Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկիչներ եւ ահաբեկվածներ

Դեկտեմբեր 14,2015 12:00

«Իսլամական պետություն» կոչված երեւույթը միանգամայն նոր արհավիրք ու պատուհաս է աշխարհի մարդկության համար: Փարիզի ահաբեկչությունից ընդամենը մի քանի օր առաջ էր Եգիպտոսում տեղի ունեցել ռուսական ինքնաթիռի պայթյունը:

Եգիպտոսի ու Ռուսաստանի պաշտոնական շրջանակները շտապեցին հայտարարել, որ տվյալ ավիավթարը ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ եւ տվյալ ինքնաթիռի անսարքության արդյունք էր: Մինչդեռ «Իսլամական պետության» ներկայացուցիչները բացահայտ հայտարարում էին, որ դա իրենց ձեռքի գործն է: Համաձայնեք, որ սա մինչ այժմ չտեսնված ու աննախադեպ երեւույթ է, երբ ահաբեկիչները բացահայտ ստանձնում են ահաբեկչության ողջ պատասխանատվությունը, իսկ ահաբեկված տուժողներն, ընդհակառակը, աշխարհին ու իրենք իրենց համոզում են, որ տվյալ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնածները ոչ մի կապ չունեն տվյալ ահաբեկչության հետ, եւ տվյալ ահաբեկչությունն էլ ահաբեկչության հետ որեւէ կապ չունի:
Մինչ ավիավթարից տուժածները սգահան կլինեին, տեղի ունեցավ Փարիզի արհավիրքը, որի պատասխանատվությունը նույնպես նույն «Իսլամական պետության» ներկայացուցիչներն ստանձնեցին:

Չնայած ահաբեկիչների այս ամենավերջին ոհմակն իրեն «Իսլամական պետություն» է անվանում եւ հանդես է գալիս որպես Սիրիայի շահերի պաշտպան, չենք կարծում, թե սրանց այս, մեղմ ասած, անմարդկային ու հակամարդկային գործողություններն իսլամի ու Սիրիայի շահերից են բխում, եւ չնայած սրանց երազանքն Արաբական Խալիֆաթի վերականգնումն է, ավելի քան հնարավոր է, որ սրանց այս անհեռանկարային գործողություններն ու ինքնագործունեությունը ճիշտ հակառակ արդյունքը տան, եւ սրանց այս շարունակվող ահաբեկչության արդյունքում Սիրիան ավելի ահավոր վիճակում հայտնվի:

Բայց դա իրենց խնդիրն է, եւ իրենց խնդիրների մասին իրենք պիտի մտածեն, այլ ոչ թե մենք՝ մանավանդ որ մտածելու համար մենք մեր խնդիրներն ունենք, որոնք ծովից ծով են: Մենք ասելով՝ ոչ թե հայերիս նկատի ունեմ, ոչ թե միայն քրիստոնյաներին նկատի ունեմ, այլեւ բոլոր նրանց, ովքեր ոչ միայն չեն ընդունում եւ ի խորոց սրտի ատում են սրանց, այլեւ ի վիճակի չեն հասկանալ սրանց գաղափարախոսությունը, եւ եթե ասենք, որ սրանց գաղափարախոսությունն իսլամն է, էլի սխալված կլինենք, որովհետեւ այս «Իսլամական պետություն» կոչվածը նույն ոգով ու նույն ոգեւորությամբ նաեւ իրենց իսլամականներին է խփում, բայց քանի որ մեզ համար միանգամայն անհասկանալի են էս շիաների ու սունիների թշնամության իմաստն ու նպատակը, ավելի լավ է չխորանանք դրանց մեջ եւ մեր մասին մտածենք. նրանց մասին, ովքեր ահաբեկիչ չեն եւ ոչ էլ ոգեւորվում ու ոգեշնչվում են ահաբեկիչների գործողություններով: Հուսով եմ, որ նրանք մարդկության գերակշիռ մեծամասնությունն են, ու նաեւ հուսով եմ, որ նրանք վերջապես միասնաբար կմտածեն չարիքից ազատվելու մասին եւ միասնաբար կգտնեն ելքը: Ինքնասպան ահաբեկիչների դեմն առնելու համար ինքդ պիտի առնվազն ինքնասպան ահաբեկիչ դառնաս, բայց քանի որ քրիստոնյաներիս դեպքում դա չլինելու բան է, ստիպված ենք այլ ելք գտնել: Դա ամենեւին դժվար չէ, որովհետեւ ելքը փաստորեն միակն է, եւ այդ միակ ելքը բոլորն են ընդունում ու շեշտում, եւ այդ ելքը միասնական պայքարն է «Իսլամական պետություն» կոչվածի դեմ: Միասնական ասելով՝ բոլորն առաջին հերթին նկատի ունեն Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին: Ասում ենք, որ գոնե այս հարցում այս երկու հզորները պիտի միասնաբար գործեն: Ասում ենք, բայց չենք կարծում, որ այս հարցն այս երկուսի համար առանձնապես տարբերվում է այլ հարցերից, եւ եթե Սիրիայի հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տեսակետները գոնե մի քիչ համընկնեին, այս ահաբեկիչներն ու այս վերջին ահաբեկչությունները գուցեեւ չլինեին էլ:

Բոլոր դեպքերում ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու մյուս հզորները պարտավոր են սթափվել ու միասնաբար պայքարել չարիքի դեմ, որովհետեւ առանձին-առանձին պայքարելու դեպքում կարող են երբեմն-երբեմն համագործակցել չարագործների հետ՝ ինչպես որ Բեն Լադենի օրոք էր պատահում: Բայց «Իսլամական պետությունը» Բեն Լադեն չէ, որ մի հարվածով խփես ու վերջացնես: Եվ մենք էլ ինքնասպան ահաբեկիչ դառնալու ոչ մի հույս չունենք: Մերը կարծես թե միտքն է: Ուրեմն՝ պիտի մտածենք: Ընդ որում՝ միասնաբար: Որովհետեւ ուրիշ ելք չունենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031