«Չկա որևէ ընտրատեղամաս, որտեղ «այո»-ն հաղթել է օրինական»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա մի առաջարկ ներկայացրեց Սերժ Սարգսյանին և «նրա հանցավոր ռեժիմի խոսնակ» Էդուարդ Շարմազանովին. «Եթե իրենք ստախոս և ընտրակեղծարար չեն, առաջարկում եմ պատահական ընտրանքով բացել հինգ տեղամաս, որտեղ հաղթել է «այո»-ն և վերլուծել ցուցակները: Կտեսնեք, որ դրանք հիմնովին կեղծված են»:
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ընտրակեղծարարները ընտրողների ցուցակները հենց դրա համար էլ պահում են որպես ամենամեծ պետական գաղտնիք:
Այն դիտարկմանը, թե իշխանությունը ընտրակեղծիքների մեջ մեղադրում է ընդդիմությանը, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Գալուստ Սահակյանն էլ մի հանճարեղ միտք հայտնեց, որ փաստորեն բոլոր ընտրակեղծիքները կազմակերպել է Կոնգրեսը՝ ընտրությունները վարկաբեկելու նպատակով: Ի՞նչ ասեմ այս մարդկանց մակարդակի մասին, որ նորություն լինի ձեզ համար: Չեմ կարող որևէ միտք այդ ուղղությամբ հայտնել»:
Կարդացեք նաև
Լևոն Զուրաբյանն ի պատասխան հարցի՝ չժխտեց, որ որոշ ընտրատեղամասերում իրենք ձախողել են. «Համարում եմ, որ մեր Մեծամորի կառույցը տապալել է»: Հանրաքվեի արդյունքները վիճարկելու հետ կապված սահմանադրական դատարան դիմելու հարցը ևս բարձրացվեց:
Հարցին՝ արդյոք կարո՞ղ է ՀԱԿ-ը նոր սահմանադրությամբ նախատեսված՝ պատգամավորների համապատասխան թվով ստորագրություններ հավաքել, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Տեղի է ունեցել խայտառակ հանրաքվե, համացանցը լիքն է համատարած օրինախախտումների մասին հաղորդումներով: Այս վիճակում, երբ մեր արածը ընդամենը լինելու է բոլոր այս խախտումերի արձանագրությունը մեկ փաստաթղթի մեջ ներկայացնելը ՍԴ-ին, ինձ համար ակնհայտ է մի պարզ իրողություն. ով միանում է դրան, նա ժողովրդի կողքին է և մտահոգված, ով ոչ՝ ինքը դառնում է ընտրակեղծարար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի