ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 26/29 ընտրատեղամասում հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ։
2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել թիվ 26/29 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից, որ Քասախ գյուղում տեղակայված թիվ 26/29 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղամասային հանձնաժողովի անդամը, ենթադրելով, որ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների կողմից կատարվում է ընտրախախտում, վրդովվել է դրանից, քվեատուփը հարվածել է գետնին և կոտրել այն, ինչի հետևանքով շուրջ 30 րոպե խոչընդոտվել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին