Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր խաղացանկ՝ բացառապես երաժշտական ներկայացումներով

Դեկտեմբեր 14,2015 13:30

2016թ. համար խոստանում է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը

Մեր որոշ ղեկավարների կողմից հաճախ հնչեցրած այն կարծիքը, թե անփոխարինելի մարդ կամ մասնագետ չկա, վիճարկելի է: Օրինակ, մշակույթի ոլորտի ցանկացած բարձրակարգ մասնագետ իսկապես անփոխարինելի է: Բերենք ընդամենը մեկ փաստ. 1997թ. հիմնված Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը հավատարիմ էր «կոչմանը»: Սկսած առաջին ներկայացումից՝ Կարլ Օրֆի «Բեռնաուերի դուստրը», մինչեւ 2007թ. թատրոնը թատերասերներին էր ներկայանում բացառապես երաժշտական ներկայացումներով: Այդ տարիներին բեմադրվեցին այնպիսի հանրահայտ մյուզիքլներ, ինչպիսին են Լլոյդ Վեբերի «Կատուները», «Քվազիմոդո եւ Էսմերալդա» (ըստ Պլամանդոնի եւ Կոչիանտեի «Փարիզի Աստվածամոր տաճարը») մյուզիքլները, Վարդան Աճեմյանի «Կիկոսը» (ըստ Թումանյանի «Կիկոսի մահը» պատմվածքի) երաժշտական ներկայացումը, Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ օպերան, «Բրոդվեյ-Բրոդվեյը», որն իր մեջ էր ընդգրկում բրոդվեյյան մյուզիքլների անթոլոգիայից 4 նմուշներ՝ «Վեսթսայդյան պատմությունը», «Սուպերսթարը», «Քորուս Լայնը» եւ այլն: Այս ներկայացումները բեմադրված էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանի ռեժիսուրայով, որն էլ հանդիսանում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Իսկ հետո՝ 2007-2015թթ., Մելիքսեթյանի՝ թատրոնից հեռանալուն պես, փոխվեց այս մշակութային օջախի որդեգրած քաղաքականությունը: Սկսվեցին բեմադրվել դրամատիկական տարբեր ուղղվածության ներկայացումներ: 2015-ի սկզբից, փաստորեն՝ թատերաշրջանի կեսից, Արմեն Մելիքսեթյանին հրավիրեցին թատրոն, այս անգամ՝ որպես գլխավոր ռեժիսոր: Միայն ընթացիկ թատերաշրջանում երաժշտությունը «վերադարձավ» թատրոն: Օրերս կայացավ «Հայրեններ» պլաստիկ ֆանտազիայի պրեմիերան՝ ստեղծված Նահապետ Քուչակի նույնանուն ստեղծագործության հիման վրա: Երաժշտության հեղինակը Լիլիթ Դանիելյանն է, բեմադրությանը՝ Արա Ասատուրյանը:

Arman_Meliqsecyan-2
«Հայրենների» պրեմիերայից հետո «Առավոտը» հանդիպեց Արմեն Մելիքսեթյանի հետ: Նախ խնդրեցինք լսել իր կարծիքը բեմադրության առիթով: «Ցանկացած թատրոնում անդրադարձը քուչակյան հայրենների սիրային լիրիկային միանշանակ պատվի ու մեծ պատասխանատվության խնդիր կառաջացներ, այնպես, ինչպես դա եղավ մեր դեպքում: Նախագծի ղեկավարը ես եմ եւ ինքս էլ հրավիրեցի Արա Ասատուրյանին՝ իրականացնելու բեմադրությունը: Երիտասարդ ռեժիսորի եւ բալետմայստերի ծավալով փոքր, բայց բարձրարվեստ աշխատանքին ծանոթ եմ բալետային որոշ մինի ներկայացումներից: Երաժշտությունն էլ ինձ գրավեց: Պետք է նշեմ ճաշակով ու բարձր մակարդակով արված գործիքավորումը, որի հեղինակը Նարինե Զարիֆյանն է: Պրեմիերայից հետո մշտապես որոշ շտկումների կարիք է զգացվում: Մի քանի խաղից հետո այս չգրված օրենքը չի շրջադարձի նաեւ «Հայրեններին»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց,- մի բան կարող եմ միայն հաստատ ասել՝ թատրոնում բարձրակարգ տեխնիկայի կարիք վաղուց կա, իսկ սա արդեն լուրջ խնդիր է, ինչը պետք է աշխատենք լուծել հնարավորինս սեղմ ժամկետում»:

Arman_MeliqsecyanՌեպլիկին՝ հանդիպեցինք նոր դերասանների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս բեմադրության մեջ մասնակցում էին Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ղեկավարածս արվեստանոցի ուսանողները, իսկ թատրոն վերադառնալուն պես հայտարարել եմ դերասանների մրցույթ, որի արդյունքում, այո, ունենք նոր անուններ, որոնք մեր ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներն են եւ համապատասխանում են մեր թատրոնին, այսինքն՝ բացի խոսքից, նրանք ուսանողական տարիներին արդեն ստացել են պարի եւ վոկալի կրթություն»: Դիտարկմանը, որ մինչ թատրոն վերադառնալը, այսինքն՝ 1997-2007թթ., բեմադրություններն իրականացնում էր բացառապես Մելիքսեթյանը, մեր զրուցակիցը հայտնեց. «Այո, դա այդպես էր: Բայց ժամանակին մշտապես, օրինակ, հենց ԶԼՄ-ների միջոցով հայտարարել եմ, թե յուրաքանչյուր մասնագետ, այս դեպքում՝ ռեժիսոր, կարող է դիմել թատրոն՝ իր երաժշտական այս կամ այն նախագիծը իրականացնելու համար: Արդյունքը, հավատացնում եմ, եղել է լռությունը…»:
Զրույցի ընթացքում պարոն Մելիքսեթյանն ասաց, թե 2016-ից թատրոնում կձեւավորվի խաղացանկ՝ միայն երաժշտական ներկայացումներով, ապա մանրամասնեց. «Սկսվել են «Վեսթսայդյան պատմության» բեմադրական աշխատանքները: Ներկայացումը հանդիսատեսին կմատուցենք գալիք տարվա գարնանը: Անպայման խաղացանկում տեղ կգտնեն մանկական ներկայացումներ՝ Մորիս Ռավելի «Երեխան եւ կախարդանքը» ցիկլը, Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» եւ այլն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031