Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոստանյանը հերքում է Հովիկ Աբրահամյանին, որ ընտրախախտումների տեսանյութերը մոնտաժված են

Դեկտեմբեր 11,2015 16:48

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հրավիրած ասուլիսում խոսելով Սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին՝ ասաց. «Այս ամբողջ ընթացքում, այդ թվում ԶԼՄ-ների ցանկացած հրապարակման, ընթացք է տրվել: Միայն գլխավոր դատախազությունում գրանցված ահազանգերը շուրջ 300-ն էին: Բոլոր հաղորդումները ստուգվել են»:

Դատախազության աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Մուրադյանն ասաց, որ 14 քրգործ է հարուցվել՝ ընտրախախտումների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 460 հաղորդում են ստացել, 192 դեպքերում նյութեր են նախապատրաստվել եւ որոշում է կայացվել քրգործի հարուցումը մերժելու մասին: Մնացած հաղորդումների վերաբերյալ դեռեւս քննությունը շարունակվում է: Հաղորդումներից 82-ը ստացված էին քաղաքացիներից, 55-ը՝ իրավապաշտպաններից ու ՀԿ-ներից, 35-ը՝ դիտորդներից, մնացած շուրջ 300 հաղորդումները դատախազության կողմից տարբեր կայքերից հանված հաղորդումներն են:

Ըստ Գեւորգ Կոստանյանի, շատ ժամանակ ընտրախախտումների մասին հաղորդումները ավելի աբստրակտ բնույթի են: Անձ, գործողություն ու վայր՝ տարածք չկա: Դրա համար քննչական մարմիններին անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի դա պատշաճ կարգով ստուգի:

Վահագն Մուրադյանը հրապարակեց, թե բռնությունների, կեղծիքների, կնիքի կորստի եւ այլ բնույթի քանի խախտումներ են արձանագրվել:

Կոստանյանի խոսքերով՝ «Դիտորդների վերաբերյալ ճնշման վերաբերյալ ահազանգերը 59-ն էին: Տպավորություն էր, թե դիտորդների նկատմամբ ավելի շատ են ճնշումներ եղել, քան հանձնաժողովների անդամների: Մի շարք դեպքերում դիտորդները իրականացրել էին իրենց ենթադրյալ իրավունքը՝ լուսանկարելու եւ այլն՝ առանց տեղյակ լինելու՝ ինքը իրավունք ունե՞ր այդպես անել, թե՞ ոչ: Երբ տվել են համապատասխան բացատրություններ, պարզաբանվել է ամեն ինչ: Ահազանգերի առկայությունը չի նշանակում հանցագործության մասին հաղորդում: Հանցագործության մասին հաղորդումն էլ չի նշանակում հանցագործության փաստ»:

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նյութերի մեծ մասը մոնտաժված են եղել, սա որակվեց որպես ուղղորդում դատախազությանը, եղե՞լ են մոնտաժված նյութեր՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Գխավոր դատախազությանը որեւէ մեկը չի կարող ուղղորդել՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքով, ոչ էլ որեւէ այլ կերպ: Ես չեմ լսել նման հայտարարություն Հովիկ Աբրահամյանից: Այս կամ այն տեսանյութի մոնտաժված լինել-չլինելու մասին հայտարությունները կարող են արվել մասնագետների փորձաքննությունից հետո: Մինչ այդ որեւէ մեկը, այդ թվում՝ ես, չենք կարող նման հայտարարություն անել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին»:

Երթուղային տաքսու մեջից կաշառք բաժանվելու տեսանյութի հետ կապված Գեւորգ Կոստանյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել. «Տեսանյութերով զուգորդված նյութերին մենք ավելի օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենք»:

Նա ասաց, որ նույն սկզբունքով միանգամից քրգործ են հարուցել նաեւ Լեւոն Զուրաբյանի՝ հանցագործության մասին հաղորդման հետ կապված, երբ հանձնաժողովի անդամին փորձել են կաշառել:

«Իմ ընդունարանի հեռախոսահամարը ամբողջ գիշեր որպես թեժ գիծ շահագործվել է: Մենք երբ ունենում ենք ահազանգ, չենք կարողանում դա դիտել որպես հանցագործության մասին հաղորդում, դա կարող է լինել ընդամենը կարծիք, տպավորություն: Այնուամենայնիվ, դրանք ուղարկվել են ոստիկանություն»,- վստահեցրեց Գեւորգ Կոստանյանը:

Հարցին՝ ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեսնում եք այն տեսանյութերը, թե ինչպես են լցոնումներ անում, կոպտում լրագրողներին՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ինձ այդ շռայլությունը թույլ տալ՝ ղեկավարվելով իմ զգացողություններով: Ես պարտավոր եմ ղեկավարվել փաստերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031