«Առավոտի» ընթերցողներին արդեն ներկայացրել ենք նարնջի ջեմ պատրաստելու եղանակը, սակայն այս սեզոնին, երբ անընդհատ տաք թեյ եւ զանազան մուրաբաներ խմելու պահանջ է զգացվում, ի՞նչն է մեզ խանգարում նաեւ նարնջի մուրաբա պատրաստել: Առավել եւս, երբ այս տարի նարինջը աննախադեպ մատչելի է: Ի դեպ, այս նույն եղանակով կարելի է նաեւ թուրինջից եւ կիտրոնից մուրաբա ստանալ: Շատ հեշտ է, մատչելի, եւ շատ համեղ:
Անհրաժեշտ մթերքները
3 խոշոր նարինջ
1 կգ շաքարավազ
Կարդացեք նաև
200 գրամ ջուր
Պատրաստման եղանակը
Նարինջը շատ լավ լվանալ, ապա կեղեւահանել այնպես, որ նարնջի կեղեւի եւ միջուկի միջեւ եղած սպիտակ շերտը չմնա կեղեւի վրա: Այդ սպիտակ, դառնահամ շերտից պետք է ազատվել ամբողջովին: Նարնջի կտորները շերտատել, եւ յուրաքանչյուր շերտը մաքրել սպիտակ թափանցիկ թաղանթից:
Մինչ նարջնի թաղանթը մաքրելու երկարատեւ գործընթացի մեջ եք, դրեք թող եփվի շաքարի օշարակը: Շաքարավազի վրա լցրեք մեկ բաժակ ջուրը եւ դրեք մարմանդ կրակին: Եթե ուզում եք, կարող եք օշարակի մեջ դարչինի կամ վանիլի ձողիկներ էլ գցել՝ 1-2 հատիկ կամ մի քանի շերտ թարմ կոճապղպեղ, բայց դա ամենեւին պարտադիր չէ, քանի որ ցիտրուսային մրգերը հավելյալ համի անհրաժեշտություն չունեն:
Երբ ողջ նարինջը մաքրած կլինեք թաղանթից, լցրեք եռացող օշարակի վրա: Նարինջը օշարակի վրա լցնելուց հետո սպասեք, հենց նորից սկսի եռալ, անջատեք: Երկու-երեք ժամ հետո, երբ մուրաբան լրիվ սառած կլինի, կրկին դրեք կրակին, սպասեք մինչեւ հասնի եռալու աստիճանին: Հենց եռա, կրկին անջատեք, թողեք հովանա:
Այդ ընթացքում նարնջի կեղեւները (որոնց վրա ոչ մի կտոր սպիտակ դառնահամ շերտ չպետք է լինի), մանր կտրատեք՝ ձողաձեւ: Նարնջի կեղեւի կտորները լցրեք եռացող ջրի մեջ, թողեք մեկ րոպե եռա, լցրեք քամիչի մեջ, ջուրը թափեք: Մեկ անգամ եւս թարմ ջուր լցրեք կաթսայի մեջ, դրեք թող եռա եւ նարնջի կեւեղները կրկին եռացրեք ջրի մեջ, ապա նորից հանեք, լցրեք քամիչի մեջ:
Երբ մուրաբան լրիվ սառած կլինի, կրկին դրեք կրակին, ավելացրեք նարնջի կեղեւները, եւ թողեք, որ հերթական անգամ մուրաբայի եռը գա: Անմիջապես ցածրացրեք կրակը: Շատ մարմանդ կրակի վրա մուրաբան թողեք 15-20 րոպե եփվի, ապա տաք-տաք վիճակում լցրեք ապակյա տարաների մեջ եւ ամուր փակեք կափարիչով:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
12.12.2015
miam !
այս մէկը «մարմըլեյդ» կը կոչվի, չէ՞.
ծագումը անգլիական է.
կարելի է մի քիչ կիտրոն ալ խառնել, նոյն ձեւերով