Այսօր հրավիրած ասուլիսում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի ընտրախախտումներին:
Լրագրողների հարցին՝ ինչո՞վ եք բացատրում, որ վերահաշվարկի պահանջ հիմնականում ներկայացրել են ՀՀԿ-ականները, իսկ քրեական հանցանքի հաղորդում ներկայացրել են հիմնականում ՀԱԿ-ն ու ոչ-ի ճակատը՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Չեմ կարող բացատրել դիմումներ ներկայացնելու կամ չներկայացնելու օրինաչափությունը: Չեմ կարող ասել, որ դիմումները ներկայացրել է հիմնականում ՀԱԿ-ը, ներկայացրել են քաղաքացիները»:
Հարցին՝ Դուք ուրա՞խ եք, որ ձեր երեխաներն ապրում են այսպիսի Հայաստանում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց՝ «Անկեղծ ասած, ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ ես հայ եմ եւ իմ երեխաները հայ են: Մեր խնդիրն է, որ կարողանանք ստեղծել, ապահովել այնպիսի երկիր, որ մեր երեխաները երաշխավորված իրենց անվտանգ եւ հպարտ զգան, որ հայ են: Այս Հայաստանը ինքներս ենք այսպիսին դարձրել եւ պահում: Ինչքան որ մենք մեր երկրի համար աշխատում ենք, այդպիսի երկիր էլ ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ