Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում ներկայացվեց նաեւ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջնորդությունը:
Միջնորդությունում նշված է, որ թիվ 3 եւ թիվ 4 ընտրատարածքներում կատարված վերահաշվարկի ընթացքում ակնհայտ եւ աղաղակող փաստեր են ի հայտ եկել, որոնք ապացուցում են, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում համատարած ուրիշի փոխարեն քվեարկություններ եւ լցոնումներ են կատարվել: Լեւոն Զուրաբյանը միջնորդում է սեփական նախաձեռնությամբ, հրապարակային վիճականությամբ կատարել վերահաշվարկ հինգ տեղամասում, որտեղ հաղթել է «Այո»-ն, իսկ մասնակցության տոկոսը կազմում է ցուցակում առկա ընտրողների 60 տոկոսից ավելին:
Նիստին ներկա էր նաեւ Լեւոն Զուրաբյանը, նա իր ելույթի ընթացքում ասաց, որ հանրաքվեն ամբողջովին կեղծված է, որ իրական մասնակցությունը եղել է 825 հազար, «Ոչ» քվեարկել են 575 հազար քաղաքացի, իսկ մոտավորապես 200 հազար քաղաքացի քվեարկել է «Այո»: Նա հայտարարեց, որ կողմը դա կապացուցի կիրակի՝ դեկտեմբերի 13-ին, կայանալիք նիստի ընթացքում. «Այսօր մենք ցանկանում ենք խոսել մի միջնորդության մասին, որը եթե բավարարվի, լիակատար պարզություն կմտցնի բոլոր վիճակների, հարցերի մեջ»:
Երբ Լեւոն Զուրաբյանը համայնքներում մասնակցության թվերն էր ներկայացնում եւ հայտարարեց, որ «Այո»-ն չի անցել, նիստերի դահլիճում ներկաներից մեկը սկսեց ծափահարել, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խնդրեց նրան դուրս գալ: Դահլիճում ներկա էր նաեւ Վարդգես Գասպարին, նա ի պաշտպանություն ասաց. «Ներողություն, պարոն Մուկուչյան, մենք ներկա ենք եղել, որ Ձեր աջակիցները ինչպիսի լկտի, ցինիկ վերաբերմունք են արտահայտել դիտորդների նկատմամբ, Youtube-ը ողողված է դրանով, հիմա մի հատ ծափահարելու համար մարդու դո՞ւրս եք հրավիրում»: Տիգրան Մուկուչյանը շարունակում էր պնդել, որ նիստին խոչընդոտողները դուրս գան նիստերի դահլիճից: Ի պաշտպանություն նրանց, դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Տիգրան Մուկուչյանը նիստը հայտարարեց ընդմիջված, նա ներկաներին կոչ արեց նիստը տարբերել միտինգից, ծափահարությունների ավարտից հետո այն շարունակվեց:
Կարդացեք նաև
Տիգրան Մուկուչյանը հրապարակեց որոշման նախագիծը, ըստ որի առաջարկում էր մերժել միջնորդությունը: Որոշման նախագծում նշված է, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը վերահաշվարկ իրականացնելու լիազորություն չու
նի, այն կարող են իրականացնել միայն ընտրատարածքային հանձնաժողովները: Քվեարկություն կատարվեց, հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին նախագծին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ