Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին կարդացին մի մեջբերում, որն ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ 2014-ին: Ըստ այդ հայտարարության, Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում էր, որ «Սահմանադրական փոփոխությունները փաթաթվում են ժողովրդի վզին, որպեսզի իշխանությունը եւս 10 տարի ղեկավարի երկիրը»:
Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ այն, ինչ ասվել է տվյալ պահին՝ ճիշտ է ասվել: Հիմա ԲՀԿ-ն գտնում է, որ Սահմանադրական փոփոխությունները երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու քայլ է. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում»:
Աղվան Վարդանյանը պետբյուջեի քվեարկության հետ կապված ասել էր, որ կլինեն ուժեր, որոնք հերոսաբար «այո» եւ հերոսաբար «ոչ» կքվեարկեն, ԲՀԿ-ն էլ հերոսաբար «այո» քվեարկե՞ց՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Հերոսություններ անելու մասին հայտարարությունները ես չեմ մեկնաբանում, բայց մերժում եմ Աղվան Վարդանյանի տեսակետը: Անցած տարիների ընթացքում, սա աննախադեպ դեպք է, որ բյուջեն ստանում է 97 կողմ: Կա կոնսենսուս, բայց կոալիցիայի հետ կապված չէ: ԲՀԿ-ն գտավ, որ կառավարությանը պետք է շանս տալ, ինքը պետք է իրեն ամուր զգա, բայց պետք է հետեւողական լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ