ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական սահմանին ավանդույթի համաձայն՝ տոներին ընդառաջ, հունվարի 6-ին և 28-ին անպայման կավելանա:
Անդրադառնալով երեկ արձանագրված կրակոցներին, երբ ՊՆ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը կրակել էր տանկերով, պարոն Պողոսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «հասկանալի է, որ այն տանկերը, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Ռուսաստանից, մի օր սկսելու էին կրակել: Բնականաբար, Ռուսաստանն էլ պետք է հասկանար, թե իրենց կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին ինչին է նպաստելու»:
Ըստ Թևան Պողոսյանի՝ այս լարվածությամբ Ադրբեջանը լուծում է նաև ներքին խնդիրներ. «Պատճառը Ադրբեջանի ներքին ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունն է, նավթի գների անկումը: Կա նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին խրախուսելու խնդիրը, որպեսզի ինքն էլ մտնի գործընթացի մեջ»:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Ադրբեջանի ակտիվությունը սահմանին նպատակ ունի տապալելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերի 25-ին կայանալիք հանդիպումը, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Ադրբեջանն ուզում է ձևավորել մի իրավիճակ, որ աշխարհին ասի, եթե իմ խնդիրները չլուծեք, ես կարող եմ նաև լարվածություն պահպանել: Ուստի վատ ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը սահմանին դեռ կակտիվանա տոներին ընդառաջ, հունվարի 6-ին, 28-ին, ու այնպես չէ, որ եթե բանակցային սեղանին Ալիևն ասի, որ չեմ կրակելու, պետք է այդպես էլ լինի»:
Կարդացեք նաև
Դառնալով Գերմանիայի կողմից՝ Թուրքիային հատկացված ֆինանսական օգնության փաստին՝ Թևան Պողոսյանն այն այսպես մեկնաբանեց. «Այդ փոքրիկ քայլով փորձ է կատարվում Թուրքիային սիրաշահել, որ այն պայմանավորվածությունը, որ Կիպրոսի խնդիրներով են ձեռք բերել, դրանք բոլորը կատարվեն: ԵՄ-ն փորձում է Թուրքիայի հետ երկխոսության շրջանակը բաց պահել, որ Թուրքիան չասի, որ դուք մեզ չօգնեցիք, մենք էլ Կիպրոսի հարցով պայմանավորվածություններից հետ ենք կանգնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ