Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը՝ ԵԺԿ երիտասարդներին. «Հայ հասարակության մեծ մասը կիսում է այն արժեքները, ինչ՝ դուք»

Դեկտեմբեր 11,2015 15:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին:

Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստանում և հույս հայտնել, որ երևանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչը, նրա համոզմամբ, կխթանի կազմակերպությանն անդամակցող տարբեր երկրների երիտասարդների միջև սերտ համագործակցության ձևավորմանն ու հետագա զարգացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է երիտասարդների հետ շփումը, ընդգծելով, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու մասնակիցների նոր և առաջադեմ գաղափարներին, ապագայի նկատմամբ երիտասարդների պատկերացումներին, ուստի, մեծագույն հաճույքով է հյուրընկալել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ին:

«Շփվելով հայ երիտասարդների հետ՝ դուք կհամոզվեք, որ ձեր կազմակերպության ազատական հայացքները, ժողովրդավարական արժեքների տարածման առաքելությունը խորթ չեն հայերին: Ի վերջո, կտեսնեք նաև, որ հայ հասարակության մեծ մասը կիսում է այն արժեքները, ինչ՝ դուք:

Որպես ԵԺԿ ընտանիքի մաս կազմող կուսակցության նախագահ, ես, իհարկե, շատ եմ կարևորում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի անդամակցությունը ձեր կառույցին՝ դիտորդ-անդամի կարգավիճակով և համոզված եմ, որ մեր երիտասարդական կազմակերպությունն իր ավանդը կբերի ձեր կառույցի զարգացման ու ամրապնդման գործին»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատրաստակամություն հայտնել պատասխանելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Երիտասարդները Հանրապետության Նախագահին խնդրել են իր մոտեցումները ներկայացնել ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգի, ՀՀ նոր Սահմանադրության առավելությունների և երկրի համար Մայր օրենքի բարեփոխումների կարևորության, Հայաստան-սփյուռք, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ:

Երիտասարդները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության համար չափազանց կարևոր և օգտակար են նման հանդիպումները, կարևոր՝ նաև ի դեմս հայ երիտասարդների, տարածաշրջանում վստահելի բարեկամներ ունենալու տեսանկյունից:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031