Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը լարվածություն է ստեղծում՝ բանակցությունները տապալելու համար
Դեկտեմբերին սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը լարված է. ադրբեջանական զինուժն այս ընթացքում կիրառեց նաեւ ծանր հրետանի, ունեցանք զոհեր: Սահմանին զարգացումները մեզ մոտ կապվում են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի՝ ագրեսորի քաղաքականությունը կապված է նրա՝ բանակցություններից խուսափելու հետ: «Ալիեւը չի ցանկանում գնալ բանակցությունների, հասկանում է, որ այդ ֆորմատով չի կարող լուծել իր այն խնդիրները, որոնք բարձրաձայնել է: Հետեւաբար փորձում է տապալել բանակցային գործընթացը, ինչ-որ չափով ժամանակ շահել՝ իր համար աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ավելի հարմար իրավիճակ, որի շրջանակներում կարող է քաղաքական ճանապարհներով հաջողության հասնել»,- ասում է քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այս պահին երկու խնդիր ունի՝ մաքսիմում եւ մինիմում. «Մաքսիմումը. ցանկանում է տապալել առաջիկա հանդիպումը եւ բանակցային գործընթացն էլ ավելի փակուղու մեջ դնել, իսկ մինիմում խնդիրն այն է, որ եթե այդ հանդիպումը կայանա էլ, օրակարգը փոխվի. բանակցությունը լինի ոչ թե կարգավորումների մեխանիզմը մշակելու, այլ սահմանում ստեղծված իրավիճակը վերահսկելի դարձնելու մասին: Բայց հիմնական խնդիրը իհարկե այդ հանդիպումից խուսափելն է»,- ասում է նա:
Պարոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ չնայած հասարակական եւ քաղաքական որոշ շրջանակներ թերահավատորեն են վերաբերվում Մինսկի խմբի համանախագահներին, նրանք հիմնական դերակատարումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. «Եթե չլինեին համանախագահների ջանքերը, ապա բանակցություններն ընդհանրապես չէին լինի, եւ լրիվ այլ զարգացումներ կլինեին: Կարծում եմ, որ հասարակության եւ քաղաքական շրջանակներում Մինսկի խմբի հետ կապված դժգոհությունները պայմանավորված են նրանով, որ միջնորդները միշտ փորձում են հավասարության նշան դնել կողմերի միջեւ, եւ հստակ չի նշվում անվտանգությանը սպառնացող կողմը՝ Ադրբեջանը: Բայց դե, դա ելնում է իրենց միջնորդական առաքելությունից բխող պահանջներից. փորձում են հնարավորինս կողմերին չնեղացնելով՝ գործընթացն առաջ տանել: Սա, իհարկե, կարող է ինչ-որ չափով իր դրական ազդեցությունն ունենալ, բայց գլոբալ առումով ստեղծվել է փաստացի փակուղային իրավիճակ, երբ կա պատերազմի իրական վտանգ: Այստեղ պետք է պահանջները ուղղել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, այլ նրանց ներկայացրած երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային: Հայկական կողմը բավական լուրջ պատճառներ ունի ներկայացնելու այդ պահանջները, որպեսզի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպող մեխանիզմներ մշակեն ու կիրառեն՝ թույլ չտալով Ադրբեջանին նման գործունեություններ իրականացնել սահմանին»,- ասում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Նա վստահ է, որ այժմ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու, բավականաչափ ռեսուրս չունի: «Չունի տնտեսական ռեսուրսներ, ռազմական՝ առավել եւս, չունի նաեւ քաղաքական ռեսուրսներ: Հետեւաբար ես չեմ սպասում պատերազմի վերսկսում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս քայլերով սպասում է հարմար պահի՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կփոխի: Բոլոր այն սպասումները, որ Ալիեւը ձեւավորել է իր հասարակության շրջանում, այս պահին իրականացնել հնարավոր չէ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12..2015
միակ պատճառը որ Ադրբեջանը պատերազմ չի սկսելու այն է որ՝ ան չի ստանում կանաչ լոյսը, “go ahead”-ը
զորս իրեն տալու է Արեւմուտքը
մինչ այդ, ռազմաճակատի – յաճախ մահացու – դէպքերը, ուղղակիօրէն, պատճառային կապ ունին Երեւանի «յեղափոխական» ցոյցերի հետ
թշնամին կարծում է որ ներքնապէս տկար ենք, անկայուն ենք,
եւ հետեւաբար՝ խփում է
այս է պարզ իրականութիւնը
ամէն մարդ ըստ այնմ թող ապրի իր խղճին հետ