Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիո Հայ Գյումրի»-ի ղեկավարը իրավապահներից պահանջում է պարզել իր փոխարեն քվեարկողի անձը

Դեկտեմբեր 11,2015 19:45

Հանրաքվեի օրը «Ռադիո հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար, «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ ու վարող Նազելի Բաղդասարյանը, գնալով  Գյումրու Գեղարվեստի ուսումնարան՝ թիվ  35/37 ընտրատեղամաս քվեարկություն կատարելու, տեսել է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է: Պարզվել է, որ տվյալ անձը քվեարկել է նույնականացման քարտով: Երբ Նազելի Բաղդասարյանը  հանձնաժողովի նախագահից պահանջել է զանգահարել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ճշտել, թե ինքն ինչպե՞ս կարող է քվեարկել, միուգե լրացուցիչ ցուցակո՞վ, հանձնաժողովականներից մեկն առաջարկել է՝ «դուք էլ ներքեւում ստորագրեք, մեկ ուրիշի փոխարեն»:

«Ես փորձեցի առարկել, թե գոնե հասկանո՞ւմ եք, որ ես կարող եմ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվել, դուք ինձ հանցագործության եք մղում, բոլորը շվարած կանգնած էին՝ մոտ մեկ ժամ: Ոչ մի լուծում չեն առաջարկում, հարցնում եմ՝ լավ ինչպե՞ս կարող եմ ես քվեարկել, ասե՛ք: Տեւական լռությունից հետո ես դիմում գրեցի հանձնաժողովի նախագահ Ռ.Ասատրյանի անունով, խնդրեցի, որ համապատասխան արձանագրություն կազմեն ու տեղյակ պահեն իրավապահ մարմիններին, որ կոնկրետ հանցագործություն է կատարվել, խախտվել է իմ ընտրական իրավունքը, ու ինչ-որ մեկը իմ փոխարեն ընտրել է», -Aravot.am-ին պատմեց Նազելի Բաղդասարյանը: Սակայն պարզվում է՝ հանձնաժողովի անդամները զլացել են անգամ իրենց պարտականությունները կատարել. արձանագրություն կազմել, որն էլ  անչափ զայրացրել է Նազելի Բաղդասարյանին: Նա հանցագործության մասին հաղորդում է թողել իրավապահներին իր ֆեյսբուքյան էջում, Շիրակի մարզի քննչական բաժնից եկել ու նրանից արդեն բացատրություն են վերցրել:

Լրագրողը պահանջում է պարզել, թե ո՞վ է իր փոխարեն քվեարկած անձը: Ըստ մեր զրուցակցի, իր գերխնդիրը ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելը չէ, այլ հասկացնելը, որ եթե մարդու ինչ-որ իրավունքը խախտվել է , բարի լինեն վերականգնել: «Պարզ է՝ ես արդեն քվեարկել չեմ կարող ու հազիվ թե իմ ձայնը ինչ-որ կերպ որոշիչ լինի ավելի ավել ձայներ ունենալու «այո»-ի դեպքում կամ «ոչ»-ի մեկ ձայնի դեպքում, բայց ինձ համար կարեւոր է նախեւառաջ պարզել անձը: Այսինքն` սա կեղծիք է իմ անձի նկատմամբ, ինչ-որ մեկը միգուցե ունի իմ փաստաթղթի կրկնօրինակը, դա իմ համար շատ մտահոգիչ է. հաշվի առնելով իմ դիրքը եւ ով լինելը հասարակության մեջ՝  կարող է նույն փաստաթղթով այլ զեղծարարություններ անել: Ամեն դեպքում հույս ունեմ, որ ինչ-որ կերպ ինձ կկարողանան ինչ-որ պարզաբանումներ տալ, պատճառաբանել: Անգամ նախօրեին իրավապահ մարմնի ներկայացուցիչը հարցնում էր՝ դուք կարծո՞ւմ եք՝ դա վրիպակ է եղել: Ասում եմ՝ թույլ տվեք ենթադրություններ չանել՝ զուտ նախաքննության շահերից ելնելով, ինչ-որ  դիտավորություն է, միտումնավոր է, թե՞ վրիպակ է եղել, դա իմ խնդիրը չէ, դա ձե՛ր գործն է, դուք կարող եք պարզել»:

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031