Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մարգարյան. «Վա՜յ այն իշխանությանը, որն իր ժողովրդի թուլության մեջ կտեսնի իր ուժը»

Դեկտեմբեր 11,2015 20:20

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը  ՀՅԴ 125 ամյակի հանդիսավոր միջոցառմանը

Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին:

Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:

Հարյուր քսան հինգ տարի առաջ՝ 1890 թվականին, երբ Արևելքն՝ իբրև քաղաքակրթական բևեռ, ժամանակավորապես կլանել էր Հայաստանը, երբ պետականությունից զրկված մեր ժողովուրդը աստիճանաբար զրկվում էր նաեւ իր տուն ու տեղից, երբ հայոց հինավուրց հողի վրա մոլեգնում էր թշնամու վայրագությունը, երբ այլևս Թուրքիայում հայը չեր կարող ապրել իբրև մարդ, իսկ Ռուսաստանում՝ իբրև հայ ազգության ներկայացուցիչ՝ Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր:

Հայկական պետականության բացակայությունը վտանգել էր մեր ժողովրդի գոյությունը սեփական հողի վրա: Թշնամու օրակարգում էր հայի ֆիզիկական վերացման հարցը: Փորձը ցույց էր տվել, որ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը սոսկ ռազմական դիրքերից բավարար չէր: Ազգի փրկության, գոյատեւման եւ պետականության կերտման համար անհրաժեշտ էր գաղափարական հենք:

Անհրաժեշտ էր մի կազմակերպություն, որը նորովի կմարմնավորեր հայ ժողովրդի առաքելությունը՝ հինավուրց հայրենիքում սեփական ինքնության հաստատման համար:

Դաշնակցությունն էր այդ կազմակերպությունը, որը կարողացավ համադրել ազատության գաղափարի վրա հիմնված ժամանակի արևմտյան ռացինոլաիզմը և ուղղափառությունից հեղափոխական պայքարի ասպարեզ տեղափոխված արդարության ընկալումները։ Քանզի միայն սեփական ինքնության վերահաստատման միջոցով էր հնարավոր հեղափոխական պայքարի քուրայում կերտել նոր հայություն և նոր Հայաստան։

Դաշնակցությունը դարձավ հայ մշակույթի ներդաշնակության դարավոր ավանդությունները ժառանգած այն հայկական կազմակերպությունը, որի ծնունդը եկավ վկայելու, որ չնայած բոլոր արհավիրքներին՝ մեր ժողովուրդը պահպանել է իր քաղաքակրթական տիպը։ Ուրեմն՝ Դաշնակցությունը ազատագրական պայքարի ընթացքում ծնունդ առած սովորական կուսակցություն չէր, քաղաքականությունը սոսկ հայի ու թուրքի կռիվ պատկերացնող հայրենասիրական պարզունակ դրսևորում չէր, այլ մեր ինքնության ավանդական բաղադրիչների նորացված բովանդակության վրա հիմնված ազգային կամքի այն կենտրոնը, որը 19-րդ դարում կրոնական համայնքից հայությանն առաջնորդեց պետություն ու պատմություն կերտող ազգ դառնալու դժվարին ուղի։

Փառք ու պատիվ քրիստափորներին, զավարյաններին, ռոստոմներին։

Օսմանական ցեղասպան քաղաքականությունը կարող էր հաջողության հասնել եւ  իսպառ վերջ դնել հայ ժողովրդի գոյությանը, եթե չբախվեր կազմակերպված դիմադրության, եթե չկազմվեին հայկական կամավորական գնդերը, եթե չպարտավորեցնեինք թուրքական զորքերին կանգ առնել Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում։

Այո, եթե չլիներ մեր 30-ամյա ազատագրական պայքարի փորձն ու կազմակերպվածությունը, եթե ձևավորված չլիներ ազգի կամքի կենտրոնը, վերջապես ավերակների վրա իբրև փյունիկ չեր հառնի Հայաստանի անկախ պետականությունը։

Հայկական անկախ պետականության կերտումով վերջակետ դրվեց ազգի կործանման ընթացքին եւ հիմք դրվեց հետագա վերելքին։

Փառք ու պատիվ արամմանուկյաններին, ռուբենտերմինասյաններին, նժդեհներին, դրոներին, անդրանիկներին։

Առջեւում պատմության մի վիթխարի շրջան էր, երբ ցեղասպանությունից փրկված եւ աշխարհով մեկ սփռված գաղթականությանը հայկական ոգով եւ էությամբ կազմակերպելու գործը անհնար էր իրականացնել խորհրդային կարգերով կաշկանդված հայրենիքից, երբ զուգահեռաբար անհրաժեշտ էր առաջ տանել Հայ դատը եւ աշխարհին թույլ չտալ մոռանալ Հայոց ցեղասպանությունը:

Դաշնակցության նվիրական պայքարի ու համառության շնորհիվ էր, որ իրականացվեց այս ամենը:

Փառք ու պատիվ աղբալյաններին, լևոնշանթերին, նավասարդյաններին, մարուխյաններին, լիսբոնի 5-ին, աբոաշճյաններին։

Անկախության ձեռքբերմանը եւ հայկական պետականության վերականգնմանը  զուգահեռ, մենք ևս վերընձյուղվեցինք Հայրենիքում։ Մենք վերսկսեցինք մեր գործը՝ հավատարիմ մնալով մեր էությանը, անմնացորդ նվիրվեցինք Արցախի ազատագրական պայքարին՝ կանգնելով հայկական երկրորդ հանրապետության՝, Արցախի անկախ պետականության կերտման ակունքներում։

Փառք ու պատիվ արթուրմկրտչյաններին, աշոտղուլյաններին, շահենմեղրյաններին, արամպողոսյաններին, վարդանդուշմաններին, պետոներին։

Մենք գործեցինք այլեւս մեր երկրում՝ ունենալով երեք նշանաբան․ Արցախ, արդարություն, միասնականություն։

Ցավոք, մեր այդ նշանաբանները խորթ էին ոմանց համար, ոմանց համար խորթ էր մեր էությունը: Եւ փոխանակ մեր դարավոր փորձն ու հնարավորությունները օգտագործվեին ի նպաստ հայրենիքի կայացման, փորձ արվեց կոտրել մեզ: Արդյունքում, իհարկե, կոտրվեցին այդ փորձն անողները, բայց ափսոս էին այն ժամանակն ու միջոցները, որ մսխվեցին՝ կոտրելու համար մի բան, որն անհնար է կոտրել: Անհնար է կոտրել իրական ազգայինը, իրապես գաղափարականը:

Փառք ու պատիվ հրայրմարուխյաններին, խաժակտերգրիգորյաններին, վահանհովհաննիսյաններին։

Մենք հնարավորինս աջակցեցինք Հայաստանի Հանրապետության զարգացմանը՝ լինելով թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն: Մենք չխուսափեցինք պատասխանատվությունից, բայց եւ չդարձանք գործիք, ոչ թե լծվեցինք ուրիշների կառքին, այլ փորձեցինք այդ կառքը հանել ցեխից եւ դնել հարթ ճամփի վրա:

Զուգահեռաբար մեր հրամայականը մնաց հայ դատը, եւ երբ  սպառնալիք զգացինք մեր պահանջատիրության գործին, մենք գերադասեցինք վերստին մեր ուժերը կենտրոնացնել այդ ճակատում: Բայց մենք դա արեցինք այնպես, որ չվնասենք դժվարությամբ ձեռք բերված մեր պետության կայունությանը, շարունակենք նպաստել ներքին առաջընթացին:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպումը, ազգովի համախմբումը, մեր ազգային-քաղաքական ուղղությանը ամբողջությամբ համապատասխան, պատմական  հույժ կարևորություն ունեցող, հռչակագրի ընդունումը եկան ապացուցելու, որ ճիշտ ուղուց չշեղվելու մեր ջանքերը հաջող էին, բայց լիարժեք հաջող կլինեն, եթե ազգային միասնականության մթնոլորտը, որ ձեւավորվեց Ցեղասպանության 100-ամյակի տարում, նոր հանգրվանի՝ պահանջատիրության շրջանի սկիզբ դառնա։

Հայրենիքում վերահաստատվելու առաջին օրվանից մինչ հիմա Դաշնակցության համար առաջնահերթություն է Արցախի հարցը: Մենք միշտ համոզված ենք եղել, որ այն պահին, երբ դադարի բաբախել Արցախի զարկերակը, կանգ կառնի նաեւ Հայաստանի սիրտը: Իրական պատերազմում հաղթած ժողովուրդը իրավունք չունի պարտվելու քաղաքական, քարոզչական, դիվանագիտական ճակատներում։

Դաշնակցությունը Արցախի կողքին է եղել միշտ, Արցախի կողքին է նաեւ հիմա: Հատկապես հիմա, երբ Ադրբեջանը փորձում է սահմանային մաշող պատերազմով և նավթի դոլարներով քարոզչական արշավ տանել մեր դեմ, մենք փորձում ենք օգտագործելով մեր կազմակերպության ու հայ դատի ցանցի կարողությունները արծարծել Արցախի անկախ հանրապետության ճանաչման հարցն ու համապատասխան քարոզչական հակահարված տալ հակառակորդին:  Այդուամենայնիվ, մենք հավատացած ենք, որ այս ուղղությամբ հայկական բանակի հերոսական ճիգերին զուգահեռ՝ պետք է կազմակերպել ու ոտքի հանել պետական ու ազգային մեր ողջ պոտենցիալը։ Առողջ, ազգային բանակի թիկունքին, եթե կա կազմակերպված պետական քաղաքականություն ու միասնական ժողովուրդ՝ մենք անպարտելի ենք լինելու։

Իր ողջ կենսագրության ընթացքում Դաշնակցությունը եղել է այնտեղ, ուր հային վտանգ է սպառնացել: Այսօր մենք սիրիահայության կողքին ենք եւ, մեր ջանքերը համադրած պետության եւ ողջ հայության ջանքերի հետ՝ կարողացել ենք Սիրիայում ստեղծել միասնական մթնոլորտ։ Կարողացել ենք նաեւ մեր միասնական ու  հետեւողական աշխատանքով նպաստել Սիրիայում բնակվող հայերին ներսիրիական հարցերում ճիշտ կողմնորոշվելու եւ իբրեւ համայնք՝ հարձակումների ուղղակի թիրախ չդառնալու: Սակայն ակնհայտ է վնասների, կորուստների, ավերածությունների, մարդկային դժբախտությունների մեծ ծավալը, և մենք պետք է շարունակենք հետևողական կերպով մեր զորակցությունը ցուցաբերել առաջին հերթին Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, ապա հայրենիքում հաստատված սիրիահայերին և վերջապես ամենուր, որտեղ ճարահատ հայտնվել են նրանք։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 125 տարի տանում է քաղաքական պայքար: Վերջին 25 տարիներին քաղաքական այդ պայքարը մենք տարել ենք հայրենիքում: Արժե նկատել, որ դա չափազանց բարդ է եղել եւ չափազանց բարդ է եղել հիմնականում այն պատճառով, որ մենք քաղաքական պայքար ենք մղել քաղաքական դաշտի գրեթե բացակայության պայմաններում: Մեր գործունեությամբ մենք փորձել ենք ամեն կերպ նպաստել քաղաքական դաշտի ձեւավորմանը, որովհետեւ  համոզված ենք եղել, որ միայն առողջ քաղաքական դաշտի եւ մրցունակ քաղաքական ուժերի առկայության պարագայում է հնարավոր հասնել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, հետեւաբար՝ ժողովրդի բարեկեցության: Մենք եղել ենք խորհրդարանական համակարգի եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն ու ջատագովը: Մեր կուսակցության 125-ամյակը նշանավորվեց սահմանադրական հանրաքվեում «Այո»-ի հաղթանակով, հետեւաբար եւ մեր երկարամյա պայքարի հաղթանակով:

Միով բանիվ մեր պայքարը շարունակվում է: 125 տարի մենք արդարության ճանապարհին ենք եւ շարունակելու ենք մնալ այդ ճանապարհին այնքան, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել:

Իմ խոսքի սկզբում ես ասացի, որ չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ: Չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:

Խոսելով Դաշնակցության եւ դաշնակցականների մասին, ես շարունակելու եմ խոսել հայրենիքի ու հայ մարդու մասին:

Այն հայրենիքի, որ երազել ենք ունենալ դարեր ի վեր: Այն հայ մարդու, ով դարեր ի վեր պայքարում է իր երազած հայրենիքն ունենալու համար:

Պետք է հավատալ միայն այս երկուսին՝ մեր երազած հայրենիքին ու դրա համար պայքարող հայ մարդուն:

Լեռնային մի կիսադատարկ գյուղում ապրող ծերունին շարունակում է մշակել իր հողը, որովհետեւ հավատում է, որ արտերկիր մեկնած իր որդիները մի օր կվերադառնան ու տեր կկանգնեն այդ հողին: Նշանակում է՝ նա հավատում է իր հայրենիքին ու պայքարում է դրա համար: Նշանակում է ես հավատում եմ այդ ծերունուն:

Երեւանյան դպրոցներից մեկում դասավանդող ուսուցչուհին, ում աշխատավարձը հազիվ է բավականացնում ապրելու համար, անշահախնդրորեն շարունակում է հայրենասերներ դաստիարակել, որովհետեւ հավատում է, որ նրանք են տեր կանգնելու հայրենիքին:

Ամիսներով աշխատավարձ չստացած շինարարը ինչ-որ տեղ շարունակում է կառուցել մի շենք կամ մի ճանապարհ՝ հավատացած, որ կառուցում է իր հայրենիքը:

Սահմանային զորամասերից մեկում ծառայող սպան շարունակում է աչալուրջ հետեւել իր զինվորներին, ովքեր նույնքան աչալուրջ հսկում են հայրենիքի սահմանը:

Աշխարհի իր անկյունում՝ սեփական հայրենիքում, ստեղծագործող անքուն արվեստագետը շարունակում է անել իր գործը՝ նկարում է մի նկար, գրում է մի երգ կամ մի բանաստեղծություն, որովհետեւ հավատում է, որ որքան մեծ է աշխարհը՝ նույնքան մեծ է իր հայրենիքը:

Նշանակում է այս մարդիկ հավատում են իրենց հայրենիքին ու պայքարում են դրա համար: Նշանակում է ես հավատում եմ այս մարդկանց:

Ես հավատում եմ հայ գյուղացուն, ուսուցչին, շինարարին, սպային ու զինվորին, նկարչին ու բանաստեղծին ու բոլոր նրանց, ում չթվարկեցի, բայց ովքեր իրենց տեղում անշահախնդրորեն անում են իրենց գործը՝ նշանակում է պայքարում են հայրենիքի համար:

Ամենակարեւորը հայրենիքի ընկալումն է: Ավա՜ղ շատերը, շատ շատերը հայրենիքն ընկալում են սոսկ իբրեւ բառ, իբրեւ վերացական մի բան: Ոչ, հայրենիքն ամբողջովին առարկայական է, այն հող ու ջուր է, ինչպես մարդը՝ միս ու արյուն:

Վերացական մի տեղում անկարելի է ապրել, վերացական մի բանը անկարելի է շենացնել:

Շատ շատերն ասում են՝ հայրենիքը մեր սրտում է: Սա հայրենիքը սիրելու, չակերտավոր սիրելու ամենահեշտ ձեւն է: Այստեղից մի քայլ է, երբ հայրենիքը դառնում է միջոց:

Ոչ, հայրենիքը նախեւառաջ մեր ոտքի տակ է: Գուցե սա կոպիտ է հնչում, բայց միայն այս կերպ է այն դառնում գիտակցված հայրենիք: Իսկ երբ դառնում է գիտակցված, այլեւս չես կարող նրա հետ վարվել ինչպես ուզում ես: Գիտակցված հայրենիքը չի կարող դառնալ միջոց, միջոց՝ անձնական, խմբակային շահեր հետապնդելու համար:

Արդյո՞ք մեր ողջ պատմության ընթացքում մեր հիմնական խնդիրը չի եղել հայրենիքի չգիտակցումը: Արդյո՞ք անձնական եւ խմբակային շահերի հետապնդման հետեւանք չի եղել այն, որ մենք չենք կարողացել եւ համառորեն չենք կարողանում ունենալ մեր ուզած հայրենիքը:

Այն քիչը, որ ունեցել ենք, եւ այն, ինչ ունենք հիմա, շնորհքն է այն հայ մարդկանց, ովքեր գիտակցել են հայրենիքը:

Մենք ոչ մի բանի չէինք հասնի, եթե չպահպանեինք հայ մարդուն: Հայ մարդուն հայրենիքից դուրս եւ իհարկե հայրենիքում: Քաղաքակրթությունը, մարդասիրությունը, ուժն ու հզորությունը, միայն բառեր են, անշուշտ՝ չափազանց արժեքավոր, բայց միայն բառեր, եթե մարդը կտրվում է իր արմատներից: Մեր պարագայում՝ յուրաքանչյուր հայ, ուր էլ որ նա ապրի, կտրվելով իր արմատներից կարող է կտրել հայի արմատն ընդհանրապես: Այս գիտակցումն է, որ մշտապես առաջնային է դարձրել հայապահպանության խնդիրը: Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ուրուգվայում կամ Ավստրալիայում բնակվող հային հայ պահել, չթողնել, որ նա կտրվի իր արմատներից: Այս գիտակցումն է, որով անհրաժեշտ է եղել առաջնորդվել: Առաջնայինը եղել է հայապահպանությունը: Հային իր արմատներին կպած պահելը: Փառք Աստծո՝ կարողացել ենք: Դրա ապացույցն են հայրենիքից դուրս ապրող այն միլիոնավոր հայերը, ովքեր հայ են:

Բայց հային պետք է հայ պահել նաեւ ներսում՝ հայրենիքում:

Մեր տեսակի եւ մեր ինքնության մասին է խոսքը:

Հայի տեսակն ու ինքնությունը ոչ մի կապ չունեն թուլության, վախկոտության ու հարմարվողականության հետ: Հայի տեսակն ու ինքնությունը ոչ մի կերպ չեն ենթադրում, շողոքորթություն, քծնանք ու բամբասանք:

Մենք չենք կարող ունենալ մեր ուզած հայրենիքը, եթե մենք տուրք տանք մարդկային այս ճղճիմ հատկություններին: Այո, մեր տեսակի մեջ դրանք չկան, սակայն մեզ մշտապես փորձել են այդպիսին դարձնել: Եւ, որ ամենավատն է, փորձել են ոչ միայն ուրիշները, այլեւ՝ մենք:

Երբ ժողովուրդը թուլանում է, երբ ժողովուրդը վախենում է, երբ ժողովուրդը հարմարվում է, երբ ընդունակ է շողոքորթել ու քծնել, ժողովուրդը դառնում է հեշտ կառավարելի: Հեշտ կառավարելի ժողովուրդը ձեռնտու է եղել մեր թշնամուն, ձեռնտու է եղել ոչ մեր սեփական երկրի իշխանությանը: Երկար ու ձիգ տարիներ մեզ փորձել են դարձնել այդպիսին: Չեն կարողացել, որովհետեւ վճռորոշ պահին միշտ գլուխ է բարձրացրել մեր իրական տեսակը՝ ուժեղ խրոխտ ու հպարտ տեսակը:

Բայց ամենասարսափելին այն է, երբ ներսից է փորձ արվում ինքներս մեզ դարձնել վախկոտ, թույլ, այսինքն՝ հեշտ կառավարելի:

Վա՜յ այն իշխանությանը, որն իր ժողովրդի թուլության մեջ կտեսնի իր ուժը: Վա՜յ այն իշխանությանը, որն իր թուլությունը կպարտադրի ժողովրդին:

Հայապահպանությունն, արդ, միայն դրսում հային ու հայի տեսակը պահպանելը չէ, այլեւ ներսում՝ հայրենիքում:

Բայցեւայնպես բավարար չէ պայքարել հայի տեսակի համար եւ պահպանել այդ տեսակը: Բավարար չէ պայքարել հայրենիք ունենալու համար եւ վերջապես ունենալ պետականություն: Կիսատ է հայը, քանի դեռ չի վերականգնել իր արդարությունը, կիսատ է պետականությունը, քանի դեռ այն ամբողջական հայրենիքում չէ: Այս գիտակցումն է, որ պետք է դարձնել բոլորինը:

Ես արդեն ասացի, որ հավատում եմ այն գյուղացուն, այն ուսուցչին, այն սպային եւ մյուսներին, ովքեր իրենց տեղում իրենց գործն են անում: Նրանք, անտարակույս, ունեն կիսատ արդարության եւ կիսատ հայրենիքի գիտակցումը: Բայց կան այլոք, շատերը, բազմաթիվ հայեր, ովքեր, ոչ իրենց մեղքով, չունեն այդ գիտակցումը: Եւ քանի դեռ չունեն, մենք չենք կարող հասնել մեր ուզածին:

Մեծ հարստության, բարձր դիրքի, մտքի կատարելության հասած մարդը իրականում ոչնչի չի հասել, եթե նրա մարմնի վրա կան չապաքինված ու ցավացող վերքեր, եւ այդ վերքերն հասցնողը մեղա չի եկել:

Նույնն է ժողովրդի եւ պետության պարագան: Մենք կարող ենք հասնել տնտեսության զարգացման, սոցիալական արդարության, ժողովրդավարության կայացման եւ անպայմանորեն կհասնենք: Սակայն զուգահեռաբար մենք պետք է տանենք արդարության վերականգնման մեր պայքարը: Եւ այդ պայքարը պիտի լինի յուրաքանչյուրինը:

Շատ լավ իմանալով օրվա մեր հնարավորությունները, մենք սակայն իրավունք չունենք ոչ միայն ընկրկելու եւ հույսը կորցնելու, այլեւ չգործելու: Մենք իրավունք չունենք հաջորդ սերնդին չնախապատրաստելու մեր դժվար պայքարին եւ մի բան ավել չթողնելու, քան մեր նախորդ սերունդն է թողել մեզ:

Արդ, հայ մարդը, լինի մշակ, թե՝ նախարար, բանվոր, թե՝ պատգամավոր, նա է, ով պահում է այս գիծը:

Իմ այսօրվա խոսքում ես խոսեցի Դաշնակցության եւ դաշնակցականների, հայրենիքի եւ հայ մարդու մասին: Հարյուր քսանհինգ տարիների ընթացքում մենք դեռ չենք հասել նրան, որ հայ մարդն ապրի իր ուզած հայրենիքում: Բայց մենք անպայմանորեն կհասնենք դրան: Կեցցե՛ հայ մարդու ուզած Հայրենիքը: Կեցցե՛ ազատ, անկախ միացյալ Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն, պարզ է,
    ծրագիրը՝ անվերջ ու յաւերժօրէն հետաձգել է «իսկական» Հայրենիքը

    որպէսզի, մինչ այդ, խօսքերով օրօրվինք,
    կամ աւելի ճիշդ՝ մխիթարվինք

    արդարեւ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը,

    . զուտ գաղափարական մակարդակի վրայ՝
    անթերի եւ աննման է, անզուգական,
    ի սկզբանէ եւ յաւիտենապէս

    . մարտական գետնի վրայ՝
    միշտ հմուտ եւ ազդու (եղել է)

    . սակայն քաղաքականութեան մէջ՝ կատարեալ ֆիասքո.
    սկիզբից ի վեր, ամէն անգամ, ծանրօրէն ձախողել է.

    իսկ այսօր,
    . գաղափարով շատ ել հետաքրքրված մարդ չի մնացել,
    . մարտական գործունէութիւնն ալ այլեւս նիւթէ դուրս է (ազգային բանակ ունինք)

    ուրեմն, մաքուր խօսքով՝ ք…ն վիճակ է

    բարի տարեդարձ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031