Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «ՀՀԿ-ն միակն է, որ օգտվել է վճարովի եթերաժամից» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2015 13:52

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ն իրականացրել է երկու մոնիթորինգ՝ նպատակադրվելով ներկայացնել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավի ընթացքում քաղաքական գործիչների ասուլիսների լուսաբանումը, ինչպես նաեւ՝ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում խորհրդարանական խմբակցությունների անվճար եւ վճարովի քարոզչությունը: Արդյունքներն այսօր ներկայացվեցին լրագրողներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ կոմիտեի աշխատակիցներն այցելել են մամուլի ակումբներ եւ արձանագրել, թե հեռուստաընկերություններն ինչպես են լուսաբանել հանրաքվեի հետ կապված ասուլիսները եւ արդյոք նկարահանված նյութը ցուցադրվել է եթերում. «Այս ուսումնասիրության առավելությունն այն է, որ ցույց է տալիս ոչ միայն լրատվամիջոցի աշխատանքը, այլեւ քաղաքական ուժի մասնակցությունը: Այս ընթացքում տեղի է ունեցել 110 մամուլի ասուլիս, որոնց մասնակցել են 172 բանախոսներ տարբեր քաղաքական ուժերից»:

Ըստ հետազոտության՝ Հանրապետական կուսակցությունն ակտիվությամբ ակնհայտ առավելություն է ունեցել, այդ կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են 39 մամուլի ասուլիսների. «Մյուս քաղաքական ուժերը միասին 1,5 անգամ պակաս մասնակցություն են գրանցել: Նույնը վերաբերում է նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին: 110 ասուլիսներից 66-ին մասնակցել են նաեւ հասարակական գործիչներ եւ մտավորականներ»,-տեղեկացրեց Աշոտ Մելիքյանը:

Նրա գնահատմամբ՝ հեռուստաընկերությունների ակտիվությունը բավարար չէր, ասուլիսներին պատշաճ ուշադրություն չի հատկացվել. «Ավելի շատ անդրադարձել է «Կենտրոնը», որն այցելել է 65 ասուլիսի, լուսաբանել՝ 55-ը: Միշտ չէ, որ այցելել՝ նշանակում է լուսաբանել: Մնացած հեռուստաընկերությունները՝ «Արարատ»-ը, «Հանրային հեռուստաընկերությունը, «Ար»-ը, Հ3-ը, «Շանթը», Հ2-ը, «Երկիր մեդիան», «Արմենիա»-ն, «Արմնյուզ»-ը, ավելի քիչ են լուսաբանել: «Արմենիա»-ն լուսաբանել է 8, իսկ «Արմնյուզ»-ը՝ 1 ասուլիս, որի բանախոսներն էին հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը եւ պրոդյուսեր Կարեն Քոչարյանը: Առհասարակ, հանրաքվեն կարեւորագույն քաղաքական իրադարձություն է, եւ ցանկացած ասուլիս պետք է ուշադրության արժանանա: Այն առիթ է իմանալու, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր քաղաքական ուժերը»:

Բանախոսը տեղեկացրեց, որ գերակշռող են եղել «Այո»-ի ասուլիսները, իսկ հեռուստաընկերությունների կողմից ակնհայտ կողմնակալության 1-2 դեպք է գրանցվել. «Բանավիճողներից մեկը միտք արտահայտեց, որը լուսագրում սյուժեի ժամանակ ցույց էր տրվում՝ անգամ այն ժամանակ, երբ ընդդիմախոսն էր կարծիք արտահայտում: Դա կողմնակալություն է»:

Մյուս ուսումնասիրությամբ պարզվել է, թե քաղաքական ուժերը որքանով են օգտվել հեռուստառադիոեթերից: Նշենք, որ օրենքով նախատեսված է քաղաքական ուժերին Հանրային հեռուստաընկերությամբ տրամադրել 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի, իսկ հանրային ռադիոյով՝ 120 րոպե անվճար եւ 180 րոպե վճարովի եթերաժամանակ: Աշոտ Մելիքյանն արձանագրեց, որ քաղաքական ուժերին եթերաժամ տրամադրելու հաջորդականությունը ճշտորեն պահպանվել է բացառությամբ մի դեպքի. «Հանրային ռադիոյում ՀԱԿ-ից հետո պետք է հանդես գար «Ժառանգությունը», սակայն դրա փոխարեն ՀԱԿ-ի ձայնագրությունը երկրորդ անգամ հեռարձակվեց: Անգամ եթե «Ժառանգությունը» չէր նախատեսել քարոզչական խոսք ասել, պետք էր անցնել հաջորդին, ոչ թե կրկնել ՀԱԿ-ինը»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ եթերաժամանակ օգտագործելու տեսանկյունից եւս առավելությունը ՀՀԿ-ինն է եղել. «Անվճար եւ վճարովի եթերից ամբողջությամբ օգտվել է ՀՀԿ-ն, մյուսները օգտվել են անվճարից: Հանրային հեռուստաընկերությամբ առավելապես հանդես է եկել ՀՀԿ-ն: Իսկ Հանրային ռադիոյի դեպքում ՀՀԿ-ն միակն է, որ օգտվել է վճարովի եթերաժամից: Իսկ «Օրինաց Երկիր»-ը անգամ անվճար եթերից չի օգտվել»:

Հավելենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայումս իրականացնում է նաեւ հանրաքվեին հաջորդող շրջանում քաղաքական գործիչների արձագանքի մոնիթորինգ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031