Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողը փող է բերում». Լյովա Խաչատրյան

Դեկտեմբեր 14,2015 12:37

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է նոր տնտեսական քաղաքականություն մշակի գյուղատնտեսության ոլորտում:

«Այս տարի գյուղատնտեսական տարին աննախադեպ հաջող էր, բայց միրգն ու բանջարեղենը գյուղացին չկարողացավ ամբողջությամբ իրացնել։ Պատճառն այն է, որ ռուբլին արժեզրկվեց, ու գինի ու կոնյակ արտադրողները չէին կարողացել իրենց արտադրանքը ռուսական շուկայում իրացնել և գումար չունեին։ Այս տարի մոտ 70 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն ենք արտահանել, բայց կարող էինք ավելին»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Վազգեն Սաֆարյանը։

Նրա խոսքով, կառավարությունը պետք է փոփոխություններ անի գյուղատնտեսության քաղաքականության մեջ, գումարներ ներգրավվի, որովհետեւ, ըստ նրա, մենք այսօր 150 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն արտահանելու հնարավորություն ունենք:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ կարծում է՝ պետք է օգտվել Ռուսաստանի և Թուրքիայի կողմից մտցրած սանկցիաներից և գրավել շուկան. «Բայց Հայաստանը դրա հնարավորությունն իրականում չունի, որովհետեւ
չունենալով համապարփակ ծրագիր՝ չենք կարողանում մտնել այն շուկաները, որոնք մեզ նվեր են տրվում։ Մոտ 40% գինու ու կոնյակի արտահանումը պակասել է, եկող տարի կառավարությունը չի կարող պարտադրել գործարաններին մթերում իրականացնել, եթե բերքը լավ եղավ՝ կմնա գետնին։ Դրա համար պետք է վերանայել տարվող քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Այդքան պարտք ենք վերցնում, բայց անհասկանալի է, թե որտեղ են գնում այդ գումարները։ Ռուսական մեծ շուկան բացվել է մեզ համար, այսօր եթե չտեղավորվենք այդ շուկայում, վաղը իրավիճակը կփոխվի ու բարդ կլինի մեզ համար, իսկ շուկան մտնելը ամենադժվար բանն է, իսկ այսօր այդ հնարավորությունը մենք ունենք»:

Պատգամավորն, անդրադառնալով եկող տարվա բյուջեով ոլորտին հատկացվող գումարներին, շարունակեց. «30 տոկոսով ավելացրին պարարտանյութի սուբսիդիան՝ կրճատելով դիզվառելիքինը, որոշակի ավելացվեց սուբսիդավորվող ցածր տոկոս վարկերի քանակը: Բայց բացարձակ ծավալներով վարկային փաթեթը շատ փոքր է, էական ազդեցություն չի թողնում ոլորտի վրա, պետք է գյուղատնտեսության մասին ծրագիր մշակվի ու հաստատվի, զգալի գումար դրվի, եղած վարկերի համաներում լինի»:

Նա նաեւ հավելեց, որ վերցրած վարկերը ճիշտ չեն օգտագործվում. «Փողը փող է բերում, պետք է դնենք այնտեղ, որտեղ փող կա: Վարկ ենք վերցնում թոշակ տալիս, բայց թոշակները հարկերից պետք է տայինք, դպրոցներ ենք սարքում, աշակերտ չկա, էս ի՞նչ ենք անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031