Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները փոխանցեցին Լեւոն Զուրաբյանի մաթեմատիկական վերլուծությունը, ըստ որի, ոչ-ի օգտին քվեարկել են 575 հազար մարդ, այո-ի օգտին՝ 255 հազար: Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, որ սկզբում 600 հազար էին հայտարարում, հետո դարձավ 500 հազար. «Մի շաբաթ էլ համբերեք, Լեւոն Զուրաբյանը կամաց-կամաց իր մաթեմատիկական ունակություններն ավելի լավ կդրսեւորի: Չկան նման թվեր, ես խնդրում եմ, որ մեր գործիչները չմոլորեցնեն հանրությանը»:
Դիտարկմանը, որ նրանք պատրաստվում են անվավեր ճանաչել արդյունքները եւ դիմելու են ԿԸՀ՝ նա պատասխանեց. «Ինչ է, ձեզ թվում է պետք է սուսուփուս, խելոք տուն գնայի՞ն, պետք իրենց դեմքը պահեին: Եթե հանկարծ չանեին, նրանք այլեւս անելիք չունեին քաղաքական դաշտում»:
Մեր հարցին՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ընտրակեղծարարներին ցուցակագրելու են, նրանց անունները, նկարները գցեն սոցցանցեր, որ արժանանան հանրության պարսավանքին, ՀՀԿ-ն մտավախություն չունի՞ այդ հարցում՝ նա պատասխանեց. «Ես խորհուրդ կտամ, որ առաջին հերթին այդ նկարների գլխամասում նաեւ զրպարտողների, պրովոկատորների նկարները փակցնեն, որ ավելի լրացված լինի այդ ամենը»:
ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու հետ կապված Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մենք նման բանակցություն եւ նման քննարկումներ մեր կուսակցությունում չենք արել: ՀՀԿ-ն որեւէ անգամ չի խուսափել կոալիցիաներից»:
Կարդացեք նաև
«Որեւէ քաղաքական ուժ անմահ չէ»-ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում ռեժիմի մահը, որը կանխատեսում է «Նոր Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ