Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «ՀՀԿ-ին ստորին օղակներում արջի ծառայություն են մատուցել, բայց նման հանձնարարություն չի եղել» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2015 17:46

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ «հանրաքվեն մի լայն քայլ էր դեպի առաջընթաց»: «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց առաջ դրված նպատակը, հանրաքվեի անցկացման թափանցիկության, մասնակցության վերաբերյալ, կատարվել է: Դառնալով ընտրախախտումների մասին մտահոգություններին՝ պարոն Ալեքսանյանը նշեց. «Չեմ ուզում ասել, որ հրաշալի էր, իհարկե, կային թերություններ: Բայց դրանք էականորեն չեն ազդել ընտրությունների որակի վրա»:

Հարցին՝ որտեղի՞ց է ենթադրում, որ չեն ազդել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե հիմնվում է Արարատի ընտրատեղամասերում իր արձանագրած մթնոլորտից, քանի որ ողջ օրը շրջել է ընտրատեղամասերում: Ի՞նչն է պատճառը, որ խախտումները հիմնականում կատարվել են ՀՀԿ-ականների կողմից, օրինակ՝ ՀՀԿ-ականներն են թքել լրագրողների վրա, խոչընդոտել, այս հարցին ի պատասխան պարոն Ալեքսանյանը արդարացավ. «Իսկ ո՞վ է ասել, որ միայն հանրապետականներն են խախտել: Մյուս կողմից հիմնականում ՀՀԿ-ականներն են եղել հանձնաժողովի անդամներ, նրանց թիվն է շատ եղել, բնականաբար, եթե խախտումներ են եղել, ՀՀԿ-ականների կողմից պիտի լինեին: Եվ շատ-շատ մարդիկ ՀՀԿ-ական են ներկայացել՝ չլինելով ՀՀԿ-ական»:

Պարոն Ալեքսանյանը նշեց նաև, որ տեղերում՝ ստորին օղակներում, իշխանությանը արջի ծառայություն են մատուցել, թեև նման առաջադրանք չի եղել. «Տեղերում կան մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցել, ուզում էին ցույց տալ, որ այս գյուղում ու ընտրատեղամասում հեղինակություն ունեն: Բայց նման առաջադրանք չի եղել: Կուսակցությանը պետք էլ չէր այդ 5-10 տոկոսը, ուղղակի ներքևներն ուզում են ցույց տալ, թե մենք էլ ենք գործ անում: Բայց կուսակցության նախագահի կողմից չկար առաջադրանք այսքան տոկոս ապահովել, այլ որակյալ, լեգիտիմ հանրաքվե ապահովել»:

Պարոն Ալեքսանյանը նշեց, թե նույնիսկ պրոֆիլակտիկայի համար քրեական գործ է հարուցվել ՀՀԿ ներկայացուցիչի նկատմամբ, որը փորձել էր խախտումներ անել, ինչը վկայում է, որ իշխանությունը կողմ չէ խախտումներին:

Հարցին՝ ՀՀԿ-ում ներքին ի՞նչ խաղի կանոններ են գործում, որ միջին օղակները հակված են արջի ծառայություն մատուցել, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Այս երևույթը հո մենակ մեր կուսակցությունո՞ւմ չէ: Սա գործում է մեր ողջ հանրապետությունում: Դա կլինի ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական, նույնիսկ ընկերական շրջապատում է դա գործում: Դա նրանից է գալիս, որ ընտրողը տարբեր շահագրգռվածություններից ելնելով է քվեարկում»:

Հստակեցմանը, ոչ թե հարցը ընտրողին է վերաբերում, այլ ՀՀԿ-ական կեղծարար հանձնաժողովի անդամներին, պարոն Ալեքսանյանը հակադարձեց. «Արջի ծառայությունը հանձնաժողովի անդամը չի մատուցում, այլ տվյալ գյուղապետը, վստահված անձը: Արջի ծառայություն մատուցողներն այն մարդիկ են, որոնք ընկնում են դռնեդուտ, մարդիկ բերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031