«Զուրաբյան Լեւոնը մաթեմատիկական հաշվարկ կանի, թե՝ ի՞նչ կանի, կա հստակ փաստաթուղթ. ամեն տեղամաս ունի հանձնաժողով, ամեն հանձնաժողով կազմել է արձանագրություն ընտրությունների վերջանալուց հետո»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ ոչ իրական ձայները կազմում են 485 հազար, ուստի հանրաքվեին մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից մոտ 575 հազարը քվեարկել են «ոչ», 250 հազարը՝ «այո»:
Նշենք, որ պարոն Զուրաբյանը վստահեցրել է, որ հանրաքվեի վերաբերյալ վերլուծությունը կատարել է ֆիզիկոս, ընտրական գործընթացների վիճակագրական հետազոտությունների մասնագետ Սերգեյ Շպիլկինը, ըստ որի, հանրաքվեն կեղծվել է:
Սուքիաս Ավետիսյանը վերլուծության մասին ասաց՝ «Արձանագրությունները, վստահված անձինք, դիտորդները, ես չգիտեմ, հանձնաժողովի քաղաքական ուժերի անդամները, վերցրել են: Զուրաբյան Լեւոնը փոխանակ իրան զոռ տա, որ մաթեմատիկական հաշվարկ անի, որը չի կարողանում լավ անել, ինչ-որ ասում է՝ սխալ է դուրս գալիս միշտ: Թող բարի լինեն 1997 տեղամասերից վերցնեն բոլոր ընտրական տեղամասերի արձանագրությունները, էդ ժամանակ գումարեն-հանեն, էլ պետք չի գլխին զոռ տալ մաթեմատիկական հաշվարկ անել: Թող ստանան թիվ, հետո ասեն՝ մենք էս 1997 ընտրական տեղամասերից արձանագրությունների արդյունքում՝ ստացել ենք այս արդյունքները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ