Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը՝ Սիբիլին. «Քու պատճառով հայերեն սորվիլ կուզենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2015 14:32

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ եւ թուրք երաժիշտները դեկտեմբերի 14-ին՝ Երեւանում, իսկ դեկտեմբերի 22-ին՝ Ստամբուլում, հանդես կգան «Ներդաշնակության մեղեդի» խորագրով բացառիկ համերգով, որին մասնակցելու են  «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք-խումբը, ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլը: Aravot.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե ինչ կատարումներով է հանդես գալու: «Երգելու եմ «Բարի արագիլ»-ը եւ «Կիլիկիա»-ն, Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ»-ը եւ «Միայն դու» երգը: Երեկ առաջին անգամ փորձեր կատարեցինք, ամեն ինչ բավականին լավ էր հնչում: Յուրօրինակ ներդաշնակություն կա իմ եւ երաժիշտների միջեւ»,-ասաց երգչուհին: Նրա խոսքով՝ մշակույթը սահմաններ չունի եւ երկու պետությունների միջեւ առկա քաղաքական իրադրությունը չի խոչընդոտում մշակութային կապերի հաստատմանը. «Շատ թուրք երաժիշտներ են աջակցում ինձ, հրավիրում համերգների եւ նպաստում, որպեսզի հնչի հայկական երգը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ հայալեզու երգերը Թուրքիայում հնչեցնելու խնդիր չունի. «Թուրք երգչուհիներից մեկը «Սարի աղջիկ» երգը կատարելիս սկիզբը երգում է հայերեն, շարունակությունը՝ թուրքերեն, այսինքն՝ հայերենը հնչում է: Ես մշակույթս հայերեն ներկայացնելու փափագ ունեմ, այդ պատճառով էլ միայն հայերեն եմ երգում: Համերգներ եմ ունենում հայկական միջավայրում, հրավերներ եմ ստանում նաեւ թուրք երաժիշտներից»:

Սիբիլը տեղեկացրեց, որ վերջերս թուրք երաժիշտ Օսման Յուրդալ Թոքջանի հրավերով համերգի է մասնակցել. «Իսրայելից եւ Հունաստանից ժամանած երաժիշտների թվում ես միակ երգչուհին էի, ով հայերեն մեկ երգ կատարեց: Այդ ժամանակ ԱՄՆ պետք է մեկնեի, եւ Յուրդալ Թոքջանը փոխեց համերգի օրը, որպեսզի ես էլ կարողանայի մասնակցել: Հանդիսատեսից 198 հոգի թուրք էին, մի քանիսը՝ հայ»:

Նշենք, որ Օսման Յուրդալ Թոքջանը եւս դեկտեմբերի 14-ին մասնակցելու է համերգին: Սիբիլին նաեւ հարցրեցինք, թե ինչպիսին է թուրք հասարակության մոտեցումը հայկական երաժշտության հանդեպ. «Ժողովուրդը բավականին մոտ է հայկական երգին: Երբ առաջին ալբոմս թողարկեցի, անհավատալի էր, բայց թուրք հանդիսատեսից շատ դրական կարծիքներ լսեցի: Ասում էին՝ «քու շնորհիվ հայկական երգ լսեցանք, քու պատճառով հայերեն սորվիլ կուզենք»: Թուրքիայի իշխանությունների համար կարեւոր է հայկական մշակույթը, դեռեւս օսմանական շրջանից հայ երաժիշտներ են գործել»,-ասաց Սիբիլը:

Հավելենք, որ Օսման Յուրդալ Թոքջանն առաջիկայում թողարկելու է Պոլսի հայ երաժիշտների հեղինակած երգերի սկավառակը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Հիմա ըսէք ով աւելի հզօր է Մայրենի լեզուն թէ ատելութեան թնդանօթները։ ?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031