դզեց: Բայց նենց չի որ Դուք ինքներդ լրիվ հետևում եք ձեր դիրքորոշմանը բոլոր Ձեր հոդվածերում: /Մնացած հարցերում չեմ տեսնում Ձեր գործունեության ու կյանքի արդյունքները և դրսևորումները-պրինցիպի իրավունք չունեմ ու պարտավոր էլ չեմ/:
    Երևի դուք էլ կատարյալ չեքՃՃՃ

  2. Լավատես says:

    Ամենաիսկական զգացմունքները լինում են միայն բնազդային, իսկ գիտակցական հաշվարկային թե բարոյագիտական սերերը՝ դրանք լուսանցքայինների հնարածներն են: Ծնողի սերն իր երեխայի հանդեպ, մտավորականի սերն իր ժողովրդի հանդեպ՝ դրանք բնազդային սերեր են, սիրելու ու դաստիարակելու մշակույթը՝ դրանք սերնդե սերունդ են փոխանցվում, եթե մի սերունդ չստանա այդ սերն ու դաստիարակությունը, մշակույթը վտանգվում է եւ կարող է ոչնչանալ ու մյուս սերունդներին չհասնի: Մենք հայերս սիրելու ու դաստիարակելու հզորագույն մշակույթ ունենք, մենք այդ հարցում խնդիր չունենք, մեզ ընդամենը պետք է ստիպել էշին, որ ձիու հետեվից գնա, այլ ոչ թե առջեւից:

  3. Արսեն says:

    Եթե Ադոլֆ Հիտլերը 1945թ մայիսի 2-ին « վերանար սեփական «ես»-ի պայմանականություններից», նշանակում է դա, որ կարող էր՝ իր բունկերից դուրս գալ և գնար, ինչ-որ տեղ «աշխարհը սիրելու» և մարդկությունը նրանից ոչ մի հաշիվ չէր պահանջելու?
    Բացատրեք խնդրեմ, ինչ է նշանակում «աստվածային էություն» (առանց պարտադրելու՝ որևէ մոդիֆիկացիայի աստծու գաղափարը և գոյությունը՝ պարտադիր պայման լինելը)։
    ….« ֆիզիկապես եւ հոգեւոր առումով ամենատգեղ մարդու մեջ կարելի է տիեզերական կատարելություն տեսնել»…. կարելի է? Այդ դեպքում ինչու էիք հայհոյում մուտքերում միզող , արձաններ կոտրող ձեր հայրենակիցներին? Չէիք ցանկանում տեսնել նրանց կատարելիությունը?..)))…
    Երբ քննադատում եք ինչ-որ հասարակական երևույթ՝ դուք վերացած եք ձեր սեփական ես-ից (այն ես֊ից, որ ասում է՝ «ես թերթի խմբագիր եմ»)? Թե միչև ժամը 3 է, դուք ձերը սեփական «ես»-ով գրում եք հասարակա-քաղաքական թեմաներով՝ 3-ից հետո անջատում եք «ես»-ը և գրում եք սիոր, աստվածայինի և հավերժի մասին…))))…
    Այդ ավտոնատ երկպոզիցիոն «եսանջատիչ» սարքի գծագրերը, աշխատանքի տեսական հիմնավորումը և տեխնիկական պարամետրերը չէք հրապարակի?..)))..
    Սարքը արդեն պատենտավորել եք?..))))…

    Ւսկ ընդհանրապես, ես այստեղ տեսնում եմ՝ իրականությունից փախչելու ցանկություն։ Տարբեր մարդկանց մոտ դա տարբեր ձևեր է ընդունում։ Ձերը՝ հասարակայնորեն վտանգավոր է, որովհետև ճշմարտանմանության էլեմենտներ և պարունակում (օրինակ. ասենք ծաղկած ծառը՝ գեղեցիկ է և երբ՝ դու ստրուկ ես, երբ՝ բռնակալ ես, և նույնիսկ երբ քեզ տանում են գազախցիկ… երբ՝ կլանված ես ծառի գեղեցկությությամբ՝ կարող ես և չնկատել, որ գազացիկի հերթում ես կանգնած… չնկատել՝ հետևաբար, ոչինչ չանել՝ խուսափելու համար)…. և միաժամանակ՝ շոյում է մարդու ինքնասիրությունը… …. «Մարդը կտրվում է իր ամենից, հասկանալով՝ ինչ անուն էլ նա ինքն իրեն տա, ինքը դրանից ավելին է»…..
    Թույնն ու ցավազրկումը՝ միաժամանակ…. Ահավոր կոկտեյլ եք փորձարկում՝ Աբրահամյան Ա…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031