Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Քոչարյան. Առաջադեմ մարդկությունը իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին

Դեկտեմբեր 11,2015 13:09

Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լիբանանում հավատարմագրված դեսպանների այցելությունը Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյանի» անվ. թանգարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ զետեղեցին դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի շիրիմին:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, մասնավորապես, նշեց, որ այցելությունը տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ միջազգային հանրությունը պաշտոնապես նշեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Նա հավելեց, որ վերջինս Հայաստանի նախաձեռնությունն էր, որի արդյունքում սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած համապատասխան բանաձևը՝ ուղղված ցեղասպանության ոճրի դեմ միջազգային գործողությունների խթանմանն ու համախմբմանը:

Դեսպանը ընդգծեց, որ ընթացիկ տարվա ընթացքում առաջադեմ մարդկությունը իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշեց, որ այս տարի նշվում է նաև Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաև Պոնտոսի հույների, ասորիների և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները: Դեսպանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից գործած նմանատիպ հանցագործությունների հանդեպ:

Դեսպան Քոչարյանը թվարկեց այն հիմնական ուղղությունները, որոնց խորհրդով ընթացիկ տարում ամբողջ աշխարհում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. դրանք են՝ հարգանքի տուրք նահատակների հիշատակին, երախտագիտություն հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և միջազգային կառույցներին, միջազգային պայքար և վերածնունդ: Դեսպանը շեշտեց միասնականության և համերաշխության կարևորությունը ապագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Այնուհետև ներկաները շրջայց կատարեցին հաստատության տարածքով, այցելեցին թանգարան, որտեղ ցուցադրված են բազմաթիվ փաստագրական նյութեր Հայոց Ցեղասպանության, որբանոցի հիմնադրման և Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեության վերաբերյալ:

Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը ներկաներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները և ներկայացրեց մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:

Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Բեյրութի դիվանագիտական կորպուսի ղեկավար, պապական նվիրակը, Լիբանանի ԱԳ և մշակույթի նախարարների ներկայացուցիչները, Լիբանանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Բեյրութում հավատարմագրված երկրների դեսպաններ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031