Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Պուտինին պետք է Էրդողանի «գլուխը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2015 15:59

«Վերջին տարիներին նկատելի էր ռուս-թուրքական հարաբերությունների բավականին ջերմացում, չնայած բոլորին էր հայտնի, որ ներքին խութեր գոյություն ունեն, բայց թե ՌԴ-ն, թե Թուրքիան աշխատում էին այդ խութերը չնկատել»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ 91-ական թվականներին Դավութողլին գիրք է հրատարակել, որտեղ մատնանշված են եղել թուրքական ամբիցիաները, որոնք իրենք դնում էին, որպես պետություն, որպես իշխանության գնացող քաղաքական կազմակերպություն, որի հիմքը` նեոօսմանիզմն էր, բայց անկախ ամեն ինչից` հարաբերությունները դինամիկ եւ խաղաղ են զարգացել: Ըստ Իսագուլյանի, հայ քաղաքագետները սա դիտարկում էին մի զարգացում, որի արդյունքում անպայման Հայաստանը եւ ինչու չէ նաեւ Լեռնային Ղարաբաղը, որոշակի բացասական հետեւանքներ կկրեն:

Ինքնաթիռի խոցումից հետո, երբ կտրուկ սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը, ըստ պարոն Իսագուլյանի, հասկանալի չէր եւ Թուրքիայի, եւ մնացած տերությունների համար: «Դիրքորոշումը շարունակվում է մինչեւ այսօր, ընդ որում՝ Ռուսաստանը շատ բաց թե Թուրքիային, թե աշխարհին ասում է, որ իր համար թիվ մեկ խնդիրը Էրդողանի գլուխն է` քաղաքական իմաստով»:

Գառնիկ Իսագուլյանը նաեւ նշեց, որ հիմա հայաստանյան որոշ փորձագետներ էլ ռուս-թուրքական հարաբերությունների վատացման արդյունքում փորձում են տեսնել, որ Հայաստանը դրանից կարող է տուժել եւ հիմնական փաստարկ նշվում է այն, որ պատմության ողջ ընթացքում, անկախ նրանից թե ռուս-թուրքական հարաբերությունները վատանում են, թե լավանում, վերջնարդյունքում Հայաստանը կորցնում է:

«Մենք` հայերս, պետք է հասկանանք մի բան. պատմական ամեն մի ժամանակաշրջանի համար` կապված մեր տարածաշրջանում ազդեցություն տարածող պետությունների փոխհարաբերություններից, կարողանանք ճիշտ կողմնորոշվել եւ որի հիման վրա կարողանանք օգտագործել ի շահ Հայաստանի, այսօր նաեւ Լեռնային Ղարաբաղի համար»,-ասաց պարոն Իսագուլյանը:

Նրա խոսքերով, բոլորը գտնում են, որ Թուրքիան խախտել է միջազգային օրենքը եւ իր զորքերը դուրս չի բերում Հյուսիսային Իրաքից. «Սա բավականին լուրջ մարտահրավեր է եւ շատերը կանխատեսում են նույնիսկ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, բայց ես այդ գնահատականները ինչ-որ առումով կհամարեմ չափազանցված. պատերազմ, որպես այդպիսին` լայնամասշտաբ, բացառվում է, բայց այն, որ լոկալ եւ բավականին թեժ մարտեր կարող են լինել` սա հասկանալի եւ ընդունելի է»:

Մանրամասները` տեսանյութում

 

Գառնիկ Իսագուլյանը խոսեց նաեւ Հայաստանում վերջին իրադարձությունների մասին` ասաց, որ հիմա բոլորը կասեն՝ ոչ, չգնանք իշխանության հետ համագործակցության եւ վաղը էլի կանգնելու են «կոտրած տաշտակի» առաջ: «Գնում, ուզում ես մասնակցել, ասում են, թե դու աշխատել ես Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, ես ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ եմ աշխատել: Հիմա մեղավո՞ր եմ, որ բոլոր իշխանությունների օրոք աշխատել եմ, բայց եկեք միանանք նախագահի հայտարարությանը՝ գնանք ու միասին գրենք այդ ընտրական օրենսգիրքը»:

Նա նշեց, որ ոչ մեկը իր չափ թող վիճած չլինի ո՛չ հանրապետության նախագահի, ո՛չ էլ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ. «Միշտ ինձ մոտ եղել է նույն թեզը, եթե առաջանում է մի իրավիճակ, որ կարող ենք բերել մեր մասնակցությունը եւ դրանով նպաստել նրան, ինչը, որ հետագայում քննադատում ենք՝ եկեք գնանք այդ քայլին եւ դա անենք»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031