Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա ունենանք, որ մեզ պահի». ծերանոցներում տղա ունեցող ծերերն ավելի շատ են

Դեկտեմբեր 11,2015 17:38

76-ամյա Ներսես Մարգարյանը թերթում է հին լուսանկարչական ալբոմի էջերն ու մեկ առ մեկ ցույց տալիս 3 զավակների լուսանկարները:

«Այստեղ ամբողջ ընտանիքով ենք՝ Գյումրու հրապարակում նկարված: Երկու տղաներս են և աղջիկս»,-ասում է Ներսեսը՝ մատները սահեցնելով սև ու սպիտակ լուսանկարի վրայով:

Փոքր տղան 15 տարեկանում Գյումրու երկրաշարժի ժամանակ զոհվում է, իսկ մեծը դեռ 1994-ին մեկնում Ռուսաստան, այնտեղ ընտանիք ստեղծում եւ մշտական բնակություն հաստատում: Արդեն 6 տարի է, ինչ 76-ամյա պապիկը բնակվում է Նորքի տուն-ինտերնատում:

«Ես գյումրեցի եմ, այնտեղ եմ ծնվել ու ամբողջ կյանքս ապրել: Ռուսաստան տղայիս մոտ գնացել եմ մի 7 տարի առաջ, շատ լավ ընտանիք ունի, բայց ես չէի ուզի Ռուսաստանում ապրել, առաջվա ռուսները չեն հիմա,-ասում է Ներսեսը,- Իսկ աղջիկս Գյումրիում է ապրում, երկրաշարժից հետո մեզ հատկացրած բնակարանում: Աղջկաս էլ հաճախ չեմ տեսնում, երբ գալիս է Երևան իր երեխաներին տեսնելու (ուսանողներ են ), այդ ժամանակ ինձ էլ է այցելում: Իսկ տղայիս վերջին անգամ 5 տարի առաջ եմ տեսել, երբ եկել էր Հայաստան»:

Նորքի տուն-ինտերնատում բնակվող 70-ամյա Անահիտ Գրիգորյանը (անուն, ազգանունը փոխված է) նույնպես զավակներով հարուստ է: Ունի 5 երեխա, որից 2-ը տղա են, բայց արդեն մեկ տարի է, բնակվում է տուն-ինտերնատում:

Նա պատմում է, որ տղաների հետ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են և ինքը տեղափոխվել է տուն-ինտերնատ: Շաբաթվա մեջ մի քանի անգամ նրան այցելում է մեծ դուստրը և հաճախակի տանում իր տուն: Անահիտը պատմում է, որ աղջիկն իր նկատմամբ ավելի հոգատար է:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2015-ին անցկացրած հետազոտության արդյունքների Հայաստանի 3 տուն-ինտերնատներում բնակվող տարեցների մեծ մասն ունի տղա երեխա:

Հարցումն իրականացվել է Երևանի թիվ 1, Գյումրու և Նորքի տարեցների տուն -ինտերնատներում բնակվող 623 տարեցների շրջանում, որի նպատակն է եղել պարզել, թե տարեցների քանի տոկոս ունի տղա երեխա , քանիսը՝ աղջիկ:

«Նրանցից 284-ը ընդհանրապես չունեն երեխա: Հարցված տարեցների 72 տոկոսն ունի տղա երեխա, այսինքն` ընդհանուր ունեն 365 տղա երեխա, որոնցից 221-ը (61 տոկոսը) ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին: Չայցելողների տոկոսը ավելի կբարձրանար, եթե մենք ավելացնեինք տղա երեխաներին, որոնք գալիս էին ծնողներին այցելության միայն կենսաթոշակի ստացման օրը՝ թոշակը վերցնելու նպատակով»,-ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Աննա Հովհաննիսյան

Աննա Հովհաննիսյան

Ըստ հարցման արդյունքների՝ տուն-ինտերնատներում կա 354 աղջիկ երեխա ունեցող տարեց, որոնց թվում 173 աղջիկն ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին:

«Դա 49 տոկոսն է՝ ի համեմատություն տղաների շրջանում 61 տոկոսի»,-ընդգծում է Հովհաննիսյանը,-«Հայ հասարակության մեջ նահապետական մոտեցումները սոցիալական անհամամասնություններ են ստեղծում երեխաների շրջանում, և միտված են նկատելիորեն շահեկան լինելու տղա երեխաների համար, սակայն ներկայացված թվերը խոսում են այն մասին, որ տարեցները տուն- ինտերնատներում են հայտնվում և տղա, և աղջիկ երեխա ունենալու դեպքում»:

Ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի 2011-ին անցկացված մեկ այլ հետազոտության տվյալներ՝ Հայաստանում տարեկան չի ծնվում 1400 աղջիկ, քանի որ ծնողները իմանալով սեռը հղիության շրջանում գերադասում են ազատվել հղիության ընդհատման միջոցով աղջիկ երեխայից:

Վահան Ասատրյան

Վահան Ասատրյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը նշում է, որ Հայաստանում տղա երեխայի նախապատվությունը պայմանավորված է հասարակության մեջ առնականության և կանացիության մասին ներկա պատկերացումներով, որոնք ընտանիքում հիմնական վաստակողի, հայթայթողի ու վաստակածը հավուր պատշաճի վերաբաշխողի դերակատարումը վերագրում են գերազանցապես տղամարդուն.

«Տղամարդու և կնոջ դերերի, առնականության ու կանացիության մասին մեր հասարակության մեջ առկա պատկերացումները, կարծրատիպերն ու ակնկալիքները շատ դեպքերում հնացել են ու չեն արտացոլում կանանց ու տղամարդկանց իրական հնարավորություններն ու դերերն արդի հայ հասարակության մեջ։ Այսպես, ծերանոցներում անցկացրած հետազոտությունը վկայում է. ծերանոցներում տարեցների մեծ մասն ունի տղա երեխա և չունի աղջիկ, ուստի տղա երեխաները միշտ չէ, որ հաջողությամբ են կատարում ընտանիքի բարեկեցությունն ըստ կարիքների վերաբաշխելու իրենց գործառույթը, չեն արդարացրել սերունդների միջև կամուրջ լինելու հասարակության ու ընտանիքների ակնկալիքը»:

Նա նշում է, որ ստեղծված իրավիճակից ելքերի փնտրտուքը բերում է մարդկանց ընկալումները, պատկերացումներն ու մոտեցումները փոխելու անհրաժեշտությանը:

Փորձագետը պնդում է, որ մեծ հաշվով հասարակության բոլոր շերտերում այս կամ այն չափով առկա է կարծրատիպեր ու ակնկալիքների նման անհամապատասխանությունն իրականությանը, ուստի խնդրի լուծումը բնակչության լայն շերտերի շրջանում քարոզչության, իրազեկման ու երկխոսության ծավալումն է:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացնում է սեռերի անհամամասնությամբ ծնունդների թիվը 2010-2014 թթ-ին Հայաստանում:

«Այս 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր մեկ աղջկա հաշվով Հայաստանում ծնվում է 1,15 տղա երեխա, այսինքն 100 աղջկան բաժին է ընկնում 115 տղա երեխա: Այն դեպքում երբ կենսաբանորեն պետք է այդ ցուցանիշը չանցնի 102-106-ի միջակայքը: Մեզ մոտ այս միտումը շարունակվում է սկսած 1993-1994 թթ-ից: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000-ին, երբ 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվել»,-ասում է Կույումջյանը:

Նա հավելում է, որ 2014-ին նկատվել է որոշակի դրական միտում և 100 աղջիկ- 115 տղա համամասնությունը փոխվել է` նվազելով մինչև 113-ի:

«Մարզերի կտրվածքով նույնպես կա տարբերություն: Ամենաբարձր ցուցանիշը մենք ունենք Գեղարքունիքում, բայց եթե 2010-ին 131 տղա էր ծնվում 100 աղջկա դիմաց, ապա 2014-ին ցուցանիշը իջել է 114-ի: Այնուհետև Արագածոտն է, որտեղ 5 տարվա ընթացքում տղա երեխաների ցուցանիշը 126-ից իջել է 120-ի: Երրորդը Արմավիրն է, որտեղ ցուցանիշը 121-ից իջել է 117-ի: Այսինքն` առանձին մարզերով որոշակի նվազում կա, բայց եթե միջինով հաշվենք, ապա այն կազմում է 123 տղա երեխա 100 աղջկա հաշվով, ինչը խիստ գերազանցում է և’ հանրապետության, և’ կենսաբանորեն ընդունված միջին ցուցանիշները»,-նշում է Կույումջյանը:

Ասատրյանը հավելում է, որ եթե Հայաստանում 2010-2014-ի ընթացքում երկրորդ և երրորդ երեխաների դեպքում նորածինների սեռերի անհամամասնությունն իսկապես կրճատվել է, ապա առաջնածինների պարագայում նկատվում է հակառակ միտումը: Ընտանիքում ծնված երեխաների շուրջ կեսը անդրանիկ զավակներն են, և եթե 2010 թվականին ծնված 100 առաջնեկ աղջկա հաշվով ծնվում էր 106 անդրանիկ տղա, ապա 2014-ին տղա առաջնածինների թիվը աղջիկների համեմատ հասել է 107-ի:

«Եթե նախկինում առաջին հղիության պարագայում պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրություն ուստի և պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում գրեթե չկար, ապա այսօր արդեն իրավիճակը մտահոգիչ է՝ 100-ին 107 հարաբերակցությունը սեռի ընտրության հստակ ահազանգ է: Սա արդյունք է վերջին տասնամյակների ընթացքում ծնելիության մակարդակի շարունակական նվազման, և առնվազն վերջին երկու տասնամյակներին պարզ վերարտադրողության մակարդակից ցածր ծնելիության։ Նման իրավիճակում հայտնված երկրները կանգնած են ընտանիքում երեխաների ցանկալի թվի աստիճանական կրճատման և ընտանիքի կառուցվածքի ու ձևավորման մասին պատկերացումների փոփոխության լուրջ մարտահրավերների առջև։ Եթե ընդլայնված վերարտադրողություն ապահովող ծնելիության մակարդակի պայմաններում տղա երեխա ունենալու ցանկությունը նախկինում որոշակիորեն խթանել է ծնելիությունը, ապա վաղ 2000-ականներից անդին վերարտադրողական վարքագծի փոխակերպումները, տղա երեխայի նախապատվությունը դարձնում են ծնելիության մակարդակի հետագա կրճատման ամենամեծ վտանգներից մեկը»,-ընդգծում է Ասատրյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ ըստ ՄԱԿ-ի 2011-ին կատարած հետազոտության, այս խնդիրը բազմաշերտ է, իսկ պատճառները գալիս են հասարակության մտածելակերպից:

Ըստ 2011-ի հետազոտության արդյունքների՝ սեռերի անհամամասնությամբ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, Չինաստանից ու Ադրբեջանից հետո:

«Մեզնից հետո Վրաստանն են ու Ալբանիան: 1993 թ. մինչ օրս Հայաստանում կա մոտ 50 հազար ավելի շատ ծնված տղա երեխա, քան աղջիկ երեխա»,-հավելում է Հայրապետյանը:

Ինչպես հայտնի է, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը լուծելու և իրավիճակը մեղմելու համար այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, որը մինչ օրս բացակայում էր ՀՀ օրենսդրության մեջ:

«Կնոջը տրամադրվում է 3 օրացուցային օր, որպեսզի կինը լրացուցիչ անգամ մտածի, խորհի իր ցանկության և որոշման մասին: Այդ ընթացքում բժիշկը պետք է անպայման կնոջը տրամադրի հոգեբանական, սոցիալական խորհրդատվություն և փորձի հասկանալ հղիության ընդհատմանը դիմելու պատճառները: Օրենքի նախագծում ամրագրված է նաև պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման արգելքը: Հնարավոր է, որ ոչ միայն 12 շաբաթականում, այլ դրանից առաջ որոշվի պտղի սեռը, բայց այդ դեպքում էլ կարգելվի հղիության ընդհատումը»,-ասում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Հայաստանում խնդիրը երեք օղակով է շաղկապված. տեխնոլոգիաներ, ծնելիության ցածր ցուցանիշ և տղա երեխայի նախապատվությամբ հղիության արհեստական ընդհատում: Ոլորտի մասնագետները կարծում են, որ տեխնոլոգիաների դեմ հնարավոր չէ պայքարել, ուստի պայքարը պետք է մղել ծնելիությունը բարձրացնելու և հղիության արհեստական ընդհատումների թիվը կրճատելու ուղղությամբ:

«Օրենսդրական կարգավորումը միայնակ արդյունք տալ չի կարող. այն ավելի շատ պետության կողմից խնդիրը ճանաչելու, դրա վտանգավորության աստիճանը ընդունելու և պետական քաղաքականությունը մարդկանց տեղ հասցնելու գործառույթ կարող է կատարել։ Հասարակության, մարդկանց ընկալումներն ու պատկերացումներ է պետք փոխել»,-ասում է Ասատրյանը:

Աննա Հովհաննիսյանն ընդգծում է, որ հայ հասարակության մեջ նահապետական մոտեցումները սոցիալական անհամամասնություններ են ստեղծում երեխաների շրջանում. «Եվ միտված են նկատելիորեն շահեկան լինելու տղա երեխաների համար, սակայն ծերանոցներում անցկացված մեր հետազոտության արդյունքները փաստում են, որ տարեցները տուն-ինտերնատներում են հայտնվում ոչ միայն աղջիկ, այլև տղա երեխա ունենալու դեպքում և տղա երեխա ունենալու կարծրատիպը չի արդարացնում իրեն»:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

OSI NEW ARM copy

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031