Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիո Հայ Գյումրի»-ի տնօրենը՝ ընտրական հանցագործության հետքերով

Դեկտեմբեր 14,2015 14:00

Գյումրու թիվ 35/37 ընտրատեղամասում, որը տեղակայված էր Գեղարվեստի ուսումնարանի շենքում, եւ որտեղ իր «Այո»-ն էր ասել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընտրախախտման կոպիտ ու աղմկոտ մի դեպք է արձանագրվել: Հանրաքվեի օրը, ժամը 15.30-15.50-ի սահմաններում, իր քաղաքացիական պարտքը կատարելու է գնացել «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի տնօրեն, «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ ու վարող Նազելի Բաղդասարյանը ու պարզել, որ իր փոխարեն ինչ-որ մեկը նույնականացման քարտով արդեն քվեարկել է: Նա, բնականաբար, փորձել է վերականգնել իր խախտված իրավունքը, պահանջել է զանգահարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ճշտել, թե ինքն ինչպե՞ս կարող է քվեարկել, սակայն հանձնաժողովականներից մեկը կարճ ու «արդյունավետ» տարբերակ է գտել. առաջարկել է՝ «դու էլ մի ուրիշի փոխարեն քվեարկի, պրծի, էլի»: «Առավոտ»-ի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը պատմեց. «Մոտեցա հանձնաժողովի անդամին, հասցես նշեցի ու խնդրեցի, որպեսզի գտնեն իմ անուն-ազգանունը, նշագրում կատարեին, որ վերցնեի քվեաթերթիկը, պարզվեց, որ այդ հասցեով, իմ ազգանվան դիմաց արդեն մեկը ստորագրել է, ու կային որոշակի փաստաթղթային տվյալներ: Ասացին՝ էս դուք ընտրե՞լ եք արդեն, հարցրի՝ դուք ինձ տեսե՞լ եք այսօր այստեղ: Բա չէ, վայ, դուք մեր լրագրողը չե՞ք, ճանաչեցին՝ որտեղ եմ աշխատում եւ այլն, փորձեցին հասկանալ, ասացին՝ ախր ինչո՞ւ հենց նման բան Ձեզ հետ պիտի լիներ, ես էլ ասացի՝ ցանկացած մեկի հետ կարող էր լինել, խնդիրը որ ինձ հետ է… Հարցրեցի՝ կարո՞ղ եք պարզաբանել՝ ո՞ւմ տվյալներն են, ասացին՝ բա ի՞նչ իմանանք, նույնականացման քարտ է գրված կողքը, իսկ նույնականացման քարտի վրա գիտեք, որ հասցե չկա: Ասում եմ՝ լավ, հասցե չկա, բայց նույնականացման քարտի վրա կա հայրանուն: Ասում են՝ ուրեմն մեկը ձեր անուն-ազգանուն-հայրանունով եկել է:

Նույն պահին election.am-ում ընտրողների ռեգիստրում ապացուցեցի, որ իմ անուն-ազգանուն-հայրանունով ընդհանրապես Հայաստանում ոչ մի համընկնում չկա, լռեցին: Ասացի՝ լավ, գոնե մի հատ նայեք նույնականացման քարտում ի՞մ տվյալներն են: Տվյալները բացարձակապես ուրիշ էին, անգամ ստորագրողը, իմ տեղը քվեարկողն այնքան հիմար է եղել բառիս բուն իմաստով, որ անուն-ազգանունս Նազելի Բաղդասարյան, ստորագրված է «ա» տառով: Նազելի Բաղդասարյանը հաստատ «ա» տառով չէր ստորագրի, պետք է մի քիչ երեւակայություն ունենալ»: Ըստ մեր զրուցակցի՝ դրանից հետո ինքը հանձնաժողովի նախագահ Ռ. Ասատրյանին խնդրել է, որպեսզի ինչ-որ կերպ պարզաբանեն խնդիրը, ճշտեն, թե ո՞նց կարող է վերականգնվել իր ընտրելու իրավունքը, սակայն սկսվել է մի իրարանցում: «Սկսեցին արագ հանձնաժողովի անդամներին տեղերով տեղափոխել, որպեսզի չհասկանայինք՝ ո՞ւմ մեղքն է, որովհետեւ յուրաքանչյուր հանձնաժողովական ունի անհատական կնիք, որ չհասկանայինք՝ ո՞ւմ կնիքն է դրված: Խնդրեցի նախագահ Ռ. Ասատրյանին, որպեսզի զանգի ընտրատարածքային հանձնաժողով կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասկանան, թե ես ինչպե՞ս կարող եմ այժմ քվեարկել. դեռ աղմուկ չէր բարձրացել: Մոտ կես ժամ սպասելուց հետո, երբ որ իմ ընտրական իրավունքը ոչ մի կերպ չկարողացան վերականգնել, ես ահազանգեցի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների ներկայացուցիչները եկան, նույնպես հարցադրումներ արեցին հանձնաժողովի նախագահին, բա դե, թյուրիմացություն է եղել, հոգնած են մարդիկ: Ընդ որում, դա եղել է 15.30-15.50-ի սահմաններում, ու այդ պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ուր կա մասնակցության ցուցանիշ, նայեցի՝ այդ տեղամասում մասնակցությունը 20 տոկոսը չէր գերազանցել:

Այսինքն՝ 20 տոկոս մասնակցության դեպքում ի՞նչ հոգնածության մասին է խոսքը: Համապատասխան ընտրացուցակների էջում կար ընդամենը երեք ստորագրություն, այնպես էլ չէր, որ ստորագրությունները շատ են, մեկը վերեւ ու ներքեւ էր ստորագրել իմ փոխարեն: Ասում եմ՝ լավ, պարզաբանեք, թե ես ինչպե՞ս կարող եմ քվեարկել, ընտրական իրավունքը վերականգնել, միգուցե դուք լրացուցիչ ցուցակ կկազմե՞ք… Երբ մի փոքր աղմուկ բարձրացավ, հանձնաժողովի անդամներից մեկն էլ ասեց՝ դուք էլ ներքեւում ստորագրեք, մեկ ուրիշի փոխարեն: Ես փորձեցի առարկել, թե գոնե հասկանո՞ւմ եք, որ ես կարող եմ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվել, դուք ինձ հանցագործության եք մղում: Շվարած կանգնած էին բոլորը՝ մոտ մեկ ժամ: Ոչ մի լուծում չեն առաջարկում, հարցնում եմ՝ լավ, ինչպե՞ս կարող եմ ես քվեարկել, ասեք: Տեւական լռությունից հետո ես դիմում գրեցի հանձնաժողովի նախագահի անունով, խնդրեցի, որ համապատասխան արձանագրություն կազմեն ու տեղյակ պահեն իրավապահ մարմիններին, որ կոնկրետ հանցագործություն է կատարվել, խախտվել է իմ ընտրական իրավունքը, ու ինչ-որ մեկը իմ փոխարեն ընտրել է: Դիմումը թողել եմ, այնուհետ տեղամասային կենտրոնից դուրս եմ եկել, ինձ թույլ չեն տվել քվեարկել: Ավելի ուշ փորձեցինք տեղեկանալ, լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե արդյոք այդ տեղամասային կենտրոնից արձանագրություն կազմվե՞լ է»,- պատմեց Նազելի Բաղդասարյանը: Պարզվել է, որ զլացել են անգամ արձանագրություն կազմել, որն էլ ավելի է զայրացրել «Ռադիո Հայ Գյումրի»-ի տնօրենին: Նա իր ֆեյսբուքյան էջում, գրելով այս ամենի մասին, նշել է, որ իրավապահները թող ընդունեն հայտարարություն հանցագործության մասին:

«Եթե արձանագրություն կազմած լինեին, ինչ-որ խնդիր նշված լիներ, որ տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն, բայց համապատասխան հանձնաժողովի անդամները զլացել են անգամ իրենց պարտականությունները կատարել, որը իրենց թերության արդյունքն է: Լավ, դիցուք, որոշեցիք, որ զուտ պատահականություն է, ինչ-որ տեխնիկական սխալ է, արձանագրություն կազմեք խախտման վերաբերյալ: Այդ ամենն էլ ավելի շատ իմ զայրույթն առաջացրեց, այսինքն՝ իրենք կարող են մատների արանքով նայել ցանկացած մեկ վրիպակի՝ չակերտավոր, ու անցնեն առաջ»,- ասում է մեր զրուցակիցը:
Այժմ այս հարցով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը, Նազելի Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ դեպքից 1-2 օր չանցած՝ քննչականից եկել են այն լրատվամիջոց, որի ներկայացուցիչը նաեւ ինքն է, ու լրատվամիջոցից են փորձել տեղեկանալ, թե ով է նյութում նշված տվյալ անձը: «Պարզ է՝ լրատվամիջոցն ասաց՝ սա իմ գործառույթը չէ, ես պարտավոր չեմ որեւէ տվյալ իմանալ տվյալ մարդու մասին: Ասացին՝ դուք փորձեք հետաքրքրվել, հասկանալ, թե ով է: Մեկ-երկու օր էլ անցավ, ծանուցագիր չեմ ստացել իմ բնակության վայրով, բայց իրավապահ մարմինները, կրկին ետ ու առաջ անելով, դե հասկացել էին, որ ես աշխատում եմ նույն վայրում, որտեղ լուսաբանումը եղել է, եկան, փորձեցին ինձանից պարզաբանումներ ստանալ: Ընդամենը նախօրեին էր, ես համապատասխան տեղեկությունները հայտնել եմ, թե ինչ հետագա վարույթ կստանա այս գործը՝ չեմ կարող ասել:

Քննչական մարմինները տեղյակ են ու փորձում են երեւի թե համապատասխան գործողություններ իրականացնել: Ես խնդրել եմ պարզել, որովհետեւ էստեղ իմ հիմնարար իրավունքներից մեկն է ոտնահարված՝ ընտրելու իրավունքը, որն ամրագրված է թե՛ նախկին, թե՛ արդեն գործող Սահմանադրությամբ: Խնդրել եմ հասկանալ, թե ո՞վ է իմ փոխարեն քվեարկել, որովհետեւ եթե այսօր իմ ընտրական իրավունքն է քվեարկել, վաղը նույն անձը նույն փաստաթղթով, նույն տվյալներով կարող է մեկ այլ գործողություն իրականացնել, ինչ-որ կեղծիքներ, որոնք անմիջականորեն կարող են վնաս հասցնել իմ անձին»,- ասում է Նազելի Բաղդասարյանը: Նա նաեւ նշում է, որ հանձնաժողովի անդամներն այնքան անգիտակ են, որ չգիտեն նույնիսկ իրենց գործառույթները: «Դա էր թերեւս պատճառը, չգիտեին՝ ինչ անեին, ինձ լռեցնելու համար առաջարկում էին տարբեր միջոցներ, այդ թվում՝ քվեարկել ինչ-որ մեկի փոխարեն: Իրենց մտածելով ինձ հարկավոր էր ընդամենը ինչ-որ թղթիկ լրացնել, նույնիսկ ասում էին՝ հիմա «այո՞» է, թե՞ «ոչ», մի բան գրի, քցի, սիրտդ հանգստանա: Ասում եմ՝ հարցը «այո»-ն կամ «ոչ»-ը չէ, դա հարց է, թե ինչպե՞ս եմ ես իմ կամարտահայտությունը իրականացնելու, խնդիրն այն է, որ դուք ոչ մի միջոց չեք կարող ձեռնարկել: Ուղեցույց գոյություն ունի հանձնաժողովականների համար, գոյություն ունեն դասընթացներ, որտեղ իրենք արտոնագիր են ստանում, ի՞նչ են սովորում՝ դա էլ է հարց է»,- ասում է «Ռադիո Հայ Գյումրի»-ի տնօրենը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artashes says:

    Մէկ օրով ինձ Հայաստանի ղեկավար անէք, ազգի կէսը կը գնդակահարեմ»:

    Կարօ Քահքէճեան (Սպիտակ Արջ)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031