Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռու եմ այն մտքից, որ մարդիկ պետք է ինձ լսեն ու ասեն՝ եթե Գեւորգ Կոստանյանն է ասում, ուրեմն սա 100% է».Կոստանյան

Դեկտեմբեր 11,2015 16:59

Այսօր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասուլիս էր հրավիրել՝ սահմանադրական հանրաքվեի ընտրախախտումների թեմայով:

Այսօր հանրության կողմից կա խորը անվստահություն իրավապահ մարմինների, դատախազության, արդարադատության համակարգի նկատմամբ, որովհետեւ մարդիկ տեսել են Մարտի 1, 10 զոհ եւ ոչ մի բացահայտում, մարդիկ տեսնում են Սուրիկ Խաչատրյանի գործերի հետ կապված տարիներ ի վեր իրավապահ մարմինների վերաբերմունքը: Ուստի Aravot.am-ը հարցրեց՝ հիմա այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ երաշխիք կա, որ Դուք պիտի բացահայտեք հանրաքվեի ընտրախախտումները, Դուք ի՞նչ քայլեր եք ընդհանրապես ձեռնարկում Ձեր կառույցի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ, որ եթե դուք ասուլիս տաք, թվեր հրապարակեք, մարդիկ լսեն ու ասեն՝ եթե Գեւորգ Կոստանյանն է ասում, ուրեմն սա 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը:

Դատախազը պատասխանեց. «Ես հեռու եմ այն մտքից, որ մարդիկ պետք է լսեն ու ասեն՝ եթե Գեւորգ Կոստանյանն է ասում, ուրեմն սա 100 տոկոս է, բայց որպեսզի այդ մարդը համոզվի, ցանկացած մարդու տրված է այդ հնարավորությունը, առնվազն այն մարդուն, ով իրավունք ունի կասկածի տակ դնել, դրա համար կա հրապարակայնություն: Պատահական չի, որ թե՛ Սուրիկ Խաչատրյանի, թե՛ որեւէ այլ գործով, թե՛ ընտրախախտումների վերաբերյալ գործով ես պատրաստ եմ ցանկացած նյութ, գործ հաղորդում տվող եւ առնվազն տվյալ անձի փաստաբանի եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ քննարկել:

Ավելին, քան առավելագույն հաշվետվողականությունը հասարակությանը, հրապարակայնությունը գործերի քննության, էլ ի՞նչ պետք է արվի: Ես անգամ հիպոթետիկ չեմ պատկերացնում, թե էլ ի՞նչ անել, որ մարդու կողմից վստահություն լինի: Դու իրավունք ունես չվստահելու, դու իրավունք ունես չհավատալու, հարգելի՛ մարդ: Դրա համար քեզ հնարավորություն ենք տալիս ինքդ գնահատես՝ մեր ասածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ չի համապատասխանում: Ավել մեխանիզմներ ես չգիտեմ: Եթե դուք գիտեք, ինձ ասեք: Ես վստահեցնում եմ, որ կկիրառեմ ցանկացած մեխանիզմ, որպեսզի հասարակության կողմից վստահություն լինի իրավապահ մարմինների եւ հատկապես դատախազության նկատմամբ: Միաժամանակ ես չեմ պատրաստվում եւ չեմ անի հետեւյալը՝ չեմ ենթարկի քրեական պատասխանատվության այն անձին, որի վերաբերյալ չունեմ բավարար ապացույցներ մենակ նրա համար, որպեսզի հանրային վստահություն ձեռք բերեմ: Երբե՛ք: Իմ բարոյական կերպարն ինձ թույլ չի տա, որ ես որեւէ մեկին առանց ապացույցի քրեական պատասխանատվության ենթարկեմ մենակ նրա համար, որ հասարակությունն ինձ հավատա կամ չհավատա»:

Հարցին՝ Դուք ձեր անձնական եւ ձեր ղեկավարած կառույցի ներդրումը տեսնո՞ւմ եք Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտոնի նշանակման գործում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Իմ անձնական եւ իմ ղեկավարած կառույցի ներդրումը բացառապես հանցագործություն բացահայտելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մեջ եմ տեսնում»:

Դիտարկմանը՝ իսկ որ նա դուրս է մնացել այդ շրջանակից՝ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասում, որ նա այդ շրջանակի մեջ եղել է: Քրեական գործը քննում է փաստի կապակցությամբ, որպես մեղադրյալ ներգրավում են այն անձանց, ում վերաբերյալ կան բավարար ապացույցներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031