Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական սրման վտանգները

Դեկտեմբեր 11,2015 14:30

Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը խոցեց Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ավիախմբին պատկանող Սու-24 ռմբակոծիչը: Այս միջադեպը Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում կտրուկ սրացման պատճառ դարձավ, ինչը իր ազդեցությունը թողեց ողջ տարածաշրջանի վրա:

Այս կապակցությամբ հնարավոր փոփոխությունների ու հավանական զարգացումների մասին խոսակցությունները շատ են նաեւ հայաստանյան հասարակության մեջ: Նշենք, սակայն, որ հայ հանրության մեջ մեր «ռազմավարական դաշնակցի» եւ «պատմական թշնամու» միջեւ հարաբերությունների սրումը ընկալվում է մեծամասամբ էմոցիոնալ հարթությունում եւ զգացվում է իրավիճակի այսպես ասած ռացիոնալ գնահատման պակաս, իսկ, քաղաքական պրագմատիզմը դեռեւս միայն բացասական ազդակներ է հաղորդում:

Եկեք քննարկենք ռուս-թուրքական հարաբերությունների սրացման՝ Հայաստանին վերաբերող էպիզոդները:

Հռետորաբանության կոշտացում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում

Ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների սրացմանը հետեւեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Բաքու: Ընդ որում՝ ԱԳ նախարարի այցը տեղի ունեցավ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիան ամեն ինչ կանի «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»:

Մինչդեռ Ռուսաստանը, ում դեմ է իրականում ուղղված Թուրքիայի այս քայլը, որոշ դեպքերում հակված է «սիրաշահել» Ադրբեջանին: Մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատության պատճառով Ադրբեջան –ԵՄ հարաբերությունների սրման, Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավելու հեռանկարի, ինչպես նաեւ էներգետիկ ու տնտեսական մի շարք փոխկապակցված շահերի ֆոնին Ռուսաստանը կորցնում է Թուրքիա-Ադրբեջան համաձայնեցված քաղաքականության պայմաններում մանեւրելու կարողությունը:  Այս հանգամանքն արդեն իսկ բավական է եզրակացնելու, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման տվյալ անկյունում հայկական կողմերը ակնկալիքներ չեն ունենա, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի հետ առճակատման չի գնա ղարաբաղյան հարցում՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությունը չկորցնելու համար:

Հայոց ցեղասպանության շահարկում

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սրվելուց հետո գրեթե անմիջապես հնչեցին հայտարարություններ՝ կապված Հայոց Ցեղասպանության հետ: Ռուսական շրջանակներում կարծիքներ եղան, որ ի պատասխան Սու-24-ը խոցելուն, Մոսկվան պետք է քայլեր ձեռնարկի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության կանչելու գործում:

Ռուսական կողմից հնչած այս հայտարարությունները, ինչպես եւ սպասելի ու ակնհայտ էր, ունեին զուտ պոպուլիստական բնույթ եւ հետագա ոչ մի լուրջ քննարկման չհանգեցրեցին: Այս հայտարարությունների օրինակով հայ հանրությունը հերթական անգամ ականատես եղավ, թե ինչպես է իր համար օրակարգային եւ ցավալի թեման քաղաքական շահարկումների թեմա դառնում:

Ռազմական կոնտինգենտ սահմաններում

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած սրացում, առավել եւս ռազմական պատճառներ ունեցող, նշանակում է սրացում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը, որպես ՀԱՊԿ անդամ, ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի անմիջական հարեւանն է եւ կոնֆլիկտի տաքացման դեպքում կարող է դառնալ պատերազմի դաշտ (առավել եւս հաշվի առնելով  ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը):

Թեեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ ռազմական կոնֆլիկտը կարելի է անհավանականների թվին դասել, այնուամենայնիվ, երկու աշխարհաքաղաքական ուժերի զորքերի այսչափ մոտիկությունը, այն էլ հատուկ լարվածության պայմաններում, չի կարող հարմարավետ լինել մեզ համար՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը պահպանում են հենց ռուսաստանցի սահմանապահները եւ ԶԼՄ-ներում պտտվում էր հայ-թուրքական սահմանին ռուսական կոնտինգենտի ավելացման մասին լուրը:

Դժվար չէ պատկերացնել, որ ռուս-թուրքական ուղիղ ռազմական բախման պարագայում Հայաստանը եւս կարող է անմասը չմնալ հետեւանքներից, առավել եւս, որ Մոսկվայում արդեն խոսում են «հայերի ձեռքով խոցված ինքնաթիռի վրեժը լուծելու» մասին: Այս հեռանկարը պետք է լրջագույն ազդակ հանդիսանա հայ հանրության համար, քանի որ ռուս-թուրքական ռազմական բախման թատերաբեմ դառնալը ոչ մի կերպ չի բխում հայկական շահերից: Ռուսական եւ թուրքական զինված ուժերի ցանկացած բախում իր հետեւից բերելու է ՀԱՊԿ պայմանագրի գործարկում, ինչը նշանակում է, որ Հայաստանը, համաձայն ՀԱՊԿ-ում իր ստանձնած պարտավորությունների, ստիպված է լինելու ներքաշվել ռուս-թուրքական հնարավոր ռազմական բախման մեջ եւ փաստացիորեն՝ պատերազմի մեջ հայտնվել ՆԱՏՕ-ի դեմ՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով:

Հ.Գ. Տնտեսական շահը գերակա է

Իհարկե, առաջին անգամը չէ, որ սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները: Ինչպես արդեն նշեցինք, Մոսկվան ու Անկարան աշխարհաքաղաքական տարբեր ճամբարներում են եւ Սու-24-ի խոցման միջադեպը նույնիսկ կարելի է օրինաչափ համարել: Բայց փաստ է նաեւ, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները գտնվում են բոլորովին այլ, շատ ավելի փոխկապակցված եւ փոխշահավետ մակարդակում: Օրինակ՝ «Թուրքական հոսք» գազատարը, որը Մոսկվայի համար բացառիկ նշանակություն ունի՝ Ուկրաինայից բացի դեպի Եվրոպա գազի մատակարարման ճանապարհ ունենալու համար: Կամ՝ Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի կառուցումը: Արդյո՞ք կկանխվի այս նախագծերի իրականացումը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացման հետ՝ դեռևս պարզ չէ:

Չնայած տնտեսական պատժամիջոցներին ու փոխադարձ սպառնալիքներին, հարաբերությունների պատմական փորձը ցույց է տալիս, որ տնտեսական շահը մշտապես ստիպել է Թուրքիային եւ Ռուսաստանին հաշտության ուղիներ փնտրել, եւ այս անգամ եւս դադարը, հավանաբար, ժամանակավոր է եւ տնտեսական մեծ կարեւորություն ունեցող նախագծերը միեւնույն է կյանքի կկոչվեն:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031