«Խախտված է հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: Եթե մինչեւ դեկտեմբերի 6-ը պայքարը գնում էր քաղաքական ուժերի, հոսանքների միջեւ՝ «Այո», թե «Ոչ» ասել նոր Սահմանադրությանը, ապա ամսի 6-ից հետո ընտրախախտումների այս զանգվածային եւ համակարգված բնույթը ստեղծել է նոր քաղաքական օրակարգ»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց «Նոր Հայաստան» խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը:
Նա, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, ասաց, որ սա նոր քաղաքական իրավիճակ է, սա դեռ ադեկվատ դասավորություն չի: «Տեսնում ենք, որ ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն դեմ են դուրս գալիս՝ անվավեր ճանաչել այս քվեարկության արդյունքները: Իսկապես մեր երկրի համար օրհասական վիճակ է. եթե խոսենք երկրի շահերից՝ անկասկած տվյալ քվեարկությունը ճանաչել անվավեր, ամենաճշգրիտ որոշումն է մեր ժողովրդի, մեր պետության համար»:
Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ եթե «Այո»-ի շտաբը գլխավորում են երկրի բարձրագույն պաշտոնյաները, բնական է, որ ընտրախախտումների որեւէ հետաքննություն չի կարող լինել բաց, օբյեկտիվ, թափանցիկ, քանի որ վարչական ռեսուրսը գտնվում է այդ մարդկանց ձեռքում եւ նրանք չեն կարող հնարավորություն տալ, որպեսզի բացահայտվի իրենց պատասխանատվությունը:
Նա նաեւ նշեց, որ այսօր տեղի կունենա երթ դեպի Ազատության հրապարակ, իսկ ամսի 14-ին՝ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, որից հետո կխոսեն հետագա քայլերի մասին՝ ավելացնելով, որ հիմա մեր ժողովրդին անհրաժեշտ է դուրս գալ փողոց:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ