Ֆուտբոլի համաշխարհային օրվա շրջանակներում այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը, որը դեկտեմբերի 20-ին կդառնա 60 տարեկան, խոսեց Վարուժան Սուքիասյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու, հայկական ֆուտբոլի անցյալի եւ ներկայիս իրավիճակի մասին:
Հիշելով իր ժամանակի «Արարատի»՝ ԽՍՀՄ առաջնության հանդիպումների մասին՝ Սամվել Ղասաբօղլյանը բացահայտեց «Հրազդան» մարզադաշտի մի գաղտնիք:
«Քաջ տեղյակ եք, որ ստադիոնը գտնվում է կիրճում, որտեղ քամիներ կան եւ ստադիոնի աշխատակիցները սովորել էին «կառավարել» այն: Պատահում էր, որ երբ մենք հարձակվում էինք հարավային դարպասի ուղղությամբ, ստադիոնի աշխատակիցները փակում էին հյուսիսային դարպասի ետեւում գտնվող ստադիոնի մեծ դարպասը, բացում հարավայինը եւ քամին գնդակի ընթացքին լրացուցիչ թափ էր հաղորդում եւ հակառակը, եթե մրցակիցն էր գրոհում, փակում էին ստադիոնի հարավային դարպասը, բացում հյուսիսայինը եւ քամին դանդաղեցնում էր մրցակցի ուղարկած գնդակի ընթացքը», – ասաց ճանաչված ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ