Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցի եւ գյուղապետարանի շենքերի պատուհաններին պահպանվում են այս տարի տեղի ունեցած ադրբեջանական գնդակոծությունների հետքերը: Գնդակը խոցել է գյուղի դպրոցի պատուհանի ապակու առաջին շերտը եւ մնացել այնտեղ: Ադրբեջանական գնդակներից մեկը խոցել է գյուղապետարանի շենքի երկրորդ հարկի պատուհանը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի աշխատասենյակում պահպանվում են 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ադրբեջանական գնդակոծությունների եւ հրետակոծությունների ընթացքում Կոթիի վրա արձակված արկերի եւ գնդակների բեկորներ:
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպված այցի ժամանակ գյուղապետը Հայաստանի մի խումբ լրագրողներին ներկայացրեց գյուղի բնակիչների կրած վնասները՝ վնասված տանիքներ, պատուհաններ, ավտոմեքենաներ, գույք եւ այլն:
Կոթիի գյուղապետը հավաստիացրեց, որ կոթեցիներն ամուր են կանգնած հայրենի հողի վրա, ներկայումս գյուղն ապրում է բնականոն կյանքով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ