ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված ճնշումներով, որն ուղեկցվում է ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելով և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, որն էլ արտահայտվում է ինչպես գերբեռնված խցային պայմաններում գտնվելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներով, այնպես էլ ոչ պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու փաստով:
Հ. Կյուրեղյանի նկատմամբ ճնշումները, հատկապես ցայտուն դրսևորվել են Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերին Հայկ Կյուրեղյանի հրապարակային աջակցության մասին հայտարարություններից հետո: Հ. Կյուրեղյանի նկատմամբ ճնշումները և սպառնալիքները զուգորդվել են նրա հարազատների նկատմամբ սպառնալիքներով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լուրջ մտահոգություններ ունի, որ փորձ է արվում տարբեր մեթոդներով ճնշումներ գործադրել Հ. Կյուրեղյանի նկատմամբ, նպատակ ունենալով հասնել նրան, որ Հ. Կյուրեղյանը հրաժարվի իր քաղաքական հայացքներից և պահանջներից:
Արձանագրենք, որ ՔԿՀ-ում գոյություն ունեցող ոչ իրավական, փաստացի գործող քրեական կանոնները կարող են քաղաքական հայացքներ ունեցող անձի նկատմամբ օգտագործվել որպես զսպման միջոց:
Կարդացեք նաև
Գտնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական վարչությունը պոզիտիվ պարտավորություն ունեն՝ ապահովելու Հ. Կյուրեղյանի անվտանգությունը և առողջության պահպանումը, ինչպես նաև կանխելու վերջինիս նկատմամբ հնարավոր ոտնձգությունները:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հ. Կյուրեղյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բազմատեսակ հոգեբանական և ֆիզիկական ճնշումները՝ դիտարկելով նրան այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ