Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակի դատարանի նախագահը լսել է լրագրողների բողոքը՝ Պերմյակովի դատավարությունը ռազմազայում լուսաբանելու հետ կապված

Դեկտեմբեր 11,2015 14:28

Ինչպես հայտնի է՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու Գյումրու 102-րդ ռազմաբազայում՝ արտագնա նիստով:

Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի այս որոշումն անհանգստացրել է լրագրողներին, քանի որ նրանք արդեն մեկ անգամ առիթ ունեցել էին ռազմաբազայի դահլիճում լուսաբանելու ռուսական զինվորական դատարանի կողմից դատվող Պերմյակովի նիստը: Այստեղ բավական խոչընդոտներ էր ստեղծվել լրագրողների համար, չէին թույլատրել տեխնիկա տանել ներս, ասենք՝ համակարգիչ՝ օպերատիվ աշխատելու համար, բացի այդ, հավաքել էին հեռախոսները, իսկ դահլիճն այնքան փոքր է, զուրկ ակուստիկայից, որ ոչինչ լսել հնարավոր չէր: Նկարահանող խմբերն անգամ կանգնելու տեղ չունեին. սկսում էին միմյանց հետ վիճաբանել Պերմյակովից մեկ-երկու կադր անելու համար:

Այս պահին մտահոգող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս են լրագրողները մտնելու ռազմաբազայի տարածք՝ նախապես հավատարմագրվելո՞ւ են ռազմաբազայում, թե՞ ոչ. չէ՞ որ սա, ըստ էության, բաց դատ է ու այն պիտի ենթարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կանոններին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը իր մոտ էր հրավիրել Գյումրիի բոլոր լրագրողներին՝լսելով ու արձանագրելով նրանց մտահոգությունները: Դատարանի նախագահը խոստացավ ամեն ինչ լրագրողների օպերատիվ, անարգել աշխատանքի ապահովման ու դատավարության թափանցիկության համար: Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր լրագրող կարող է ներս տանել իր համակարգիչը կամ հեռախոսը՝ օպերատիվ աշխատելու համար:

Պարոն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ընդմիջման ժամանակ դրսում, ցրտին չկանգնելու համար, մտադիր են փոքր վրան խփել դատարանի դահլիճից դուրս, որտեղ, սակայն, դատավարությունը ուղիղ եթերով կհեռարձակվի: Այնպես որ, լրագրողը, որը մի պահ դուրս է եկել դատարանի դահլիճից, բաց չթողնի դատական նիստի այդ հատվածը:

Լրագրողները, դժգոհելով, որ ոչինչ չի լսվում դատարանի դահլիճում, նրան առաջարկեցին դինամիկ ու 4 միկրոֆոններ տեղադրել դատավորի, փաստաբանների, մեղադրողի ու նաեւ ամբաստանյալի դիմաց, որպեսզի լսելի լինի վերջիններիս խոսքը ու հարմար լինի ձայնագրություն կատարելու համար:

Թե ինչպես է կարգավորվելու լրագրողների մուտքը ռազմաբազայի տարածք, այս ու մի քանի այլ հարցերի պատասխաններ կհստակեցվեն երկուշաբթի օրը: Այդ օրը լրագրողների հետ դատարանի նախագահից բացի, կհանդիպի նաեւ դատական դեպարտամենտի նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031