Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանից մինչև Թաթուլ իշխան

Դեկտեմբեր 11,2015 17:10

Ազգային գրադարանի շենքին ամրացված սպիտակ ու կապույտ ցուցատախտակը հուշում է, որ հենց նույն շենքի նկուղային հարկում է գտնվում «Տերյան» մշակութային կենտրոնը: Այստեղ է աշխատում մասնագետների այն թիմը, որը նրբանկատորեն ու սիրով պահպանում և տարածում է հայկականը, փրկում արդեն գրեթե մոռացվող հայ ասեղնագործության կարատեսակները ու դրանք նորովի մատուցում: Ահա՛, գտա նրանց: Աշխատում են: Փոքր ինչ թափթփված, բայց լուսավոր, ջերմ ու տպավորիչ մթնոլորտով աշխատասենյակ է, որտեղ կարելի է գտնել մատիտների խրձեր, ներկերի, գծանկարների, էսքիզների, հայկական զարդանախշերով, աստվածաշնչյան թեմաներով էլեմենտների թղթերի կույտեր ու, այս ամենից գլուխ հանելու և սթափ մնալու համար, սուրճի բաժակներ: «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ու մի շարք հրաշալի մասնագետներ այստեղ կյանքի են կոչում ամենահամարձակ գաղափարները՝ ազգային ու ժամանակակից լուծումներով: Սա, թերևս, կենտրոնի կարևորագույն նպատակն է: «Առօրյա հագուստում կարելի է կիրառել հայ ասեղնագործության մոտիվներ, որպեսզի հենց տեսնեն՝ հասկանան ու ճանաչեն՝ հայկական է», ասում է Լիլիթը:

Նկարիչ-դիզայներ, դեկորատիվ-կիրառական արվեստի սիրահար Լիլիթ Մելիքյանը նկարել սկսել է 6 տարեկանում, երբ հաճախում էր Ճարտարապետների միությունում գործող նկարչական խմբակը: «Ինձ բանի տեղ չէին դնում, բայց թողնում էին, որ նկարեմ» ( հանգիստ ժպտում է): Հենց այդ ժամանակ էր, երբ նա «6 տարեկանում թողեց դաշնակահարի իր հրաշալի կարիերան» (Սենտ-Էկզյուպերի, «Փոքրիկ իշխանը») ու որոշեց՝ պետք է նկարիչ կամ ճարտարապետ դառնա: Բայց Լիլիթի բնավորությանը բնորոշ այսպիսի հաստատակամ որոշումը դեռևս քիչ էր տարիներ անց այն իրականություն դարձնելու համար: Կես-կատակ, կես-լուրջ հիշում է, որ հայտնաբերեց, թե «ճարտարապետականում սովորելու համար մաթեմատիկական գիտելիքներ են պետք, իսկ ես, ինչպես ցանկացած ստեղծագործող մարդ, թույլ էի մաթեմատիկայից»… Ավարտում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը՝ նկարչության ու գծագրության ուսուցիչ որակավորմամբ: Սրան հաջորդել է տասը տարի տևած դիսերտացիան՝ Արվեստի ազգային ինստիտուտում, և վերջապես սիրելի աշխատանքը՝ «Տերյան» մշակութային կենտրոնում:

Կենտրոնը գործում էր նախքան Լիլիթի այդտեղ աշխատանքի անցնելը: Մեկ ուղղվածություն ուներ՝ տերյանագիտություն և զբաղվում էր հայ բանաստեղծի կյանքի, ստեղծագործական վաստակի ու հայ գրականության բերած ավանդի ուսումնասիրությամբ: Կենտրոնի նախագահն ինքը տերյանագետ է:

«Տերյանն էլ մի հայ մտածող էր, ով իր ազգային մտածելակերպով նոր շունչ բերեց խոսքի, մտքի արվեստում»: Լիլիթի այստեղ գալը, թերևս, նույն ազդեցությունն ունեցավ կենտրոնի հետագա զարգացման վրա: Նա նոր շունչ ու մոտեցումներ բերեց, ինչը պետք է ոգևորեր մյուսներին ու հաջողություններ գրանցեր՝ ստվերում չթողնելով նաև տերյանագիտության առաջընթացը: Սա, իհարկե, Լիլիթ-առաջնորդի ձեռքբերումն է: «Առաջ ինձ թվում էր, որ այս ամենը համատեղ աշխատանքի արդյունք է: Տարիների ընթացքում հասկանում ես, որ անձով է պայմանավորված, թե ինչ է կատարվում: Եթե դու լիդերն ես ու քո հետևից են գնում,քեզ են նայում, լսում, այո՛, հենց դու պետք է որոշես կենտրոնի ճակատագիրը»:  Այժմ կենտրոնի գործունեության ոլորտը ոչ միայն տերյանագիտությունն է, այլև դիզայնը, մշակութային կապերն ու դեկորատիվ-կիրառական արվեստի ուսուցումը: Բացի այդ, այստեղ կարում են բեմական զգեստներ և տարազներ՝ անհատական պատվերով, պատրաստվում են գոբելեններ և բատիկ: Մշակութային կենտրոնն ապահովում է համակողմանի կենցաղային ծառայություններ արտասահմանից ժամանողների համար, զբոսաշրջություն դեպի Արցախ և Ջավախք:

Արվեստագետի ու միևնույն ժամանակ առաջնորդի համար դժվար է անընդհատ դոփել նույն տեղում, չբացահայտել նորն ու ամենահետաքրքիրը: Միապաղաղությունից Լիլիթին ազատում է իր պրպտուն բնավորությունը, որը թույլ է տալիս իրագործել ամենահամարձակ ու նույնիսկ անիրագործելի թվացող բաներ, որոնք ենթադրում են ժամանակակից ազատատենչ մոտեցումների ու ազգային պահպանողականության համադրություն: Դե իսկ աշխատասիրությունն ու ռիսկի դիմելը նրա հաջողության հիմնական գործոններն են: Սա լսելով մի տեսակ անհանգիստ նայեցի նրան, իսկ նա անմիջապես հասկացավ մտքինս: «Դե չէ՛: Խոսքս անմիտ կամ ինչ-որ հանցագործ ռիսկերի մասին չէ: Նկատի ունեմ, որ միշտ կարող եմ ամեն ինչ ջնջել ու զրոյից սկսել»: Ռիսկի չդիմող մարդիկ հաճախ հաջողություններ չեն գրանցում:

Անձնական կյանքում Լիլիթ-կինը բախվում է այն ջրբաժանին, որը թույլ չի տալիս համատեղել անձնականն ու ստեղծագործական կյանքը. «Չեմ ճանաչում գոնե մի կնոջ, ով ունի և՛ անձնական, և՛ ստեղծագործական կյանք: Եթե կան նման բացառիկ դեպքեր, ապա երևի հիմնված են փոխհամաձայնության վրա»: Գործնական, զբաղված, միշտ պատրաստակամ ժամերով ու առանց հոգնելու աշխատել, միայն թե կյանքի կոչի այն, ինչ մտքում պատկերացրել է: Կյանքի նման դասավորությունը նրան այնքան էլ չի մտահոգում ու այս երևույթը բացատրում ու մեկնաբանում է որպես արվեստագետ, ով անընդհատ մոտիվացվելու ու ոգեշնչվելու կարիք ունի. «Եթե մարդ բոլոր կողմերից բավարար է ապրում, երևի ստիմուլ է կորցնում: Իմ տիպի մարդկանց միշտ ստիմուլ է պետք» (խորը շունչ է քաշում):

Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր մարդ կրում է փոփոխություններ, որոնք ազդում են նրա գիտակցության, մոտեցումների, բնավորության ու այն սկզբունքների վրա, որոնցով կյանքում առաջնորդվում է: Որոշ հանգամանքների բերումով նաև վերանայում է դրանք: Սակայն միշտ մնում են այն հիմնականները, որոնք քոնն են, ձևավորում են քեզ՝ որպես անհատ:

Լիլիթ-անհատը ևս ունի նման սկզբունքներ, որոնք իրենց մեջ բյուրեղացնում են Լիլիթի բոլոր դրսևորումները՝ Լիլիթ-առաջնորդ, Լիլիթ-կին, Լիլիթ-արվեստագետ՝ իրենց վախերով, անհանգստություններով, լավ ու վատ կողմերով: Կյանքի փորձով գիտի, որ իր տեսակը երբեք չի փոխվում՝ անկախ որևէ բարդությունից: Վստահ է, որ ոչինչ իրեն չի դարձնի ագահ, փողասեր կամ անխիղճ. «Ես երբեք կաշառվող չեմ դառնա, ինչքան էլ զգամ, որ էս դարում դրանով հարց կլուծվի»:

Աշխատասենյակի մթնոլորտն այնպիսին էր, որ ցանկություն առաջացավ գրական կերպարներից խոսելու: Պարզվեց՝ Լիլիթը վաղուց գեղարվեստական գրքեր չի կարդում: Հիմա ուսումնասիրում է միայն փիլիսոփայություն կամ մասնագիտական գրականություն: Սիրելի հերոսներից են կոմս Մոնտե Քրիստոն, դ՛Արտանյանը և Գոգոլի հերոսներից մեկը, «ով իրականությունը կորցրած էր ապրում, բայց ամենաիրականն էր»: Լիլիթը երբևէ չի ցանկացել նմանվել որևէ գրական հերոսի:

Թերևս այսքանով սահմանափակվեի, եթե արվեստանոցից դուրս գալիս հանկարծ չլսեի նրա՝ հենց նոր մտաբերած գրական հերոսի անունն ու նրան սիրելու պատճառաբանությունը, որն ավելի է ուժեղացնում ու ընդգծում իր իսկ կերպարը:

-Հիշեցի՜, Թաթուլ իշխանը:

-Ինչո՞ւ նա:

-Ազնիվ տղա էր…

Հ.Գ. Հիշեցի Թումանյանի Թաթուլին, ում քաջությունն ու ազնվությունը սահմաններ չէին ճանաչում: Ըստ պատմական աղբյուրների՝ սելջուկների դեմ պայքարում Թաթուլը գերվում է: Սուլթանը խոստանում է ներում շնորհել իշխանին, եթե ամիրաներից մեկի վիրավոր որդին ապաքինվի: «… եթե իմ զարկածն է, չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թաթուլին մահապատժի են ենթարկում: Իշխանի պատասխանը դառնում է սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն:

Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031