Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում Հայաստանի դեսպանները հավաքվել են

Դեկտեմբեր 11,2015 23:00

Դեկտեմբերի 11-ին Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը, ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցությանն անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը, Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայացած նախարարական համաժողովին, Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։

Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեության միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Քննարկումների կարևոր առարկա էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ամփոփվեցին այս կապակցությամբ կազմակերպված միջոցառումները և դրանց արդյունքները, քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով կատարված աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց. «Արձանագրված արդյունքները մեզ պարտավորեցնում են գործել առավել նպատակասլաց և հետևողական»։

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները տեղեկացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը, ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունների հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրավիճակի շեշտակի սրումը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների` Բելգրադում հնչեցված կոչին՝ վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման հանձնառությունը, ապտակ է եռանախագահող երկրներին և միջազգային հանրությանը։

Խորհրդակցության մասնակիցները հանգամանալից քննարկեցին արտաքին տնտեսական քաղաքականության ուղղությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքները, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերը։

Անդրադարձ արվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031