Դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-ին Հայաստանի Հանրապետությունում ավարտվեց հանրաքվեի արդյունքների վերահաշվարկը: Թիվ 7 ընտրատարածքը մինչեւ վերջնաժամկետ հասցրեց վերահաշվարկել 8 ընտրատեղամասի արդյունքները:
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության բողոք-դիմումով վերահաշվարկեցին 7/07 ընտրատեղամասի արդյունքները: Վերահաշվարկի ընթացքում ընտրատարածքային հանձնաժողովի անդամները նկատեցին, որ ե՛ւ «Այո», ե՛ւ «Ոչ» քվեաթերթիկների մեջ կային 10-ից ավելի անվավեր քվեաթերթիկներ: Վերահաշվարկին ներկա էր նաեւ 7/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ագապի Մաղաքյանը, նա դա բացատրեց նրանով, որ հանձնաժողովի նախագահը քվեարկության է դրել այդ թերթիկները, եւ հանձնաժողովի անդամները վավեր են ճանաչել: Ընտրատարածքային հանձնաժողովը անվավեր ճանաչեց այդ քվեաթերթիկները:
Կարդացեք նաև
Վերահաշվարկի արդյունքում՝ «Այո» քվեաթերթիկների թիվը 1-ով ավելացավ՝ 224-ից դառնալով 225, այդ քվեաթերթիկներից էլ անվավեր ճանաչվեց 13-ը, վերջնական արդյունքով «Այո»-ի թիվը դարձավ 212: «Ոչ»-ի քվեաթերթիկները երկուսով ավելացավ`503-ից դառնալով 505, որոնցից անվավեր ճանաչվեցին 18-ը, վերջնական արդյունքում՝ «Ոչ»-ի թիվը դարձավ 487: Իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվն ավելացավ 31-ով՝ 15-ից դառնալով 46:
Այս տեղամասում եւս ընտրողները անվավեր ճանաչված քվեաթերթիկների վրա նշումներ են թողել, սակայն այստեղ գերակշռում էին նկարները: Քաղաքացիներից մեկը նշելով «Այո», գրել էր՝ «Ես տուն եմ ուզում, իսկ մեկ այլ քաղաքացի նշելով՝ «Ոչ»-ը կողքին ավելացրել է «Нет» գրառումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ