«Բոլոր խախտումների հեղինակները պետք է օրենքի խստությամբ պատժվեն, որպեսզի նաեւ դաս լինի: Միշտ եղել են մարդիկ, որոնք փորձել են ընտրակաշառքով հարց լուծել: Այս հանրաքվեի ժամանակ վախենում էին, զգուշանում էին, սա մթնոլորտ փոխելու համար շատ կարեւոր է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սահմանադրական հանրաքվեին այսպիսի գնահատական տվեց:
Լրագրողների դիտարկմանը, որ սոցցանցերում հետեւեք, տեսեք ինչեր են մարդիկ ասում, քննադատում են ՀՅԴ-ին, որ գնաց դրան՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Եկեք 2 բան տարբերենք՝ օբյեկտիվ իրականությունն ու վիրտուալ ցանցերը: Սոցցանցերի օգտատերերի որ մասն է պատրաստ իր անձնական իրավունքները պաշտպանել եւ օրինակ, որպես ոչ-ի ճակատի կողմնակից հանդես գալ, մի բան է սոցցանցերում արտահայտվելը, մի բան է իր իրավունքները պաշտպանելը»:
Աղվան Վարդանյանը վստահ է, որ ՀՅԴ-ի հեղինակությունը հանրաքվեի մասին դիրքորոշման արդյունքում չի փոխվել, միեւնույն է, չի եղել ամիս, որ ՀՅԴ-ին չքննադատեն. «Մենք երբեք ամբոխավար չենք եղել: Քննադատությունը սպանում է, եթե դու դրան պատրաստ չես, չունես քո արժեքները»:
Aravot.am-ի հարցին՝ նախորդ ընտրություններում ՀՅԴ-ն միասնական շտաբում հայտարարում էր, որ այս ընտրակեղծարար մեխանիզմի դեմը պետք է առնենք, որ իշխանությունները միշտ կեղծում են ընտրությունները,հիմա ի՞նչ եղավ, որ չի կեղծել, ըստ ձեզ, այդ իշխանությունը փոխվե՞ց՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հանրաքվեի ժամանակ այլ իրավիճակ է. «Մենք չէինք կարող միասնական շտաբ այս անգամ ստեղծել ընդդիմության ներկայացուցիչների հետ, որովհետեւ նրանք Սահմանադրական փոփոխություններին դեմ էին, մի մասը՝ նախկինում կողմ լինելով: Հանրաքվեի պարագայում չի կարող բաժանարար գիծն անցնել ընդդիմության եւ իշխանության միջեւ: Մենք 20 տարի հետապնդել ենք, ամեն ինչ արել ենք, որ այս Սահմանադրությունն անցնի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ քառօրյայի ընթացքում պետբյուջեի քվեարկության հետ կապված Դուք ասացիք, որ կլինեն ուժեր, որոնք հերոսաբար այո եւ հերոսաբար ոչ կքվեարկեն, ո՞ւմ նկատի ունեիք՝ նա պատասխանեց. «Նկատի ունեինք այն ուժերին, որոնք որոշ ժամանակ առաջ բոլոր հարցերին կողմ էին քվեարկում, այսօր բոլոր հարցերին դեմ են քվեարկում: Եվ այն ուժ-երին, որոնք որոշ ժամանակ առաջ դեմ էին քվեարկում, այսօր կողմ են քվեարկում: Դուք հրաշալի գիտեք այդ անունները, նրանք մեր քաղաքական կյանքի կարկառուն ներկայացուցիչներն են, եւ ես չեմ ուզում իմ անձնական հարաբերությունները չփչացնել նրանց հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ