Լրահոս
Օրվա լրահոսը

Դահուկային սպորտը զարգանում է նաեւ նոր ծրագրերով

Դեկտեմբեր 14,2015 12:30

Եթե ամառային մարզաձեւերն արդեն ամփոփում են տարին,
ձմեռայինների համար մրցաշրջանի ամենաթեժ փուլերն են սկսվել

«Առավոտը» զրուցել է «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ: Նա նշեց, որ լեռնադահուկորդների եւ դահուկավազորդների համար մրցաշրջանը խիստ հագեցած է եւ այն պայմանականորեն տարին բաժանեց երկու փուլի՝ մարզումային եւ մրցումային: Ու քանի որ թեման ընդգրկուն է, սկզբում անդրադառնում ենք առանձին-առանձին:

Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ավստրիացի գործընկերների խորհրդով՝ մարզվել ծանրորդների հետ, ֆեդերացիան լեռնադահուկային սպորտում առաջին անգամ նորամուծություն է կիրառել: Մեր երիտասարդ լեռնադահուկորդները ֆիզկուլտուրայի ինստիտուտում հանրահայտ ծանրորդ Աշոտ Դանիելյանի խորհուրդներով ծանրամարտի տեխնիկական հնարքներով մարզումներ են անցկացրել, որոնց արդյունքները, հուսով են, կտեսնեն առաջիկա միջազգային մեկնարկներում: «Դրան զուգահեռ մարզիկները մարզվել են իրենց մարզադպրոցներում, հավաքներ կազմակերպել Սեւանում, Ծաղկաձորում: Երիտասարդ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, որ արդեն մեծահասակների տարիքային խմբում հանդես գալու իրավունք ունի, ընդգրկվեց միջազգային ֆեդերացիայի մարզումային ծրագիր: Նա Հարություն Հարությունյանի եւ հավաքականի մարզիչ Սեյրան Հարությունյանի հետ նոյեմբերին ուսումնամարզական հավաքի է մեկնել Ավստրիա, որից հետո միջազգային ֆեդերացիայի ծրագրով շարունակում է մնալ Ավստրիայում: Աշոտն այդ ընթացքում կունենա միջազգային մի քանի վարկանիշային մեկնարկ նաեւ Իտալիայում եւ դեկտեմբերի վերջերին կվերադառնա: Զուգահեռաբար արտագնա մարզումների են նաեւ Վազգեն Առաքելյանը, Գրիշա Վարդանյանը: Վերադառնալով Հայաստան՝ մեր դահուկորդները կշարունակեն հավաքները Ծաղկաձորում», – ասաց Գ. Սարգսյանը:

Նրա խոսքերով, ֆեդերացիան շատ մեծ նշանակություն է տալիս ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների որակավորման բարձրացմանը, որի նպատակով միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ տեսական եւ գործնական սեմինարներ է կազմակերպում: «Այդ ընթացքում միջազգային հեղինակավոր մասնագետները տեսական եւ գործնական պարապմունքներ են անցկացնում մարզիչների եւ մարզիկների հետ: Մոտ ժամանակներս այդպիսի սեմինարի վերջին օրը արտասահմանցի մասնագետի օգնությամբ կկազմակերպենք պատանիների մրցաշար»,- ավելացրեց Գ. Սարգսյանը:

Դրան անմիջապես կհաջորդի միաժամանակ բոլոր տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունը: «Ինչի՞ համար բոլորը միասին: Որովհետեւ, ցավոք, քանակը մեծ չի: Բացի այդ, դժվար է ամեն անգամ առանձին առաջնություն կազմակերպել՝ սկսած դահուկուղի պատրաստելուց, վերջացրած կազմակերպական մյուս խնդիրները լուծելով: Բայց դա նաեւ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Մենք ունենք պատանիներ, որոնք երիտասարդներից լավ արդյունք են ցույց տալիս: Իր խմբի առաջնությունում, հնարավոր է, այդ պատանիներն այն արդյունքը ցույց չտա, ինչը հնարավոր է մեծերի հետ մրցակցությունում: Երկար տարիների ընդհատումից հետո առաջին անգամ մենք մեր երիտասարդներին կգործուղենք աշխարհի առաջնություն, որը կայանալու է Սոչիում, եկող տարվա փետրվարի վերջ-մարտի սկզբին: Մենք կմասնակցենք միայն հատուկ եւ հսկա ոլորավայրէջք մրցաձեւերին», – ասաց գլխավոր քարտուղարը եւ ավելացրեց, որ ֆեդերացիան եւս մի անչափ հետաքրքիր ծրագիր ունի իրականացնելու: «Փորձելու ենք Հայաստանում անցկացնել լեռնադահուկային տուր՝ ընդգրկելով բոլոր այն տարածաշրջանները, որտեղ լեռնադահուկային մրցումներ անցկացնելու հնարավորություն կա՝ Ապարան, Վանաձոր, Ջերմուկ, Ծաղկաձոր:

Սա մի քանի խնդիր է լուծում: Տեղի մարզիկներն իրենց քաղաքում, գյուղում, մարզում հանդես գալու բացառիկ, իսկ մյուսների համար հերթով նոր սահուղիների վրա հանդես գալու բացառիկ հնարավորություն են ստանում, այսպես ասած, փոխայցելությունների ձեւաչափով: Սա նաեւ լեռնադահուկային սպորտը խթանելու հիանալի միջոց կարող է դառնալ: Իսկ ֆեդերացիան այդպես ոչ միայն կտեսնի, թե տեղերում ինչպես են աշխատում, այլեւ կկարողանա ի հայտ բերել շնորհալի ու հեռանկարային պատանի ու երիտասարդ մարզիկներ: Դրա համար կան տեխնիկական բոլոր հնարավորությունները»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031