«Ընդդիմության միասնական շտաբ»-ը դատապարտում է Ոստիկանության անօրինական գործողությունները, ինչի հետևանքով հերթական անգամ խոչընդոտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի 11-ի խաղաղ հավաքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Ոստիկանությունը հանեց իրավապահի դիմակը և ցույց տվեց իր իրական դեմքը: Ոստիկանության լիազոր ներկայացուցիչ գնդապետ Վ. Օսիպյանը հրապարակավ հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ից սկսած Ոստիկանության բոլոր գործողությունները ուղղված են եղել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի, այսինքն՝ կոնկրետ քաղաքական ուժի դեմ: Նա հայտարարեց նաև, որ Ոստիկանությունը խտրական վերաբերմունք է դրսևորում քաղաքական ուժերի նկատմամբ և, ըստ այդմ՝ նրանց հանդեպ ցուցաբերում է տարբերակված մոտեցում:
Միևնույն ժամանակ՝ գնդապետ Վ. Օսիպյանը անհիմն մեղադրանք ներկայացրեց դեկտեմբերի 11-ի հավաքին մասնակցող հազարավոր քաղաքացիներին և այդ մարդկանց սպառնաց նրանց նկատմամբ ոստիկանական ուժ գործադրելու իր պատրաստակամությամբ:
Այս հայտարարությունները բացատրում են այն երևույթը, թե ինչու է Ոստիկանությունը դեկտեմբերի 1-ից սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հավաքների ժամանակ հետևողականորեն և անպատիժ կերպով խախտում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված իր պարտականությունները՝ դրսևորելով կամայականություն և չարաշահելով իր լիազորությունները:
Կարդացեք նաև
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ դեկտեմբերի 1-ից սկսած անպատժելիության թողտվությամբ ոստիկանական ուժերի աննախադեպ գերկենտրոնացումը մայրաքաղաքում սպառնալիք է Հայաստանի ներքին կայունության համար:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»