Հայտարարություն
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն աննախադեպ էր ընտրակեղծիքների առումով: Տեղական և միջազգային դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից հայտնաբերվել են լցոնումների, բազմակի քվեարկությունների, արձանագրությունների կեղծման հարյուրավոր դեպքեր, բազմաթիվ ընտրատեղամասերում բռնությամբ խոչընդոտվել է լրագրողների, վստահված անձանց, հանձնաժողովների անդամների աշխատանքը: Ընտրախախտումները կրել են զանգվածային և համակարգված բնույթ, ղեկավարվել են մեկ կենտրոնից, ընտրակեղծարարության հեղինակները գործել են բացարձակ անպատժելիության պայմաններում: Արդյունքում ամբողջովին նենգափոխել են քվեարկության արդյունքները, թույլ չեն տվել, որպեսզի տեղի ունենա հասարակության ազատ կամարտահայտում: Պաշտոնապես հայտարարված արդյունքները զուրկ են լեգիտիմությունից:
Դեկտեմբերի 6-ը նշանավորվեց ոչ միայն համատարած ընտրակեղծարարությամբ, այլև Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական բարձր գիտակցությամբ և քաղաքական հասունության դրսևորմամբ: Հանրության մեծամասնությունը մասնակցեց քվեարկությանը և ՈՉ ասեց Սերժ Սարգսյանի վերարտադրության նախագծին՝ այդ կերպ իր անվստահությունը հայտնելով վերջինիս:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրակեղծիքների դեմ պայքարել են բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, հանձնաժողովի անդամներ, լրագրողներ, որոնց սկզբունքային և ազնիվ կեցվածքի և մինչև վերջ անկոտրում մնալու կարողության արդյունքում հարյուրավոր ընտրատեղամասերում չի հաջողվել ապահովել ԱՅՈ-ի կեղծ հաղթանակ:
Կարդացեք նաև
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում ինչպես այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրատեղամասեր և ՈՉ քվեարկեցին, այնպես էլ բոլորին, ովքեր, հաճախ վտանգելով իրենց` պահպանեցին քաղաքացիների ձայները:
Մենք մեր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն ենք արտահայտում այն քաղաքացիների հանդեպ, ովքեր աջակցեցին մեզ քարոզարշավի շրջանում և քվեարկության օրը: Միայն ձեր օգնության շնորհիվ հնարավոր եղավ դեռ սեպտեմբեր ամսից կազմակերպել հանրահավաքներ Երևանում և մարզերում, փողոցային ակցիաներ, տպագրել հարյուրհազարավոր օրինակներով թռուցիկներ, թերթեր, պաստառներ, օգտվել վճարովի եթերաժամանակից: Առանց այս ամենի անհնար կլիներ քաղաքացիներին հասցնել ՈՉ-ի տեսակետները: Իսկ քվեարկության օրը, բոլոր այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն են իրականացրել նախաձեռնության դիտորդները, հաջողվել է պաշտոնական արձանագրություններում ամրագրել ՈՉ-ի հաղթանակը:
Մենք վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը մեր համախոհների և Հայաստանի քաղաքացիների հետ՝ հաստատելու ժողովրդավարական կարգեր երկրում: Հայաստանի քաղաքացին պետք է իր քվեով իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա և այս նվաճմանը հասնելը մենք համարում ենք մեր առաքելությունը: