Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ- ում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին

Դեկտեմբեր 11,2015 15:14

Դեկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության եւ համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձեւաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2014-2015թ. գնահատման զեկույցը:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը եւ տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Փոխնախարար Հովակիմյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը 2016թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն առաքելություններին:

Իր հերթին փոխնախարար Դավիթ Տոնոյանը խոսեց ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման եւ Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով նաև նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը:

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի Զինված ուժերի միջեւ շփման գծում տիրող իրավիճակը:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Փոխնախարարները պատասխանեցին նաեւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո փոխնախարարները հանդիպեցին Քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական դեսպան Թերի Ստամատոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:

Այցի շրջանակներում փոխնախարարներ Հովակիմյանը եւ Տոնոյանը հանդիպեցին նաեւ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Մարիետ Շուրմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի իրականացման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը:

ՀՀ պատվիրակությունը հանդիպեց նաեւ ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի պաշտպանության պլանավորման ստորաբաժանման նորանշանակ տնօրեն Փոլ Սեվերոյի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031